Միջազգային

Միջազգային լրահոս․ «WhatsApp» մեսենջերը անվտանգ չէ

DW-ի բացառիկ հետաքննությունը ցույց է տվել, որ փակ խմբերի հազարավոր հղումներ կարելի է հեշտությամբ գտնել համացանցում՝ չնայած հասարակության վրդովմունքին, ինչն էլ ընկերությանը ստիպեց փոխել իր դիրքորոշումը և դրանք հեռացնել «Google»-ից:

Անցած շաբաթ DW-ն անվտանգության ոլորտում մեծ թերություն է հայտնաբերել: Խնդիրն այն է, որ «WhatsApp» մեսենջերի փակ խմբերի հղումները հեշտությամբ կարելի էր գտնել «Google» որոնողական համակարգում: Արդյունքում` սոցիալական լրատվամիջոցների զայրույթից հետո, հղումները հանվել են «Google»-ի որոնման դաշտից:

Անվտանգության հետազոտող Լավ Կումարը պարզել է, որ տեղեկատվությունը դեռ պահվում է արխիվներում՝ չնայած հեռացվել են հասանելի հարթակներից: Նա հավաքագրել է ավելի քան 60 000 եզակի հղում, որոնք դեռ հասանելի են բազմաթիվ կայքերում:

DW-ի ստուգված 1000 պատահական հղումներից 427-ն ակտիվ նամակագրության հղումներ էին: Նույնիսկ առանց խմբին միանալու դուք կարող էիք տեսնել խմբի անվանումը, նկարագրությունը, նկարները և հեռախոսահամարները: Այս ամենը հասանելի էր բոլորին:

Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէ․ միանալով խմբին դուք կարող էիք տեսնել մինչև 256 օգտատիրոջ հեռախոսահամար, և այլ անձնական տեղեկատվություն։ Օրինակ՝ հավելվածի միջոցով կարող էիք պարզել համարի սեփականատիրոջ անունը:

Վիրտուալ իրականությունը փոխում է կենդանի երաժշտության ընկալումները

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վերջին մի քանի տարվա ընթացքում երաժիշտները կարողացել են վիրտուալ իրականության միջոցով համերգներ ցուցադրել: Դուք կարող եք վայելել ձեր սիրելի երգչի համերգը՝ առանց տանից դուրս գալու: Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ այժմ VR հարթակն իր տեղը զիջում է ուղիղ միացումներին, որը հանդիսատեսին թույլ է տալիս տեսնել ավելին:

2018-ին «MelodyVR»- ը ստեղծել է կենդանի գրադարան, որը ձայնագրվել է «Oculus VR» ականջակալներով՝ «iPhone» և «Android» սարքերի համար: Այն ներառում է ավելի քան 850 երաժիշտների աշխատանք, այդ թվում նաև Քելլի Քլարկսոն, Վիզ Խալիֆա և Լուիս Կապալդի:

Ունկնդրելուց զատ դուք կարող եք հետևել համերգին՝ գտնվելով կուլիսներում, ձայնային տաղավարի հետևում կամ նույնիսկ խմբի հետ բեմում կանգնած: Ընկերությունը փորձում է նոր զգացողություններ փոխանցել: Այսպես՝ օրինակ երգչուհի Էմելի Սանդեի VR ներկայացման ընթացքում միաժամանակ ցուցադրվում է երկու տարբեր պատկերներ․մեկում դաշնամուր է նվագում, իսկ մյուսում՝ երգում։

Բադերը մորեխների դեմ պայքարելու լավագույն միջոցն են

BBC-ի հաղորդմամբ` Չինաստանը պատրաստվում է 100 000 բադ ուղարկել հարևան Պակիստան՝ բերք ուտող մորեխների խնդիրը լուծելու նպատակով: Այս առիթով գյուղատնտեսությամբ զբաղվող մասնագետները նշում են, որ մեկ բադն օրվա ընթացքում կարող է ուտել ավելի քան 200 մորեխ, որը թունաքիմիկատների համեմատ ավելի արդյունավետ միջոց է:

