Միջազգային

Իրանական նավթ

Իրանը վաղուց արդեն զգուշավորությամբ է վերաբերվում արտաքին ազդեցություններին, հատկապես երբ խոսքը բնական պաշարների շահագործման մասին է: Սակայն այժմ կառավարությունը միջազգային նավթային ընկերություններին առաջարկում է իր կարևորագույն ծառայությունը, որը հանձն է առել 1979 թ.-ից ի վեր, երբ նորաստեղծ Իրանի Իսլամական Հանրապետությունն ազգայնացրեց երկրի ռեզերվները: Տեսականորեն սա երկու կողմերի համար էլ գրավիչ առաջարկություն է: Իրանին պետք են նավթից ստացված եկամուտները՝ վերականգնելու Մերձավոր Արևելքում երրորդ խոշորագույն տնտեսությունը, որը տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցների պատճառով հետընթաց էր ապրել: Օտարերկրյա ընկերությունները գայթակղվում են պոտենցիալ շահույթներով, որոնք կարող են ստացվել նույնիսկ առանց նավթի գնի վրա անդրադառնալու: Այնուամենայնիվ, Իրանում ներդրումներ կատարելու համար կան բազմաթիվ ռիսկեր, և կառավարությունը քայլեր է ձեռնարկել գտնելու այնպիսի մի բանաձև, որը կարող է հրապուրել օտարերկրյա ընկերություններին՝ առանց ժողովրդական վրդովմունք հարուցելու:

Իրավիճակ

Աշխարհի գերտերությունների հետ 2015-ին կնքված գործարքից հետո, երբ Իրանը հսկողության տակ վերցրեց իր միջուկային ծրագիրը, իրանական նավթի արդյունահանումը գրեթե վերադարձավ այն մակարդակին, որ կար նախքան պատժամիջոցները` հունվարին գրանցելով նավթի արդյունահանման ամենաբարձր ցուցանիշը: Ինչևէ, Նավթի նախարարությունն ավելի մեծ հավակնություններ ունի և ցանկանում է մինչև 2021 թ.-ը ևս 20%-ով ավելացնել նավթի արտադրությունը: Սեպտեմբերին՝ 8 տարվա ընթացքում առաջին անգամ, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) որոշում ընդունեց նվազեցնել կոլեկտիվ արտադրությունը, սակայն առանձին երկրների վրա դրված սահմանափակումները չեն հաստատվի մինչև նոյեմբեր: Իրանը հուսով է վերականգնել ՕՊԵԿ-ում իր երբեմնի զբաղեցրած դիրքը որպես երկրորդ խոշորագույն արտադրող՝ այժմյան երրորդի փոխարեն: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, կառավարման փորձաքննություն և կապիտալ: Այդ իսկ պատճառով  կառավարությունը կոչ է արել օտարերկրյա ընկերություններին կատարել 100 միլիարդ դոլարի ներդրում նավթարդյունաբերության մեջ և պայմանագրերի նոր ձև է մշակել նրանց ներգրավելու համար: 2014 թ. առաջին անգամ ներկայացված համաձայնագրի մոդելն Իրանում արժանացավ այն քաղաքական խմբավորումների մարտահրավերներին, որոնք դեմ են օտարերկրյա ընկերություններին չափից ավելի զիջումներ անելուն և պայքարում են նախագահ Հասան Ռոհանիի` արտաքին տնտեսական կապերն ակտիվացնելու ջանքերի դեմ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը հուլիսին ներկայացրեց փոփոխված տարբերակի մասով դատարանի դրական որոշումը, և Իրանի կառավարությունը օգոստոսի 3-ին այն հաստատեց: Նոր բանաձևի վերաբերյալ մանրամասները՝ կապված ներդրումների կարգավորումների և տարաձայնությունների լուծման հետ, անմիջապես հասանելի չդարձան:

