Տնտեսություն

Բարձրաստիճան այրերի արտասահմանյան գործուղումների ծախսերն ու նպատակը

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից

Հայաստանի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի (ԱԳ) եւ տարածքային զարգացման ու ներդրումների (ՏԶՆ) նախարարները 2016թ. կատարել են ընդհանուր 69 օտարերկրյա պաշտոնական այցելություն։ Ուղղությունները եղել են դեպի Եվրամիության, Եվրասիական տնտեսական միության երկրներ, Ամերիկյան մայրցամաք եւ Մերձավոր Արեւելք: Նախորդ տարի Հեռավոր Արեւելքում եւ Աֆրիկայում Հայաստանը ներկայացված է եղել միայն ԱԳ նախարարի մակարդակով: 2016թ. Հայաստանը հյուրընկալել է  49 օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություն:

Ինչպե՞ս են կազմակերպվում պաշտոնական այցերը

Արտասահմանյան պաշտոնական այցերի մի մասը պարտադիր այցեր են, այսինքն՝  նախագահը, նախարարները կամ վարչապետը պետք է կատարեն դրանք՝ ըստ Հայաստանի կնքած տարածաշրջանային եւ միջազգային պայմանագրերի: Այդ այցերի նպատակը ԵՏՄ-ի, ԵՄ-ի Արեւելյան գործընկերության, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների միջոցառումներին մասնակցությունն է: Դրանց պարբերականությունը կախված է տվյալ կազմակերպության կանոնադրությունից: Արտասահմանյան բոլոր  այցերի համար նախատեսված ծախսերը կատարվում են Հայաստանի պետական բյուջից:

Նախագահի և նրա աշխատակազմի գործուղումների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախագահի աշխատակազմի ծախսերը նախատեսող մասով: Իսկ կառավարության եւ նախարարությունների դեպքում արտասահմանյան պաշտոնական գործուղումների  ծախսերը կատարվում են վարչապետի որոշումների համաձայն՝ «արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային գծով եւ/կամ աշխատակազմերի պահպանման համար նախատեսված բյուջեից՝ գործուղումների եւ շրջագայություների համար սահմանված գումարից: Վերջինս 2016թ. համար պետական բյուջեով սահմանվել է հետեւյալ կերպ. նախագահ՝ 579,1 մլն դրամ, կառավարություն՝ 89,5 մլն, Ազգային ժողով՝ 350 մլն, ԱԳ նախարարություն՝ 117 մլն, ՏԶՆ նախարարություն` 505 հազար: Իսկ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար առանձնացվել է  եւս 500 միլիոն դրամ։ 350 միլիոն դրամ էլ նախատեսված է եղել Հայաստանում օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների ընդունելության համար:

Նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի արտասահմանյան այցերը նախապատրաստում եւ իրականացնում է Պետական արարողակարգի ծառայությունը: Այն կարող է աջակցել նաեւ ԱԺ նախագահի եւ այլ նախարարների արտասահմանյան այցերի կազմակերպմանը:

Արտասահման գործուղված աշխատողին փոխհատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, ճանապարհածախսը եւ գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Օրապահիկի եւ գիշերավարձի չափերը կախված են նպատակակետ երկրից: Պաշտոնական գործուղումների եւ այցերի ժամանակ հուշանվերների գնման որեւէ սահմանափակումներ օրենսդրությամբ սահմանված չեն:

Սահմանափակում կա ավիատոմսերի գնման հարցում։ Կառավարության 2016թ. սեպտեմբերի որոշման համաձայն, արտասահմանյան գործուղումների համար պետական աշխատակիցները պետք է օգտվեն ավիատոմսերի գնման հատուկ միասնական համակարգից։ Ըստ կանոնների, թույլատրելի է պատվիրել միայն էկոնոմ դասի ավիատոմս, եթե այլ բացառություններ չկան: 2016թ. հունիսից միասնական համակարգի միջոցով 9 ամիսների ընթացքում գնվել է 1921 ավիատոմս՝ ընդհանուր շուրջ 346 միլիոն դրամ արժողությամբ. այդ թվում 22 բիզնես դասի ավիատոմս՝ ընդհանուր 13 միլիոն դրամ արժողությամբ: Մեկ էկոնոմ դասի ավիատոմսի միջին արժեքը կազմել է 175 հազար, իսկ բիզնես դասինը՝ 590 հազար դրամ:

Համակարգի ստեղծման նպատակը ավիատոմսերի գների իջեցումն էր: Թեև ավիատոմսերի վաճառք իրականացնող գործակալություններն այլ կարծիքի են, պնդելով, որ այդ համակարգը, չապահովելով ավելի էժան տոմսերի վաճառք, սահմանափակել է նաև այլընտրանքային գործակալությունից օգտվելու հնարավորությունը։

Պաշտոնական այցերն ու արդյունքները

2016թ. ընթացքում Հայաստանի վարչապետերը (տարվա սկզբից Հովիկ Աբրահամյանը, այնուհետեւ, ի պաշտոնե, Կարեն Կարապետյանը) կատարել են 5 այց դեպի Ռուսաստան եւ Բելառուս՝ ԱՊՀ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակներում: Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը որեւէ այց չի կատարել, թեպետ նախատեսված էր պաշտոնական եւ աշխատանքային այցեր դեպի Քուվեյթ, Դանիա եւ Նորվեգիա։  «Ամփոփի» հարցմանն ի պատասխան նշվել է, որ ԱԺ նախագահի այցերի հետաձգման պատճառը եղել է ԱԺ նախագահի առողջական վիճակի վատթարացումը, ինչը տեղի է ունեցել Քուվեյթ մեկնելու նախօրեին։