Այս ամսվա սկզբին Պակիստանն արտակարգ դրություն հայտարարեց՝ ասելով, որ մորեխի թվաքանակն այս տարի անհամեմատ գերազանցել է նախորդ երկու տասնամյակներին:

Արևելյան Աֆրիկայի որոշ տարածքներում միլիոնավոր միջատներ ավիրել են ամբողջ բերքը: Չինաստանի կառավարությունն այս շաբաթ հայտարարեց, որ փորձագետների խումբ է ուղարկում Պակիստան ՝ մորեխների դեմ «նպատակային ծրագրեր» մշակելու համար:

«Zhejiang» գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Լյու Լիժին բադերին որակել է որպես «կենսաբանական զենք»: Նրա խոսքով՝ մինչ հավերը մեկ օրվա ընթացքում ուտում են մոտ 70 մորեխ, մեկ բադն ուտում է դրա եռակին:

Ամերիկայում զինված մոլեռանդը սպանել է 5 մարդ

France24-ը հայտնում է՝ չորեքշաբթի օրն Ամերիկայի հայտնի գարեջրատներից մեկում զինված անձը սպանել է 5 աշխատակցի՝ նախքան ինքնասպանություն գործելը:

Դեպքը տեղի է ունեցել, Միլվոքի քաղաքի Մոլսոն Քուրս կոչվող գարեջրատանը: Ողբերգական դեպքի օրը տարածքում եղել է ավելի քան 1000 աշխատակից։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության պետ Ալֆոնսո Մորալեսը:

Ոստիկանության պետը հայտնել է նաև կասկածյալի տվյալները։ Ըստ նախնական տեղեկության՝ կասկածյալը 51-ամյա տղամարդ է, որը մահացել է ինքն իրեն պատճառած հրազենային վնասվածքից:

Ըստ ի հայտ եկած նոր մանրամասների՝ զինյալը գարեջրատան աշխատակից է եղել: Ավելի ուշ քաղաքապետ Թոմ Բարեթը հայտարարել է, որ սպանվել է հաստատության ողջ անձնակազմը և ևս 5 հոգի, ինչը քաղաքի համար ցավալի ողբերգություն է:

Նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի վերաբերյալ իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև այս դեպքին ասելով․ «Այդ հրեշ մարդասպանը կրակ է բացել Մոլսոն Քուրս գարեջրատանը, խլել է 5 մարդու կյանք, և ծանր վնասվածքներ հասցրել մի քանիսին»:

Պակիստանի կենդանաբանական այգում՝ առյուծի վանդակում, հայտնաբերել են պատանու հոշոտված դի

Ինչպես հայտնում է BBC-ն՝ պատանու դին գտել են անհետանալուց մեկ օր անց, Լահոր կենդանաբանական այգում:

Քննիչները փորձում են պարզել, թե ինչպես է 17-ամյա Մուհամմադ Բիլալը հայտնվել առյուծի վանդակում, և թե ինչն է նրա մահվան պատճառը: Բայց տեղացիները Բիլալի մահվան համար մեղադրում են աշխատակիցներին՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար, նշելով, որ շաբաթվա սկզբին կենդանաբանական այգու գրասենյակներում գողություն է կատարվել։

Պակիստանի ամենամեծ և ամենահին կենդանաբանական այգին հիմնադրել է Լահոր Սաֆարին՝ 1982թ-ին: Կենդանաբանական այգու տնօրեն Չաուդրի Շաֆքաթը BBC-ին հայտնել է, որ երեքշաբթի օրը հարևան գյուղի գյուղացիները դիմել են իրենց՝ տղային որոնելու օգնության խնդրանքով:

Պարոն Շաֆքաթն ասել է․«Մենք ասացինք նրանց, որ շատ ուշ է և վտանգավոր կլինի մթության մեջ որոնումներ սկսելը»:

