Մեր մասին Էթիկա











Տնտեսություն

Կլիմայի փոփոխությունը փոխում է գյուղատնտեսության խաղի կանոնները Հայաստանում և Ադրբեջանում

Կլիմայի փոփոխությունը հաճախ ընկալվում է որպես բնապահպանական խնդիր։ Սակայն իրականում այն գնալով վերածվում է տնտեսական գործոնի, որն ազդում է արտադրության, եկամուտների և նույնիսկ երկրների կայունության վրա։

Հայաստանի և Ադրբեջանի դեպքում այս ազդեցությունն առավել տեսանելի է գյուղատնտեսությունում։ Երկու երկրներում էլ այս ոլորտը շարունակում է մնալ գյուղական բնակչության հիմնական զբաղվածության աղբյուրներից մեկը և կարևոր դեր ունի պարենային անվտանգության գործում։

Սակայն ջերմաստիճանի աճը, ջրի պակասը և եղանակային ծայրահեղ երևույթների հաճախակիությունն արդեն փոխում են խաղի կանոնները։

Ի՞նչպես է ազդում կլիմայի փոփոխությունը երկու երկրներում

 Հայաստանում կլիմայական փոփոխություններն արձանագրվում են ոչ միայն կանխատեսումներով, այլ նաև երկարաժամկետ դիտարկումներով։ 1929–2016 թթ. միջին տարեկան ջերմաստիճանը երկրում բարձրացել է 1.23°C-ով, իսկ 1935–2016 թթ. միջին տարեկան տեղումները նվազել են մոտ 9%-ով։

Նույն զեկույցում նաև նշվում է, որ մինչև 2100թ․ բարձր արտանետումների դեպքում, Հայաստանի միջին տարեկան ջերմաստիճանը կարող է բարձրանալ մոտ 4.7°C-ով՝ 1961–1990 թթ. բազային շրջանի համեմատ, մինչդեռ միջին տարեկան տեղումները կարող են նվազել մոտ 8.3%-ով։ Այսինքն՝ Հայաստանը գնում է դեպի ավելի տաք, որոշ շրջաններում՝ ավելի չոր կլիմա, ինչի նկատմամբ հատկապես զգայուն է գյուղատնտեսության ոլորտը, քանի որ շոգ և չոր կլիման միաժամանակ ազդում է և՛ հողի խոնավության, և՛ ոռոգման պահանջարկի, և՛ բերքատվության վրա։

Նույնն է պատկերը Ադրբեջանի դեպքում, թեև տեղումների մասով անորոշությունն ավելի մեծ է։ Ադրբեջանում ջերմաստիճանն առաջիկա տասնամյակներին շարունակելու է աճել, իսկ 2100թ․-ին տարբեր սցենարներով աճը կարող է կազմել 2-4°C։

Նույն աղբյուրը նշում է նաև, որ հատկապես արևմտյան շրջաններում մինչև 2050թ․-ը տաքացումը կարող է հասնել 2.49°C-ի, ինչը կհանգեցնի առավել խիստ ջրային սակավության։ Այսպիսով, երկու երկրներն էլ շարժվում են դեպի ավելի շոգ կլիմա։

Գյուղատնտեսություն սոցիալական կարևորություն, տնտեսական սահմանափակումներ

Ադրբեջանում գյուղատնտեսության ոլորտում զբաղված է աշխատուժի ավելի քան մեկ երրորդը, սակայն դրա ներդրումը տնտեսության մեջ համեմատաբար փոքր է։ 2023-ի տվյալներով՝ այն կազմում է զբաղվածության 35.5%-ը, բայց համախառն ներքին արդյունքի՝ ընդամենը 5.5%-ը։

Այս անհամաչափությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսությունը սոցիալական առումով կարևոր դեր ունի՝ ապահովելով զբաղվածություն, սակայն տնտեսապես մնալով ոչ բավարար արդյունավետ։

