Միջազգային

Բորիս Նեմցով. մարդ, ով համարձակվեց քննադատել Վլադիմիր Պուտինին. Dolce Welle

2015 թ-ի փետրվարին Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովին սպանեցին: Հինգ տարի է անցել, սակայն դրդապառճառները դեռ մնում են առեղծվածային: Ներկայացնում ենք Dolce Welle գերմանական պարբերականում հրապարակված Բորիս Նեմցովի մասին նյութի հայերեն տարբերակը։

Դեպքը տեղի է ունեցել 2015թ-ի փետրվարի 27-ին Մոսկվայում: Ընթրիքից հետո՝ ուկրաինացի ընկերուհու հետ կամրջով զբոսնելու ժամանակ, անհայտ հանցագործը հանկարծակի կրակ է բացել Բորիս Նեմցովի ուղղությամբ  և մի քանի անգամ կրակել նրա մեջքին: Նեմցովը տեղում մահացել է, իսկ ընկերուհին հասցրել է անվնաս փախչել:

Ռուսաստանը ցնցված էր այդ խորհրդանշական վայրում քաղաքական գործչի սպանությունից: Այդ ժամանակ Նեմցովը երկրի ընդդիմության ամենանշանավոր դեմքերից էր և մեկը, ով հանդգնում էր քննադատել նախագահ Վլադիմիր Պուտինին:

1990-ականների քաղաքական աստղը

Նեմցովի քաղաքական կարիերան բազմաթիվ վերափոխումների է ենթարկվել: Նա իրեն համարում էր 1990-ականների «երիտասարդ բարեփոխիչներից» մեկը, ով չունի կոմունիստական հայացքներ: 1991թ-ին Բորիս Ելցինը 32-ամյա Նեմցովին նշանակեց Նիժնի Նովգորոդ շրջանի նահանգապետ՝ դարձնելով նրան հետխորհրդային Ռուսաստանի ամենաերիտասարդ նահանգապետը:

Նեմցովը լիբերալ բարեփոխումներ իրականացրեց իր տարածաշրջանում, որը մեկուսացած էր ռազմական նշանակության արտադրության օբյեկտների պատճառով, հետագայում կենտրոնական իշխանությունները օրինակելի համարեցին նրա քայլերը: Նեմցովը 36 տարեկանում դարձավ փոխվարչապետ, և շատերը հավատում էին, որ նրա պաշտոնը կօգնի Ելցինին նախագահական ընտրություններում: Բայց 2000թ-ին նախագահ ընտրվեց Վլադիմիր Պուտինը: Սկզբում Նեմցովը փորձում էր համագործակցել Պուտինի հետ, բայց կարճ ժամանակ անց նա և իր Союз правых сил անվամբ կուսակցությունն անցան ընդդիմության շարքերը:

2004-ին նա աջակցում էր Ուկրաինայի «Նարնջագույն հեղափոխությանը» և դարձավ Ուկրաինայի լիբերալ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի խորհրդականը, ինչը զայրացրեց Ռուսաստանի ղեկավարությանը, որը սատարում էր Պուտինի պաշտպան Վիկտոր Յանուկովիչին և պատրաստվում էր 2010-ին իշխանությունը հանձնել նրան: Նեմցովը քննադատում էր նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ինտերվենցիան և 2014-ին Ղրիմի թերակղզու բռնակցումը (անեքսիա):

Ո՞վ էր սպանելու հրաման տվել

Նեմցովի սպանության հետքերն արագորեն ուղղորդեցին դեպի Ռուսաստանի Դաշնության կիսաինքնավար Չեչենական Հանրապետություն։ Արդյունքում հինգ չեչեն տղամարդ, ովքեր սպանությունը գործել էին 15 միլիոն ռուբլու (մոտ 210,000 եվրո) դիմաց, մեղավոր ճանաչվեցին:

35-ամյա չեչեն սպա Զաուր Դադաևը խոստովանեց, որ ինքն է կրակել։ 2017թ․-ին վերջինս դատապարտվեց 20 տարվա, իսկ նրա հանցակիցները՝ 11-19 տարվա ազատազրկման:

Նեմցովի մահվան պատվիրատուի ինքնությունը և դրդապատճառներն անհայտ են, բայց կասկածներ կան, որ պատվիրատուն հնարավոր է Չեչնիայի ղեկավարության պաշտոնյաներից է: Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան, ով DW-ում աշխատել է 2015 թ-ից մինչև 2020-ի հունվարը, դժգոհել է հետաքննության ընթացքից՝ ասելով, որ դա «ոչ թե հետաքննություն էր, այլ իմիտացիա»:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Եվրոպայի խորհուրդը կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին նոր և թափանցիկ հետաքննություն անցկացնել, բայց իշխանությունները մերժել են նրանց հորդորը:

Նեմցովի հուշարձանը կանգնացնելու կամ կամուրջը, որի վրա սպանվել է, նրա անունով վերանվանելու առաջարկությունները Կրեմլը մերժել է: Գրեթե ամեն օր ծաղիկներ են դրվում այն վայրում, որտեղ սպանել են Նեմցովին, բայց դրանք հավաքվում են, ինչն էլ հաճախակի բախումներ է ստեղծում ոստիկանության և ակտիվիստների միջև: Բազմաթիվ քաշքշուկներից հետո մասնավոր նախաձեռնությունը թույլտվություն է ստացել հուշատախտակներ տեղադրել այն շենքերի վրա, որտեղ նա ապրել է:

Հիշատակի երթ Մոսկվայում

Աշխարհի տարբեր քաղաքներ, ներառյալ Վաշինգտոնը, Վիլնյուսը և Կիևը, ի հիշատակ Նեմցովի՝ վերանվանել են հրապարակներ: Այս նախաձեռնությանն ամենավերջինը միացել է Պրահան, վերանվանելով այն հրապարակը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը:  Ողջունելով միջազգային այս նախաձեռնությունը՝ Ժաննա Նեմցովան DW-ին ասել է, որ այն իր ազդեցությունն է ունեցել Ռուսաստանի իշխանությունների, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

«Թեև Ռուսաստանում քաղաքական հետապնդումները շարունակում են աճել, սակայն իշխանությունները հասկանում են, որ ընդդիմության առաջնորդին կարող էին միայն ֆիզիկապես ոչնչացնել», – ասել է Նեմցովան՝ ավելացնելով, որ «նրանց մտքով, իհարկե, չէր կարող անցել, որ դժգոհության և վրդովմունքի նման հուժկու ալիք կբարձրանար»:

Փետրվարի 29-ին Մոսկվայում տեղի ունեցավ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթ: Սանկտ Պետերբուրգի իշխանությունները մերժել են նմանատիպ արարողությունների անցկացմանն ուղղված դիմումները:

 

Հեղինակ՝ Միխայիլ Բուշուև

Թարգմանությունը՝ Թամար Սիմոնյանի

Նյութի սզբնաղբյուրը՝  Boris Nemtsov: The man who dared to criticize Vladimir Putin

Լուսանկարը՝ Russian look/Photoagency Interpress

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/02/2020