Bloomberg_Iran_Oil_Arm

Պատմական ակնարկ

Բիրժայի բրիտանական խաղացողին արված առաջին զիջումից ի վեր՝ նախքան 1971 թ. Իսլամական հեղափոխությունը, Իրանը գրեթե չէր վերահսկում իր ամենաարժեքավոր բնական ռեսուրսը: Որպես Անգլո-պարսկական նավթային ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր` Բրիտանական կառավարությունը տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով յուրացնում էր իրանական նավթը և դրա դիմաց ստանում շահույթի առյուծի բաժինը: Սակայն տարեցտարի աճող դժգոհությունների հետևանքով 1951 թ. Իրանի խորհրդարանն ազգայնացրեց երկրի նավթահանքերը: Հեղափոխությունը գլխավորող քաղաքական գործիչը՝ վարչապետ Մոհամմադ Մոսադեղը, երկու տարի անց պաշտոնանկ արվեց բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների աջակցությամբ իրականացված պետական հեղաշրջման արդյունքում, և վերականգնվեց Արևմուտքի աջակցությունը վայելող շահի իշխանությունը: Երբ 1979 թ. իսլամիստ հեղափոխականները տապալեցին շահին, նրանց առաջին քայլերից մեկը եղավ նավթի վերաազգայնացումը: Երկու տասնամյակ շարունակ Իրանում ոչ մի օտարերկրյա ընկերություն չէր գործում: 90-ականների վերջերին վերադառնալով` օտարերկրյա ընկերությունները գործում էին կարճաժամկետ պայմանագրերով, որոնցով ֆիքսված գումար էր հատկացվում այդ ընկերություններին նավթի հայտնաբերման և նավթահանքերի մշակման համար, սակայն ոչ մի մասնաբաժին՝ արտադրական շահույթից: Այս ընկերությունների մեծ մասը մինչև 2010 թ.-ը դադարեցրեց իրենց գործունեությունը Իրանում, քանի որ քաղաքական ռիսկերն սկսեցին գերակայել օգուտներին:

Փաստարկ

Կարո՞ղ է արդյոք Իրանը մոբիլիզացնել բյուջեն բարձրակարգ տեխնոլոգիաներով, մեծաքանակ ներդրումներով և երկարաժամկետ պարտավորություններով, որին ձգտում է: Խոշոր նավթային ընկերությունները հեշտությամբ չեն հրաժարվի իրանական նավթահանքերից: Հում նավթի արդյունահանումն այստեղ թանկ չի նստում, ինչը հրաշալի է գնային առաջարկում: Գներն այստեղ կիսով չափ ցածր են, քան, օրինակ, Մեքսիկայում: Իսկ Իրանում շատ նավթ կա` աշխարհում ապացուցված իրական պաշարների շուրջ 10%-ը: Սակայն ռիսկերն անվերջ են: Բիզնեսին վերաբերող կանոնակարգերն Իրանում խճճված են:

Ներդրողները պետք է տեղական գործընկերոջ հետ համատեղ ձեռնարկություն վարեն, ինչն ավելի է բարդացնում միջազգային հակակոռուպցիոն օրենսդրությանը և ամերիկյան մնացած պատժամիջոցներին համահունչ քայլելը: Կառավարությունը դեռ չի հստակեցրել՝ արդյոք կարո՞ղ է ընկերությունների հետ վեճերը ներկայացնել արբիտրաժային դատարան այնպիսի միջազգային ատյանների միջոցով, ինչպիսին, օրինակ` Միջազգային արբիտրաժային դատարանն է: Երկարաժամկետ պայմանագրերն ավելի կդյուրացնեն դժվար նավթահանքերի շահագործումը, բայց նաև կփակեն ներդրողների մուտքն անկանխատեսելի միջավայր: 2017 թ. մայիսին կայանալիք ընտրությունների կանխատեսումներով` Ռոհանիին կփոխարինի ավելի պրոտեկցիոնիստ թեկնածու: Վատագույն դեպքում քաղաքական տեղաշարժերը Իրանում կամ ԱՄՆ-ում կարող են տապալել միջուկային գործարքը և հետ բերել պատժամիջոցները:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի` Չաթըմ հաուսի  (Chatham House) ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս կանխատեսելու իրանական նավթի արդյունաբերությունն ու ներդրումային պայմանագրերը:
  • Բրենդայզի համալսարանի պրոֆեսորներից մեկն ուսումնասիրում է Իրանի նավթային ոլորտում գործող ներքին քաղաքականությունը:
  • «Ֆայնենշլ թայմզը» Մոսադեղի և 1953 թ. հեղաշրջման մասին գիրք է խմբագրում:
  • Բլումբերգյան ևս մեկ ավելի լայն հայացք՝ Իրանի տնտեսությանն ու ներդրումային միջավայրին:

Ամփոփեց Սեմ Ուիլքինը

Աղբյուրը` Bloomberg


Հրապարակվել է` 07/10/2016