Նման պատկեր է նաև Հայաստանում։ 2023-ին Հայաստանում զբաղվածությունը գյուղատնտեսությունում կազմել է 52.3%, իսկ ՀՆԱ-ն՝ 8.5%, ինչը նշանակում է, որ ոլորտը պահպանում է իր սոցիալական գործառույթը, բայց շարունակում է մեծապես կախված մնալ բնական պայմաններից։

Գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների փորձագետ, ՅՈւՍՏՈւՍ հետազոտական և խորհրդատվական հիմնադրամի ղեկավար Էմիլ Գևորգյանի խոսքով՝ խնդիրը նաև այն է, թե ինչպես է պետությունը պատկերացնում ոլորտի դերը։

Նրա գնահատմամբ՝ գյուղատնտեսությունը պետք է դիտել ոչ միայն որպես եկամուտ ստեղծող ոլորտ, այլ առաջին հերթին՝ որպես պարենային անվտանգության հիմք։

Նա նշում է, որ հատկապես այս տարածաշրջանում պետությունը չի կարող ամբողջությամբ ապավինել այն տրամաբանությանը, որ բարձրարժեք արտադրանք կարտադրի և դրա հաշվին կներմուծի բնակչությանն անհրաժեշտ հիմնական սնունդը։

Եթե գյուղատնտեսությունը դիտվի որպես ռազմավարական ոլորտ, ապա կփոխվեն նաև քաղաքականության գործիքները՝ սկսած մշակաբույսերի բաշխումից, վերջացրած տեղական արտադրության խթանմամբ։

Ոլորտում առկա անհամաչափության մասին խոսում են նաև Ադրբեջանի մասնագետները։ Տնտեսագետ Խալիդ Քերիմլին նշում է, որ թեև պաշտոնական տվյալներով՝ գյուղատնտեսությունում զբաղված է աշխատուժի մոտ 40%-ը, ոլորտի ներդրումը ՀՆԱ-ում մնում է շատ ցածր, ինչը վկայում է արտադրողականության սահմանափակ լինելու մասին։

Նրա խոսքով՝ խնդիրը միայն զբաղվածության թվերի մեջ չէ, այլ նաև, որ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ ցածր արդյունավետության ոլորտ՝ հենված հնացած մեթոդների և կլիմայական աճող ռիսկերի վրա։

Արտադրություն կա, բայց ինքնաբավություն չկա

Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրությունը կենտրոնացած է մի քանի հիմնական մշակաբույսերի վրա։ 2023 թ-ին երկրում արտադրվել է մոտ 3.2 մլն տոննա հացահատիկ, որից շուրջ 1.8 մլն տոննան՝ ցորեն։ Բացի այդ, զգալի են նաև կարտոֆիլի, լոլիկի, խաղողի և բամբակի արտադրության ծավալները։

Թվերը ցույց են տալիս, որ երկիրն ունի արտադրական ներուժ, սակայն միևնույն ժամանակ այն շարունակում է կախված մնալ ներմուծումից։ 2023 թվականին Ադրբեջանը ներմուծել է շուրջ 2.6 մլրդ ԱՄՆ դոլարի գյուղատնտեսական արտադրանք, որի մեջ ցորենը կազմում է մոտ 11.8%։

Սա նշանակում է, որ նույնիսկ տեղական արտադրության առկայության պայմաններում պարենային համակարգը ինքնաբավ չէ։ Նման կախվածությունը կլիմայական ռիսկերի պայմաններում կարող է խորանալ։

Այս ֆոնին Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Իլհամա Գադիմովան ընդունել է, որ ոլորտի առաջընթացի համար միայն արտահանման աճը բավարար չէ։

Նրա խոսքով՝ իրական աճի համար անհրաժեշտ են արմատական քայլեր՝ ենթակառուցվածքների արդիականացում, հողի արդյունավետ օգտագործում, նորարարական տեխնոլոգիաների ներդրում և պետական աջակցության մոտեցումների վերանայում։ Այս դիտարկումը կարևոր է, քանի որ ցույց է տալիս՝ խնդիրը դիտարկվում է ոչ միայն փորձագիտական, այլ նաև պետական մակարդակում։

