Միջազգային

Դոնալդ Թրամփի հնդկաստանյան այցի ժամանակ Դելիում զոհվել է 10 մարդ

BBC-ն նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հնդկաստան առաջին պաշտոնական այցի ժամանակ Հնդկաստանի քաղաքացիության վերաբերյալ նոր օրենքի շուրջ բախումների արդյունքում Դելիում զոհվել է 10 մարդ: Բախումները սկսվել են կիրակի օրը, ըստ երևույթին՝ օրենքին կողմ և դեմ ցուցարարների միջև՝  Դելիի հյուսիս-արևելքում՝ մայրաքաղաքից մոտ 18կմ հեռավորության վրա՝ մահմեդականներով բնակեցված թաղամասերում, որտեղ Թրամփը հանդիպումներ էր անցկացնում հնդիկ ղեկավարների, դիվանագետների և գործարարների հետ:

Անցյալ տարի, քաղաքացիության փոփոխության մասին ընդունված օրենքը, ըստ քննադատների, հակաիսլամական է և դարձել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառ։ Նախկինում Դելիում ցույցերը խաղաղ էին:

Իրանի առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսի վարակակիր է

France24-ի հաղորդմամբ՝ Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Առողջապահության փոխնախարարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

«Կորոնավիրուսի դեմ ակտիվորեն պայքարող Առողջապահության փոխնախարար պարոն Հարիրչիի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել»,- թվիթերի իր էջում գրել է մամլո խոսնակ Ալիռեզա Վահաբզադեն:

Երկուշաբթի օրը կառավարության մամլո խոսնակ Ալի Ռաբիի հետ ասուլիսի ժամանակ Իրաջ Հարիրչին քրտնում էր և երբեմն հազում:

Ասուլիսի ժամանակ Հարիրչին հերքում էր օրենսդրի այն պնդումը, որ շիաների Ղոմ քաղաքում 50 մարդ է մահացել վիրուսից՝ ասելով, որ ինքը հրաժարական կտա, եթե դա ապացուցվի:

Երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Իրանում հաստատվեց մահվան 3 դեպքի ու 34 նոր վարակակրի մասին տեղեկությունը։ Մահվան դեպքերի թիվն արդեն հասել է 15-ի, իսկ վարակակիրներինը՝ 95-ի:

Իսլամական հանրապետությունը տուժել է Չինաստանի սահմաններից դուրս գտնվող կորոնավիրուսի հետևանքով: Առողջապահության նախարարության տվյալներով ՝ վարակակիրները և մահացածները վերջերս սուրբ քաղաք այցելած մարդիկ են եղել:

Տեսանյութերն Ուհանի շուկայից չէին

Տեսանյութերը, որոնցում երևում է, թե ասիացիներն ինչպես են  չղջիկով ապուր ուտում, լայնորեն շրջանառվում են սոցիալական ցանցերում՝ ներկայացնելով, որ չինական կորոնավիրուսի բռնկման հնարավոր աղբյուրը չղջիկ ուտելն է: Պարզվում է՝ տեսանյութերի մեծ մասն արվել է Չինաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու և որևէ կապ չունեն վիրուսի բռնկման հետ: Այս մասին հայտնում է France 24-ը։

France 24-ը հետաքննել է «Չղջիկների ապուր» վերնագրով ամենատարածված չորս տեսանյութերը, որոնք տարածվել են Չինաստանի Ուհան քաղաքում համաճարակի բռնկման մասին հայտնելու պահից սկսած:

Տեսահոլովակը պատմում է շուկայի մասին, որտեղ չղջիկների միս է վաճառվում: Տեսանյութը, որը տեղադրվել է @coronavirusdaily-ի ինստագրամյան էջում, պնդում է, որ այն նկարվել է Ուհան քաղաքի շուկայում: Ավելի ուշ այն հեռացվեց, բայց նույն տեսանյութի մեկ այլ տարբերակ տեղադրվեց Twitter- ում՝ հավաքելով ավելի քան 10 000 դիտում:

«Մենք տեսանյութից վերցրինք պատկերներ և փնտրեցինք դրանք Յանդեքսի պատկերների որոնման բաժնում: Արդյունքում հավաքեցինք մի քանի նմանատիպ տեսանյութ, որոնք նկարվել էին Ինդոնեզիայում: Այնուհետև սկսեցինք անգլերենով որոնել «Ինդոնեզիա» և «չղջիկներ» բառերը, և արդյունքում գտանք տեսանյութի բնօրինակը, որը հրապարակվել էր Յութուբյան հայտնի Travel Thirsty ալիքով»:

