Տնտեսություն

57%-ով աճել են կաշառքի ստացման և փոխանցման գրանցված դեպքերը․ 2021 առաջին եռամսյակ

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 և 2021 թթ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը։ Տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր գրանցված հանցագործությունները նվազել են 534-ով կամ 7,7%-ով։

Պատկերներում ներկայացված են վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված ընդհանուր հանցագործությունների քանակը ըստ տեսակների և 2020, 2021 թթ․ եռամսյակային տվյալների համեմատականները։

Ոչ մեծ ծանրության, միջին ծանրության և ծանր հանցագործությունների գրանցված դեպքերում՝ 2021 թ․-ին արձանագրվել է 4-10% նվազում, սակայն գրեթե 29%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները։

image-16013

Այս տարվա առաջին եռամսյակում ընդհանուր հանցագործությունների մեջ ավելի քան 40%-ով նվազել են նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

2021 թ․-ին նշված հանցատեսակում ներառված կոռուպցիոն բնույթի, պաշտոնական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման և այլ հանցագործությունների դեպքում ևս գրանցվել է դեպքերի նվազում։ Մինչդեռ շուրջ 57%-ով աճել են կաշառքի ստացման, փոխանցման և միջնորդության գրանցված դեպքերը։

image-16014

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 12%-ով, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման (փողերի լվացում) դեպքերն աճել են։ 2021թ․ առաջին եռամսյակում գրանցվել է այդպիսի հանցագործությունների 6 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը մեկ դեպք։

image-16015

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն այս տարի՝ 2020 թ․-ի հունվար-մարտի համեմատությամբ նվազել են 10,7%-ով։ Այս հացագործությունների խմբում անձնական գույքի հափշտակման, ինչպես նաև կողոպուտի ավելի քիչ դեպքեր են գրանցվել։

image-16016

2021 թ․-ի առաջին եռամսյակում շուրջ 29,7%-ով նվազել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ կազմելով 251 դեպք, իսկ գողության գրանցված դեպքերը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել են 12,4%-ով՝ կազմելով 2447 դեպք։

Վիճակագրական կոմիտեի տվյալներն ամբողջությամբ այստեղ։

Ամփոփեց Լիանա Գրիգորյանը

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/05/2021