Հայաստանում նույնպես այսպիսի խնդիր կա, բայց այն ունի իր առանձնահատկությունները։

Փորձագետ Էմիլ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում կան գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալներ՝ հողային պայմանների բազմազանության և կլիմայական գոտիների տարբերության շնորհիվ, սակայն այդ առավելությունները հաճախ չեն վերածվում համակարգված արդյունքի։

Նրա գնահատմամբ՝ խնդիրը ոչ թե ռեսուրսների պակասն է, այլ այն, որ գյուղատնտեսության նկատմամբ մոտեցումը հաճախ մնում է հատվածական, ոչ թե համակարգային։

Սա կարևոր դիտարկում է, որովհետև ցույց է տալիս, որ Հայաստանում բնական պոտենցիալը դեռևս ինքնաբերաբար չի վերածվում կայուն պարենային ինքնաբավության, այնպես, ինչպես Ադրբեջանում արտադրության առկայությունը դեռ չի վերացնում կախվածությունը ներմուծումից։

Ջուրը՝ հիմնական սահմանափակող ռեսուրս

Կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության վրա առաջին հերթին արտահայտվում է ջրի միջոցով։ Երկու երկրներում էլ ոռոգումն առանցքային դեր ունի, սակայն համակարգերը հաճախ հնացած են և անարդյունավետ։

Հայաստանում, ըստ Համաշխարհային բանկի 2024 թ-ի գնահատականների, ոռոգման համակարգերում ջրի կորուստները կարող են հասնել 20-67%-ի։ Սա նշանակում է, որ ջրի զգալի մասը չի հասնում մշակաբույսերին։ Պաշտոնական տվյալներն էլ են ցույց տալիս, որ խնդիրը ոչ միայն ռեսուրսի, այլ նաև բաշխման և կառավարման մեջ է։

Շրջակա միջավայրի նախարարության 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանում տարեկան ջրառը կազմել է շուրջ 3,3 մլրդ խորանարդ մետր, որից օգտագործվել է մոտ 2,6 մլրդ-ը։ Մոտ 732 մլն խորանարդ մետր ջուր, այսինքն՝ ավելի քան 22%-ը, կորել է համակարգում՝ մինչև վերջնական օգտագործում հասնելը։ Միևնույն ժամանակ, օգտագործված ջրի 86.2%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, ձկնաբուծությանը և անտառտնտեսությանը, ինչը նշանակում է, որ հենց այս ոլորտներն են առավել զգայուն ջրի կորուստների և կլիմայական փոփոխությունների նկատմամբ։

Պատկերը նույնն է նաև Ադրբեջանում։ Ջրային ռեսուրսների պետական գործակալության ներկայացուցիչ Ռիադ Ախունդզադեն 2026 թ-ի փետրվարին հայտարարել է, որ երկրի ջրամբարներում առկա է մոտ 16–17 մլրդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ տարեկան սպառումը կազմում է 11–12 մլրդ խորանարդ մետր։ Նրա գնահատմամբ՝ սա նշանակում է, որ պաշարները բավարար են ընդամենը մոտ մեկ տարվա համար, և այդ ծավալը երկարաժամկետ առումով բավարար չէ։ Նա նաև նշել է, որ ջրի կորուստների զգալի մասը կապված է մաշված ենթակառուցվածքների հետ, և արդյունավետ կառավարումն ու կորուստների նվազեցումը դարձել են առաջնահերթություն։

Հայկական կողմից նույն խնդիրը ձևակերպվում է ավելի լայն։

Էմիլ Գևորգյանի խոսքով՝ ջրի հարցը Հայաստանում միայն ջրի պակասի մեջ չէ, այլ նաև կառավարման՝ սկսած բաշխման անարդյունավետությունից մինչև ջրի որակի հետ կապված ռիսկեր։

Գևորգյանը օրինակ է բերում Սևանի ավազանի աղտոտման խնդիրները և Արարատյան դաշտի երկարամյա ջրային ճնշումը՝ նշելով, որ «ջրի խնդիրը չի լուծվում միայն ավելի շատ ռեսուրս ունենալով․ այն պահանջում է վերահսկողություն, մոնիթորինգ և համակարգային բարեփոխումներ»։

