Առողջություն

Բարեկամի տուն այցը՝ մեկ ընտանիքից վեց հոգու վարակման պատճառ

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Ավուշյան եղբայրների ընտանիքներ նոր կորոնավիրուսը մուտք գործեց հունիսի սկզբին։ Նրանցից վեցի թեստավորման արդյունքները դրական էին։

«Սկզբում թուլություն զգացինք, կարծեցինք՝ սովորական մրսածություն է, կանցնի, ավելի ուշ համի ու հոտի զգացողությունն էլ կորցրինք։ Մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամների մոտ նույն զգացողություններն էին»,- պատմում է տիկին Սիրանուշը։

Ավուշյանները դիմել են նախ տեղամասային պոլիկլինիկա, այնուհետև՝ Եղվարդի «Նաիրի բժշկական կենտրոն»։ Երեք օր, տանը մեկուսացած, սպասել են թեստերի պատասխաններին։

Դրական է եղել ընտանիքի երկու հարսների, 82-ամյա սկեսրոջ և թոռներից երեքի ախտորոշումը։

«Հարյուր տոկոսով վստահ չեմ՝ որտեղ ու ինչպես ենք վարակվել, բայց թուլություն զգալուց մոտ մեկ շաբաթ առաջ կարճ ժամանակով ես ու սկեսուրս բարեկամի տանն ենք եղել։ Ավելի ուշ իմացանք, որ նրանց ընտանիքում վարակվածներ կան»,- ասում է տիկին Սիրանուշը, ում թեստը նույնպես դրական է եղել։ Դրական են եղել նաև նրա 3 որդիներից երկուսի թեստերը։

Վիրուսով վարակված լինելու վերաբերյալ կասկածի տեղիք են տվել թուլությանը հաջորդած ուժեղ գլխացավերը, մկանային ցավերն ու ջերմության բարձրացումը։

Տան ամենափոքրերին՝ տիկին Սիրանուշի թոռներին, չեն թեստավորել, քանի որ երեխաների մոտ որևէ արտառոց բան չեն նկատել [հեղ․զրույցի պահին հեռախոսից այն կողմ թոռնուհու զրնգուն ձայնն էր լսվում]։

Տիկին Սիրանուշը նշում է նաև, որ թեստը հանձնելու օրվանից մեկուսացած են եղել, դուրս չեն եկել տնից ու հյուրեր չեն ընդունել, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։

Ինքն ու մեծ որդին բուժվել են տանը, ընդունել բժիշկների նշանակած վիտամիններն ու հակաբիոտիկները։ Միջնեկ որդին՝ 29-ամյա Գոռը, որն ուներ նաև երկկողմանի թոքաբորբ, բուժումն անցել է «Արտաշատի բժշկական կենտրոնում»։

«Պալատում երկու հոգով էինք՝ ես ու 35-ամյա մի տղամարդ, որ իմ՝ հիվանդանոց գնալու պահին արդեն 2 շաբաթ այնտեղ էր ու շատ ծանր էր տանում հիվանդությունը, անընդհատ վատանում էր, բժիշկները շուտ-շուտ մտնում, դուրս էին գալիս, շատ ուշադիր էին երկուսիս նկատմամբ էլ»,- պատմում է Գոռը։

Գոռը հիվանդանոցում 7 օր մնալուց հետո դուրս է գրվել։ Պալատի մյուս տղամարդը մնացել է բուժումը շարունակելու։ Ասում է՝ հույս ունի, որ նա նույնպես ապաքինված կլինի։

Հիմա, երբ վարակը հաղթահարել ու վերադարձել է բնականոն կյանքին, վարակի ու հիվանդանոցում անցկացրած օրերի մասին Գոռն առանձնապես չի ուզում հիշել ու խոսել։ Վստահ է՝ յուրաքանչյուր օրգանիզմ վարակի դեմ յուրովի է պայքարում, կարևորը՝ իրավիճակը ճիշտ գնահատելն ու անվտանգության կանոններին ամենայն լրջությամբ վերաբերվելն է։

Ավուշյան եղբայրների տները մոտ են։ Սիրանուշի տեգոր կինը՝ Մանյա Գրիգորյանը, պատմում է իր և սկեսրոջ՝ 82-ամյա տիկին Արմենուհու վիճակի մասին։

«Երբ առաջին անգամ իմանում ես, որ թեստի պատասխանը դրական է, թվում է՝ վերջն է, հիմա մի բան կպատահի հետդ։ Բայց միայն մեկ օր եմ ջերմել, համի ու հոտի զգացողությունս էլ աստիճանաբար վերականգնվել է, արտառոց ոչ մի բան հետս չի պատահել, թեև գլխացավերս երբեմն անտանելի էին դառնում»,- ասում է 43-ամյա Մանյան, որը բուժումը տանն է անցել։

Նրա 2-րդ թեստի պատասխանն արդեն բացասական է, բայց որոշել է մի որոշ ժամանակ էլ տանն անցկացնել։

Տան ավագը՝ Արմենուհի Ավուշյանը, ի տարբերություն հարսների, սկզբում թեթև ցավեր է ունեցել, սակայն հաջորդ օրը կտրուկ վատացել է։ Բուժում 2 տարբեր հիվանդանոցներում է ստացել, նախ՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ ընդհանուր 17 օր։

«Շնչառական տարբեր սարքերով, վերանորոգված, մաքուր պալատ էր, օրվա մեջ մի քանի անգամ էլ ախտահանում էին։ Երկու հոգով էինք։ Ես շատ ուժեղ ցավեր ունեի․ բժիշկների շնորհիվ ոտքի կանգնեցի»,- ասում է տիկին Արմենուհին։

Այժմ նա խոստովանում է, որ կնախընտրեր բարեկամուհուն այցելելու փոխարեն տանը մնալ՝ ընտանիքին հեռու պահելով վարակվելուց և ապրումներից։

Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/06/2020