ՀՀ նախագահը 2016թ. կատարել է 18 օտարերկրյա այց, որից 15-ը՝ աշխատանքային, իսկ 3-ը՝ պետական: Նա 6 անգամ այցելել է ԵՏՄ երկրներ, որոնցից 4-ը՝ Ռուսաստան, ԵՄ  երկրներ այցելել է 8 անգամ, որոնցից 2-ը պետական այցով՝ Հունաստան եւ Կիպրոս:

Գրեթե բոլոր աշխատանքային եւ պետական այցերի ժամանակ հիմնական շեշտադրումները եղել են դեպի Հայաստան ներդրումների ներգրավումը, ղարաբաղյան հակամարտության, դրանում հայկական կողմի դիրքորոշման ներկայացումը, հայ համայնքի հետ հանդիպումները:

Ներդրումների ներգրավման նպատակով հատկապես աչքի են ընկնում պետական այցերը դեպի ԱՄԷ, Կիպրոս եւ Հունաստան, ինչպես նաեւ աշխատանքային այցերը Գերմանիա, Բրազիլիա, ԱՄՆ: ԱՄՆ-ում Հայաստանի նախագահը մասնակցել է Հայաստան ներդրումային համաժողով-2016-ին, դրա շրջանակներում հանդիպումներ ունեցել Հայաստանում մի շարք ներդրողների հետ:

Պաշտոնական գործուղումների ժամանակ ներդրումների եւ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա արվող շեշտադրումների պատճառները, թերեւս, դրանց ցուցանիշների զգալի անկումներն են: Վերը նշված երկրներից դեպի Հայաստան ներդրումների կտրուկ անկումն ակնհայտ էր։ Բացառություն են Բրազիլիան եւ Հունաստանը, որոնք չեն համարվում Հայաստանում ավանդական ներդրողներ։ 2015թ. եւ 2016թ. օտարերկրյա ներդրումները նվազել են, համապատասխանաբար 49 մլրդ եւ 37 մլրդ դրամով:


Ներդրումների ներգրավմանն ուղղված են եղել նաեւ ՏԶՆ նախարարների գործուղումները ԱՄՆ՝ Սիլիկոնային հովիտ, ինչպես նաեւ ԱՄԷ եւ Շվեյցարիա: Վերջինս Հայաստանում կայուն ներդրումներ էր կատարում 2010թ-ից։ Սակայն 2016թ., նախորդ տարվա համեմատ, դրանք 170 անգամ նվազել են՝ կազմելով ընդամենը 253.4 մլն դրամ։ Շվեյցարական ներդրումները հիմնականում իրականացվում են հանքարդյունաբերության ոլորտում, ինչպես նաեւ մանրածախ եւ մեծածախ առեւտրում:

ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում աշխատանքային հանդիպումների հիմնական թեման ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման, ինչպես նաեւ ընդհանուր օդային տարածքի ստեղծման հարցերն են: Արդյունքում, 2016թ. դեկտեմբերին ԵՄ խորհուրդը հաստատեց ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի թույլտվությունը:

ԱԳ եւ ՏԶՆ նախարարների այցերն ու հանդիպումները հիմնականում նպատակ ունեն ապահովել նախագահի կամ վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումները, կամ էլ նոր բարեկամական հարաբերություններ ձեւավորել։ Օրինակ, 2016թ. պայմանավորվածություններ ձեռք բերվեցին աֆրիկյան մի շարք երկրների հետ (Կոտ դ’Իվուար, Մալի, Չադ, Բուրունդի, Կամերուն, Մադագասկար, Տոգո, Կոնգո եւ Նիգեր): Արդյունավետությանը դեռ վաղ է անդրադառնալ, սակայն ոչ միշտ է, որ նման հանդիպումները զարգացում են ունենում: Օրինակ, 2000թ-ից գործող հայ-ղազախական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի պարագայում, որն արդեն 16 տարի գոյություն ունի, Ղազախստանի (ԵՏՄ անդամ) հետ առեւտրաշրջանառությունը հասել է ընդամենը 6.6 միլիոն դոլարի, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր առեւտրի 0.1%-ը, իսկ ԵՏՄ առեւտրի՝ 0.5%-ը:

Փաստարկ

2017թ., ըստ ՏԶՆ նախարարության, հայտարարված է 460 միլիոն դոլարի ներդրում, որի կեսը՝ 230 միլիոն դոլարը, միայն հանքարդյունաբերության ոլորտում, իսկ մնացածը՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ՏՏ եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում: Ըստ Գործատուների հանրապետական միության, հիմնական ներդրումներն ակնկալվում են Իրանից, արաբական եւ եվրոպական երկրներից: ԵՏՄ եւ ԱՊՀ երկրներից Հայաստանում ներդրումներ անելու մասին խոսք կամ խոստում առայժմ չկա:

Փորձագետի կարծիք



Հղումներ

Ամփոփեց Աստղիկ Գևորգյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn