Տնտեսություն

Փայտե ձեռագործ ակնոցներ․ գյումրեցի եղբայրների անխոնջ աշխատանքի արդյունքը

Բաբկեն և Դավիթ Խաչատրյանները 2014 թվականից զարգացնում են սեփական բիզնեսը՝ փայտե ձեռագործ ակնոցներ արտադրելով։ Խաչատրյան եղբայրներն ասում են, որ իրենց ստեղծած «Թվինզ» բրենդի հիմքում կոնցեպտուալ մոտեցումներ են դրված։

«Թվինզ» ակնոցները շատ թեթև են՝ 21 գրամ։ Դրանք բաղկացած են 8 շերտից։ Դրանցից մեկը կարբոնային շերտն է՝ ակնոցի ամրությունն ու էլաստիկությունն ապահովելու, միևնույն ժամանակ դեֆորմացման խնդիրները կանխարգելելու համար։

«Փայտից ակնոցները՝ իրենց տարբերվող կոնցեպտով, համացանցում տեսել էի, ու ինձ շատ էր դուր եկել այդ միտքը։ Փորձեցինք հասկանալ՝ ինչպես կարելի է դա վերարտադրել և ստանալ հայկականը։ Բազմաթիվ էքսպերիմենտներից, փորձերից հետո հաջողվեց ստեղծել առաջին օրինակները, զարգացնել դրանք՝ հասցնելով այսօրվա որակին»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Բաբկեն Խաչատրյանը։

Ակնոցների պատրաստման և արտադրման ընթացքում օգտագործվում է փայտի մոտ 20 տեսակ։ Հումքը ներկրվում է իտալական ընկերությունների միջոցով։ Դրանք Հայաստան են գալիս արդեն մշակված գունային գամաներով։ Օգտագործվում են աֆրիկական էբոնիտներ, էվկալիպտ, կոտտո և այլ փայտատեսակներ, որոնք բնականից գեղեցիկ խաղեր ու շքեղ գույներ ունեն։ Ընկերությունն օգտագործում է նաև Հայաստանում առկա փայտատեսակներից, սակայն, ըստ Խաչատրյանների, դրանք շատ քիչ մոդելներում են կիրառվում։

Գյումրեցի եղբայրներից Բաբկենը մասնագիտությամբ դիզայներ է, իսկ Դավիթը՝ ոսկերիչ։ Մասնագիտական հմտությունները եղբայրներին շատ են օգնել դիզայներական և ոճային հարցերում։ Ընդհանուր առմամբ, ընկերությունն արդեն ունի ակնոցների շուրջ 30 մոդել։ Լինում են նաև անհատական պատվերներ, երբ հաճախորդն է առաջարկում թե՛ գույնը, թե՛ ակնոցի ձևը։

«Մեր բրենդի առավելությունը նաև այն է, որ մոդելները միմյանցից տարբերվում են գույնով, դիզայնով, ու հիմնականում նույն ակնոցից երկրորդը չենք ստեղծում։ Ամեն մեկը առնվազն մի դետալով տարբերվում է մյուսից, ինչն ավելի ինդիվիդուալ է դարձնում այն»,- ասում է Բաբկենը։

Ակնոցների մյուս դետալները ևս հիմնականում արտասահմանից են ներկրվում։

«Ապակիները Carl Zeiss ընկերության ոսպնյակներն են, որոնք 100% պաշտպանություն են ապահովում ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Հայկական առաջին ակնոցների բրենդն ենք, որ համագործակցում ենք և գործընկեր ենք գերմանական աշխարհահռչակ այս բրենդի հետ, որն արդեն 170 տարի է՝ զբաղվում է ակնոցների և օպտիկական այլ սարքերի լինզաների արտադրությամբ․ սա մեծ պատիվ է մեզ համար», – ասում է Խաչատրյանը։