Նրա խոսքով՝ կաթիլային ոռոգումը կարևոր գործիք է, բայց ոչ ամբողջական լուծում։ «Նախ պետք է հասկանալ՝ որքան ջուր է իրականում հասնում համայնքներ, և ինչ վիճակում են ջրատարները, ու միայն դրանից հետո անցնել տեխնոլոգիական փոփոխությունների», – համոզված է փորձագետը։

Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից Հանրային խորհրդի անդամ, էկոլոգ Ռովշան Աբբասովն իր հերթին նշում է, որ Ադրբեջանում արտադրվող սննդի ավելի քան 90%-ը ստեղծվում է ոռոգման ջրի հաշվին, մինչդեռ ոռոգման համակարգերում ջրի կորուստները գերազանցում են 50%-ը։ Նրա խոսքով՝ երկիրը դեռ շարունակում է օգտագործել հնացած մեթոդներ, և առանց տեխնոլոգիական անցման՝ հատկապես կաթիլային և ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրման, ջրի պահանջարկը շարունակելու է աճել, իսկ կորուստները՝ խորանալ։

Հետևաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում խնդիրը միայն ջրի ֆիզիկական պակասը չէ։ Երկու դեպքում էլ ջուրը վերածվում է տնտեսական սահմանափակող ռեսուրսի՝ հատկապես այն ժամանակ, երբ կլիմայական ճնշումը գումարվում է հնացած ենթակառուցվածքներին, բարձր կորուստներին և կառավարման ոչ բավարար արդյունավետությանը։

Կլիմայի փոփոխությունն արդեն ազդում է բերքի վրա

Կլիմայի փոփոխությունն ազդում է ոչ միայն ջրի հասանելիության, այլ նաև անմիջապես բերքատվության վրա։

Հայաստանում, ըստ Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի չորրորդ ազգային հաղորդման (NC4, 2020), կանխատեսվում է, որ մինչև 2050թ․ կարող է նվազել ցորենի, կարտոֆիլի և խաղողի բերքատվությունը։

Ադրբեջանում, ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, ռիսկի տակ են գտնվում հատկապես ցորենը, բամբակը և մի շարք պտղատու մշակաբույսեր։

Այս փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն ջերմաստիճանի աճով, այլ նաև տեղումների անկանխատեսելիությամբ և երաշտների հաճախականության աճով։

Ադրբեջանցի տնտեսագետ Խալիդ Քերիմլին ևս կլիմայական ռիսկերը դասում է ոլորտի հիմնական մարտահրավերների շարքում՝ նշելով անկայուն եղանակը, կլիմայի փոփոխությունը և հնացած գյուղատնտեսական մեթոդները որպես գործոններ, որոնք խաթարում են արտադրողականության աճը։

Գյուղատնտեսության վրա կլիմայական և կառավարման խնդիրների համակցված ազդեցությունը հատկապես տեսանելի է անասնաբուծության մեջ։

Գյուղատնտեսության փորձագետ Վահիդ Մահեռամլին Ադրբեջանից, մեկնաբանելով կաթի ու սերուցքի ներմուծման աճը երկրում՝ նշել է, որ Ադրբեջանում շարունակում է գերակշռել էքստենսիվ մոդելը՝ մեծաքանակ, բայց ցածր արտադրողականությամբ անասնագլխաքանակով։ Նրա խոսքով՝ նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանում կովերի թիվը զգալիորեն շատ է, քան, օրինակ, Իսպանիայում, կաթի արտադրությունը մի քանի անգամ պակաս է, ինչը վկայում է ոչ թե ռեսուրսների պակասի, այլ արդյունավետության ցածր մակարդակի մասին։

Էմիլ Գևորգյանը համոզված է, որ բերքի անկումը միշտ չէ, որ ուղիղ կապ ունի կլիմայի փոփոխության հետ․ նույնիսկ բարենպաստ կլիմայական պայմաններով տարվա ընթացքում կարող են լինել զգալի կորուստներ վատ տեխնիկայի, ենթակառուցվածքների կամ գիտելիքի պակասի պատճառով։

Նրա գնահատմամբ՝ կլիմայական ճնշումը հաճախ պարզապես արագացնում է արդեն գոյություն ունեցող կառավարման խնդիրների ազդեցությունը։

Ոլորտի մասնագետները նաև նշում են, որ որոշ ֆերմերներ մասամբ հարմարվում են փոփոխություններին։ Նրանք փոխում են մշակաբույսերը, սորտերը կամ ցանքաշրջանառությունը, քանի որ որոշ գոտիներում արդեն հնարավոր է աճեցնել այն, ինչը նախկինում չէր աճում, իսկ մյուսներում ավանդական մշակաբույսերը դառնում են ավելի խոցելի։

Ծայրահեղ եղանակային երևույթների տնտեսական վնասները

 Կլիմայական փոփոխություններն արտահայտվում են նաև ծայրահեղ եղանակային երևույթներով, որոնք արդեն ունեն տնտեսական հետևանքներ։

Հայաստանում, ըստ նույն NC4 զեկույցի, երաշտները, կարկուտը և ցրտահարությունները զգալի վնաս են պատճառում գյուղատնտեսությանը։ Որոշ տարիների այդ վնասները հասնում են տասնյակ միլիարդ դրամների։

Այս երևույթները ոչ միայն նվազեցնում են բերքը, այլ նաև մեծացնում գյուղատնտեսության ռիսկայնությունը՝ հատկապես փոքր ֆերմերային տնտեսություններում։

Այս ռիսկայնության ֆոնին Հայաստանի համար ավելի կարևոր է դառնում ոչ միայն վնասների հաշվառումը, այլ նաև կլիմային հարմարվող ջրային ու ոռոգման համակարգերի վերակառուցումը։ 2025 թ-ի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» նախագծում նշվում է, որ ծրագիրը միտված է բարձրացնելու ջրային ծառայությունների կայունությունն ու հուսալիությունը, արդիականացնելու ոռոգման և ջրամատակարարման ենթակառուցվածքները և բարելավելու կլիմայի կանխատեսման ու կառավարման կարողությունները։

Փաստաթուղթը նաև արձանագրում է, որ Հայաստանի ջրային ոլորտում կան մի շարք առաջնահերթ մարտահրավերներ՝ պատշաճ խմելու ջրի մատակարարման բացակայություն ավելի քան 500 գյուղական բնակավայրերում, մեծ կորուստներ ոռոգման  համակարգերում, Արարատյան արտեզյան ավազանի ճնշում, ջրի օգտագործման սահմանափակ մոնիտորինգ և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երաշտների, ջրհեղեղների ու ծայրահեղ շոգի նկատմամբ ցածր դիմակայունություն։

Ադրբեջանում փորձագիտական դաշտում ևս խոսվում է այն մասին, որ կլիմայական ռիսկերն այլևս միայն բնապահպանական թեմաներ չեն։ Դրանք ուղիղ կերպով կապված են արտադրության ծախսերի, եկամտաբերության և պարենային համակարգի հետ։ Այս առումով, արդեն իսկ արձանագրվում է, որ գյուղատնտեսությունը դժվարանում է դիմանալ ոչ միայն ջրի պակասին, այլև անկայուն եղանակի և ցածր արդյունավետության հասցրած հարվածներին։

Ընդհանուր մարտահրավերներ՝ տարբեր պայմաններում

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների կառուցվածքային տարբերություններին, գյուղատնտեսության ոլորտում նրանց առջև ծառացած խնդիրները մեծապես համընկնում են։

Դրանք են՝ ջրի սահմանափակ հասանելիությունը, հողի դեգրադացիան, կլիմայական ռիսկերի աճը և արտադրողականության սահմանափակումները։

Տարբեր են մոտեցումները և քաղաքականությունները, սակայն հիմնական մարտահրավերը նույնն է՝ ինչպես պահպանել գյուղատնտեսության կայունությունը փոփոխվող կլիմայի պայմաններում։

Եթե ադրբեջանցի փորձագետները շեշտում են ոռոգման ջրից չափազանց մեծ կախվածությունը, ջրի բարձր կորուստները և արտադրողականության ցածր մակարդակը, ապա հայկական կողմում այս շղթան բաղկացած է ջրի անարդյունավետ կառավարումից, մասնատված հողերից, չմշակվող տարածքներից և ոչ ամբողջական ռազմավարությունից։ Թեև երկու երկրների ինստիտուցիոնալ միջավայրերն ու քաղաքական հռետորաբանությունը տարբեր են, եզրահանգումը նույնն է. կլիմայի փոփոխությունը հարվածում է ոչ թե կայացած համակարգերին, այլ արդեն իսկ խոցելի ու անարդյունավետ գյուղատնտեսական կառուցվածքներին

Ի՞նչ է սպասվում ռեսուրսների համար պայքարից դեպի «կլիմայական դիվանագիտություն»

Եթե կլիմայի ներկայիս միտումները պահպանվեն, ապա բերքը կշարունակի նվազել, կաճի պարենային կախվածությունը՝ հանգեցնելով գյուղական եկամուտների անկման։

Սակայն կա մի կարևոր հանգամանք․ Հայաստանը և Ադրբեջանը ունեն նմանատիպ կլիմայական գոտիականություն և կիսում են նույն ջրային համակարգերը։ Տարածաշրջանի գետերը ձևավորվում են նույն լեռնային գոտիներում, իսկ ջրային հոսքերի մի մասը կախված է նաև վերին հոսքերի կառավարման նախագծերից։ Ջուրը, որը տասնամյակներ շարունակ դիտվել է որպես հակամարտության և վերահսկողության գործիք, կլիմայի փոփոխության պայմաններում դառնում է ընդհանուր մարտահրավեր։

Ապագան որոշվելու է ոչ թե «ավելի շատ ռեսուրս ունենալու», այլ «եղածն ավելի խելացի օգտագործելու» կարողությամբ։ Սա վերաբերում է թե՛ առանձին պետություններին, թե՛ ողջ տարածաշրջանին։

Ըստ փորձագետ Գևորգյանի՝ տարածաշրջանին անհրաժեշտ են ոչ թե սիրողական քայլեր, այլ հստակ հետազոտությունների վրա հիմնված քաղաքականություն։ Հայաստանի համար սա հնարավորություն է՝ ադապտացիոն տեխնոլոգիաների միջոցով դառնալ միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության համար հետաքրքիր հարթակ։

«Մեզ պետք են տարածաշրջանային պլատֆորմներ և «կլիմայական դիվանագիտություն»։ Անհրաժեշտ է ջրային ավազանների կառավարման շուրջ երկկողմ կամ եռակողմ քննարկումներ սկսել, քանի որ չլուծված խնդիրները կարող են նոր կոնֆլիկտների պատճառ դառնալ»,- նշում է նա։

Բաց սահմանների հեռանկարը ենթադրում է նաև գյուղատնտեսական շուկաների վերափոխում։ Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է արդեն այսօր ունենա հստակ սցենարներ՝ հասկանալու, թե բաց սահմանների դեպքում որ ապրանքներով է մտնելու տարածաշրջանային շուկա և ինչպես է պաշտպանելու տեղական արտադրողին։

«Մենք այլ տարբերակ չունենք, քան սահմանների բացումը։ Տասնամյակներով փակ մնալն առողջ մոտեցում չէ։ Սակայն այդ գործընթացը պետք է իրականացվի խելամտորեն՝ տեղական արտադրողի շահերի պաշտպանությամբ և կայուն զարգացման տեսլականով, որպեսզի ստեղծվեն համատեղ աշխատանքի ու համակեցության իրական հնարավորություններ»,- եզրափակում է Գևորգյանը:

Հեղինակ՝ Սուրեն Դեհերյան

Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Media.am կայքում և վերատպվում է խմբագրության համաձայնությամբ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/04/2026