Չորեքշաբթի առավոտյան որոնումների ընթացքում կենդանաբանական այգու աշխատակիցները գտել են արյան մեջ հեղեղված գանգ, մի քանի ոսկոր և հագուստի կտորներ, որն էլ պատկանել է տղային։ Հարազատները ճանաչել են դրանք։

Հարազատների տեղեկությամբ՝ տղան երեքշաբթի օրը կեսօրից հետո գնացել էր խոտ հնձելու:

«Ուղղակի Հարրի»․ արքայազնը խնդրել է իրեն անունով դիմել

BBC-ի հաղորդմամբ՝ Էդինբուրգում՝ զբոսաշրջային համաժողովի ժամանակ, Սասեքսի դուքսը խնդրել է պատվիրակներին, իրեն անունով դիմել՝ «ուղղակի Հարի»:

Արքայազնը ելույթ է ունեցել Շոտլանդիայի մայրաքաղաքում՝ «Travalyst» միջոցառման ժամանակ:

Ելույթի սկզբում միջոցառման հաղորդավար Այեշա Հազարիկան ներկաներին ասել է․«Նա պարզ ասաց, որ անունով դիմենք նրան»:

Մի քանի շաբաթվա ընթացքում թագուհու թոռը և նրա կինը՝ Մեգանը, պաշտոնապես կազատվեն արքայական պարտականություններից: Ելնելով դրանից, արքայազն Հարրին իր վերջին պաշտոնական ուղերձում նշել է, որ զբոսաշրջության աճը սպառնում է ոչնչացնել աշխարի ամենագեղեցիկ վայրերից մի քանիսը: Նա կոչ է արել ճանապարհորդական և տուրիստական բիզնեսները միավորել՝ ավելի կայուն ապագա զարգացնելու համար:

Եվրոպան այլևս չի ընդունում ամերիկյան դաստիարակությունը

BBC-ն գրում է՝ եվրոպացի ծնողները տարիներ շարունակ իրենց հանգստի են մատնել, երբ խոսքը վերաբերվել է երեխաների դաստիարակությանը: Բայց այժմ, պատկերը կարծես փոխվել է:

Մի անգամ՝ Հաագայի ռեստորանում, մի կին հաճոյախոսեց տղայիս, որն այդ ժամանակ ընդամենը 3 ամսական էր. «Ինչ սիրուն տղա է, հետաքրքիր հայացք ունի: Պետք է, որ շատ խելացի լինի»։

Միանշանակ հաճելի էր լսել, որ հենց ձեր երեխան կարող է հաջորդ Էյնշտեյնը լինել: Ավելի ուշ հասկացա՝ կնոջ հաճոյախոսությունը նշան էր այն բանի, որ Եվրոպայում ծնողական անտարբեր վերաբերմունքը փոխվել է:

Ընդհարապես, երեխա մեծացնելն այդքան էլ հեշտ չէ և սահուն ընթացք չի ունենում: Օրինակ՝ 2009 թ․-ին գիտնականների միջազգային խմբի կատարած ուսումնասիրությունը թույլ էր տալիս հասկանալ տարբեր երկրներում երեխայի արժեհամակարգը ձևավորելու ընթացը:

Տարբերությունները հետաքրքրաշարժ էին: Օրինակ՝ հոլադացի ծնողները կարևորում էին «Three Rs: rust, reinheid and regelmaat» հանգստի, մաքրության և ռեժիմի սովորություն սերմանելը: Իտալացի ծնողները նախընտրում էին, որ իրենց երեխաները լինեն հանգիստ, հավասարակշռված։ Միևնույն ժամանակ, ամերիկացի ծնողներն ուզում էին ունենալ «խելացի» կամ «շնորհալի» երեխաներ:

Թարգմանությունը Մարիամ Վարդանյանի, Արմինե Փափազյանի, Թամար Սիմոնյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/02/2020