«Թվինզի» անձնակազմն ընդլայնվել է տարիների ընթացքում և այժմ բաղկացած է երկու թիմից․ մեկը Գյումրիում է և ապահովում է արտադրական շղթան, մյուսը Երևանում, որը զբաղվում է ադմինիստրատիվ և մարքեթինգային աշխատանքներով՝ դիզայնով, ծրագրավորմամբ, բրենդի առաջխաղացմամբ և ադմինիստրատիվ աշխատանքների կազմակերպմամբ։ Բրենդի համահունչ զարգացման համար պատասխանատու է Բաբկենը։

Փայտե ակնոցների պատրաստման գործընթացը բավականին երկար է տևում. շուրջ 60 գործողություն է կատարվում մինչև վերջնական մշակումն ու ապակիների տեղադրումը։

«Մենք բավականին բարդ կոնցեպտ ենք ընտրել, որի պատրաստման և մշակման եղանակները վարպետություն են պահանջում, ու դրանով տարբերվում ենք շատ բրենդերից՝ ամբողջ աշխարհում։ Հիմնականում Եվրոպայում կոնցեպտուալ բրենդեր կան, որ մեր բրենդին նման են և դրանք բավականին թանկ արժեն՝ սկսած 300-400 եվրոյից»։

«Թվինզի» ակնոցների գները տատանվում են 86 000-115 000 դրամ։ Անհատական պատվերների դեպքում ակնոցի արժեքը կարող է բարձրանալ՝ կախված փայտի և թանկարժեք մետաղների ընտրությունից։

«Բրենդը որակի երաշխիքն է։ Անկախ այն բանից՝ ապրանքը ձեռք բերելու հնարավորություն կա, թե ոչ, գիտակից հաճախորդը, տեսնելով օգտագործվող նյութը, պատրաստման եղանակը, որակը, ընկալում է արժեքի գոյացումն ու փիլիսոփայությունը, իսկ արժեքից անհիմն դժգոհելը անմտություն է», – ասում է Բաբկենը։

«Թվինզը» հանդես է գալիս նաև բնապահպանական նախաձեռնությամբ։ «Մեկ ակնոց՝ մեկ ծառ» կարգախոսով ընկերությունը նպատակ ունի վերադարձնել բնությանը այն, ինչ օգտագործվում է բրենդային պրոդուկտ ստանալու նպատակով, սակայն 2020թ․-ին կորոնավիրուսի և պատերազմի պատճառով այն հետաձգվեց։

«Ծառատունկը պատրաստվում ենք աշնանը կազմակերպել, համագործակցում ենք Armenia Tree Project-ի հետ և մտադիր ենք մեծ միջոցառում կազմակերպել ու շատ ծառեր տնկել»։
Ակնոնցերի բրենդի համահիմնադրի կարծիքով՝ ամենակարևոր ներդրումը ցանկացած բան ստեղծելու, արարելու համար մարդկային ռեսուրսն է, նվիրված թիմը․ «Երկրորդը՝ ժամանակն է, եթե ինչ-որ բանի շատ ժամանակ ես տրամադրում, դա արդեն պրոֆեսիոնալիզմ է։ Այս ամենը գործի դնելով՝ արդյունքները ժամանակի ընթացքում երևում են»։

«Թվինզը» փորձում է նաև այլ երկրների շուկաներ մուտք գործել։

«Ակնոցների մի քանի խմբաքանակ արդեն ուղարկել ենք ԱՄՆ և Եվրոպա։ Կարծում եմ՝ շուտով շատ երկրներում կտեսնեք մեր բրենդը»։

Բացի ակնոցներից, ընկերությունը սկսել է նաև փայտե այլ աքսեսուարների արտադրություն։ Շուտով կայքում կտեղադրվի նաև փայտե թևնոցների, ականջօղերի ու այլ արտադրանքի տեսականի։

«Մեր հումքը շատ գեղեցիկ է, փայտի տեսակները բազմազան են ու ամենակարևորը էկոլոգիապես մաքուր են ու թեթև մարմնի, մաշկի հետ շփման համար»։

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

Լուսանկարները ընկերության պաշտոնական էջից։

Սույն նյութը չի հետապնդում կոմերցիոն նպատակներ։

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/05/2021