Էկոլոգիա

Ինչո՞ւ է աղմկում «S.O.S Սեւան»-ը

2017թ. հուլիսի 6-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց Սեւանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը: Այսպիսով, 2017թ. համար լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ սահմանվեց 270 մլն խմ` նախկին 170 մլն-ի փոխարեն: Այս նախագծի ընդունմանը դեմ էին մի շարք բնապահպանական եւ հասարակական կազմակերպություններ` անընդունելի համարելով լճից սահմանվածից ավել ջրի բացթողումը՝ հիմնավորելով, որ դա կհանգեցնի ջրի մակարդակի բացասական հաշվեկշռի:

Թարմացվել է 26.07.2017:

Իրավիճակ

Համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի, յուրաքանչյուր տարի Սեւանա լճից ջրի բացթողնման թույլատրելի սահմանը կազմում է 170 մլն խմ: Սակայն այս տարի, Կառավարությունը առկա չափաբաժինը բավարար չհամարելով, օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ ներկայացրեց ԱԺ, որն էլ երկու ընթերցմամբ, մի քանի հստակեցմամբ ընդունվեց ձայների մեծամասնությամբ` 74 կողմ, 4 դեմ:

Օրենքի նախագծում լրացուցիչ ջրառի՝ ջրի բացթողնման հիմք է ներկայացվել ոռոգման ջրի պակասը: Մեջբերելով ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալները՝ նշվում է, որ «2016թ. համեմատ 2017թ. գրանցվել է գետերի շուրջ 20% սակավ ջրատվություն, 2017 թ․ հունիսի 20-ի դրությամբ՝ անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն խմ»:

Նախագծի հեղինակները նշում են, որ հենց այս պատճառով է, որ 2017 թ. հունիսի 20-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումը 4 անգամ շատ է եղել նախորդ տարվա համեմատ` կազմելով 58.5 մլն խմ:

Հավելյալ ջրառի նպատակը, ըստ օրենքի, Սեւան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգի ենթակայության տակ գտնվող հողատարածքների ոռոգման համար ջրի ապահովումն է:

Սակայն ուշագրավ է նաեւ այն, որ նշվում է, թե ջրբացթողնման ավելացումը հնարավորություն կտա Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել շուրջ 97 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որի վաճառքից նախատեսված հաշվարկային հասույթները կուղղվեն կառավարության կողմից սահմանված նպատակային ներդրումների իրականացմանը:

Ըստ օրենքի փոփոխության, հավելյալ ջրի բացթողնման արդյունքում լճի մակարդակը կիջնի 8սմ-ով, սակայն փաստաթղթի հեղինակները պնդում են, որ նվազումը բացասական ազդեցություն չի ունենա լճի վրա՝ պահպանելով «Սեւանա լճի մասին» օրենքով սահմանված դրական հաշվեկշիռը:

Այս պնդումների հետ, սակայն, համաձայն չեն «S.O.S Սեւան» նախաձեռնությանը միացած անդամները՝ 70-ից ավել հասարակական կազմակերպություններ, որոնք պնդում են, որ լճի դրական հաշվեկշիռը չի որոշվում կամայականորեն ընտրված ժամանակահատվածի համար:

Բնապահպանների եւ քաղաքացիական ակտիվիստների նման մտահոգության պատճառն այն է, որ 2012 եւ 2014թթ. Սեւանա լճից հավելյալ ջրառի իրականացման արդյունքում գրանցվել էր լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ. լճի մակարդակն իջել էր 3սմ-ով:

Բացի բնապահպաններից, օրենքի նախագծին առարկել էր նաեւ Բնապահպանության նախարարությունը՝ նշելով, որ լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառը կխախտի օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշռի սահմանաչափը:

Չնայած օրենքով նախատեսված է, որ լճի ջրի մակարդակը հավելյալ ջրառի արդյունքում կիջնի 8սմ-ով, սակայն հուլիսի 24-ի դրությամբ նախորդ ամսվա համեմատ այն արդեն իսկ իջել է 10սմ-ով: Տարվա սկզբից լճից կատարվել  է մոտ 150 մլն խմ ջրառ:

Փաստերի աղավաղում

Նոր օրենքի մեջ առկա են վիճակագրական տվյալների ոչ բարեխիղճ դիտարկումներ: Մասնավորապես նշվում է, որ 2001թ. օրենքի ընդունումից ի վեր մինչեւ 2017թ. հունիսի 19-ը լճի մակարդակը բարձրացել է 4․59 մ-ով: Մինչդեռ լճի մակարդակի բարձրացումը պետք է դիտարկել միեւնույն ժամանակահատվածի հանդեպ: Տվյալ դեպքում՝ 2001թ. հունիսից 2017թ. հունիսնն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 4.15 մ-ով: Այս դեպքում լճի ծավալը ավելացել է 5.4 մլրդ խմ-ով, այլ ոչ թե 6 մլրդ խմ-ով, ինչպես նշված է օրենքի փոփոխությունում:

Ըստ «S.O.S. Սեւան» նախաձեռնության, փոփոխված օրենքի հիմնավորման մեջ «բացակայում են ջրամբարների լցվածության տվյալները եւ հիմնական պատճառները, թե ինչու ջրամբարները չեն լցվել: Տնտեսական հիմնավորումը թերի է, քանի որ բացակայում է Սեւանա լճի էկոհամակարգին պատճառվելիք տնտեսական վնասի գնահատականը, այդ թվում` ձկնային պաշարների, ջրի որակի վատացման, կենսաբազմազանության կորստի եւ այլն»:

Ջրի կորուստ եւ ափամերձ շինությունների հեղեղում

Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրի լրացուցիչ բացթողումը պատճառ դարձավ նաեւ քննարկելու ոռոգման նպատակով ջրային ռեսուրսների օգտագործման հարցը: Կառավարությունն ամեն տարի գումար է հատկացնում ոռոգման համակարգերի նորոգման համար, սակայն ոռոգման համակարգերում ջրի կորստի ցուցանիշը ոչ թե նվազում, այլ աճում է: Ըստ Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի, ոռոգման ջուրը 55%-ով կորչում է ոռոգման համակարգերի մաշվածության պատճառով:

Սեւանա լճի մակարդակի բարձրացումը սպառնում է նաեւ ափին հարակից շինությունների՝ տների, հանգստյան գոտիների հեղեղմանը: Դեռեւս Խորհրդային Միության վերջին տարիներին Հայաստանի ղեկավարությունը որոշում էր ընդունել մասնակի վերականգնել Սեւանա լճի մակարդակը: Դրա հետ մեկտեղ արգելվել էր ափին մոտ շինությունների կառուցումը: Արդեն անկախ Հայաստանի օրոք, 2001թ. Սեւանա լճի էկոհամակարգի մասին օրենքի ընդունմամբ նպատակ դրվեց բարձրացնել լճի մակարդակը: Սակայն դեռեւս այս օրենքի ընդունումից առաջ երկրի անկախացման եւ անցումային շրջանում Սեւանի ափին արդեն կառուցվել եւ շարունակում էին կառուցվել բազմաթիվ շինություններ, որոնց մեծ մասն այսօր ջրի մեջ է:

Դեռեւս 2010թ., «Հետք»-ը նշել էր, որ Սեւանի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի տակ է մնացել 520 շինություն` 203-ը` քարե, 317-ը` փայտե, շարժական:

Նույն ճակատագիրը սպասվում է  նաեւ այն շինություններին, որոնք այսօր կառուցվել են 1905 մետր բացարձակ նիշից ցածր վայրերում: Նման շինություններից մեկը՝ ՀՀԿ ներկայիս պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար, օրենքի փոփոխության նախագծի հարակից զեկուցող Արամ Հարությունյանի տունն է՝ Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոց տանող ճանապարհին, որը գտնվում է 1900 մետր նիշի վրա:

«Սեւան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը հաստատում է, որ Սեւանա լճի բարձր մակարդակը սպառնում է հանգստի տների, ռեստորանների սեփականատերերի կողմից արված մեծ ներդրումներին: Ըստ նրա, հավելյալ ջրառի հետեւանքով կբարձրանա ջրի ջերմաստիճանը, ինչը կվտանգի լճի էկոբազմազանությունը. «Ջրի մակարդակի իջնելուց ոչ մի լավ բան չի լինի, բացի ՀԷԿ-երում էլեկտրաէներգիա ստանալուց», – «Առավոտ»ի թղթակցին ասել է Սուխուդյանը:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • «Սեւանա լճի հիմնախնդիրները»․ Էկոլուր
  • Lragir․am-ի անդրադարձը Սեւանի ափանմերձ գոտում կառուցված շինությունների մասին. «Սեւանում թաթախված ձեռքերը»
  • «Նախագահին կից Սեւանա լճի հիմնահարցի հանձնաժողովը չի քննարկել լճից լրացուցիչ ջուր բացթողնելու հարցը». Azatutyun.am

Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Լուսանկարը Cometoarmenia.am կայքից

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 07/07/2017