Երկօրյա բախումներից հետո Գազայում կրկին խաղաղություն է տիրում

France24-ը գրում է , որ շուրջ երկօրյա բախումներից հետո Գազայում կրկին խաղաղություն է տիրում, քանի որ Իսրայելի և Պաղեստինի իսլամական ջիհադ խմբավորումների միջև հրադադար է կնքվել: Առավոտյան Իսրայելի զինված ուժերի կողմից տարածաշրջանում հրթիռակոծում չի գրանցվել։ Պաղեստինի իշխանութունները նշում են, որ պաղեստինյան անկլավի և Իսրայելի միջև հիմնական սահմանային անցումը վերաբացվել է առավոտյան 9-ին՝ միայն հումանիտար օգնության և օտարերկրյա քաղաքացիների կողմից տարածքը լքելու համար։

Իսլամական ջիհադը հրադադարի մասին հայտարարել է երկուշաբթի երեկոյան, սակայն ավելի ուշ կարճ ժամանակով հետ է քաշվել՝ մեղադրելով Իսրայելին հրադադարը խախտելու մեջ:

«Երկուշաբթի կեսգիշերից առաջ Գազան ականանետներով և հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելի ուղղությամբ»,- հայտարարել է Շար Հանեգև տարածաշրջանի մամլո խոսնակը:

Իսլամական ջիհադը երկրորդ ամենամեծ զինյալ խմբավորումն է Գազայում՝ Համաս իշխող իսլամական շարժումից հետո:

Իսրայելի կողմից, սակայն, ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա։ Զինված ուժերը Գազայի սահմանի մերձակայքում գտնվող համայնքների 65000 աշակերտների ծնողներին անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորել են երեխաներին տանից դուրս չթողնել:

«Նա իմ ամեն ինչն էր». Լոս Անջելեսը սգում է Քոբի Բրայնի մահը

Ինչպես գրում է Reuters-ը՝ փետրվարի 24-ին Բասկետբոլի լեգենդների պատկերասրահում հազարավոր երկրպագուներ էին հավաքվել՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Բասկետբոլի ազգային ասոցացիայի աստղ Քոբի Բրայնթի, նրա դստեր և 7 զոհերի հիշատակին։ Նրանք զոհվել են անցյալ ամիս՝ ուղղաթիռի վթարից։

Նրա այրի Վանեսան, որն ամուսնու հետ ծանոթացել էր 17 տարեկանում, Բրայնթի հիշատակին նվիրված երեկոյին՝ Ստեպլսի (բասկետբոլի դահլիճ) կենտրոնում իր հուզիչ ուղերձի ժամանակ պատմել է, թե ինչպիսինն էր Քոբի Բրայնթը տանը և նրա 20 տարվա կարիերան՝ Լոս Անգելես Լեյքերսի (Ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլ) հետ:

Վանեսան իր ելույթով հիացրել է Բասկետբոլի ազգային ասոցացիայի աստղերին և շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին՝ պատմելով իր 13-ամյա անուշիկ և մեծահոգի դուստր Ջիանայի և հոգեհարազատ ընկերոջ՝ ամուսնու կորստի  մասին:

«Նա իմ ամեն ինչն էր», -նշել է Վանեսան և հավելել, որ նա ավագ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո դարձել էր ԲԱԱ-ի անդամ, լիգայի պատմության հնգակի չեմպիոն և չորրորդ ռմբարկու՝ 33.643 միավորով:

«Աստված գիտեր, որ նրանք չէին կարող ապրել առանց մեկը մյուսի։ Նա ստիպված էր երկուսին տանել դրախտ»,- ասել է Վանեսա Բրայնը։

Օդի ամենաշատ աղտոտվածությամբ աշխարհի 30 քաղաքներից 21-ը Հնդկաստանում են

CNN-ը գրում է, որ համաձայն նոր զեկույցի՝ Հնդկաստանը կրկին գլխավորում է օդի ամենաաղտոտված քաղաքների ցուցակը, մինչդեռ Չինաստանի քաղաքները բարելավել են իրենց դիրքերը նախորդ տարվա համեմատ:

Օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենաաղտոտված 30 քաղաքներից 21-ը Հնդկաստանում են։ Համաձայն «IQAir AirVisual»-ի  2019թ․-ի հաղորդման՝ դրանցից 6-ն առաջին տասնյակում են:

Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի մայրաքաղաք Նյու Դելիի Զազիաբադ քաղաքը, ըստ 2019-ին օդի որակի միջին ցուցանիշի՝ (AQI) 110,2-ով համարվում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը:

Նոյեմբերին, երբ Նյու Դելիի որոշ հատվածներում օդի որակի ցուցանիշը գերազանցեց 800-ը, ինչը երեք անգամ վտանգավոր է, հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարվեց:

Ինչպե՞ս կարող են ունևոր մարդիկ օգնել՝ փրկել մոլորակը կլիմայի փոփոխությունից

CNN-ը հայտնում է՝ որ ունևորները որքան շատ են ճանապարհորդում, այնքան ավելի շատ են ծախսում բրածո վառելիք և հետևաբար ավելի շատ նպաստում ջերմոցային գազերի արտանետմանը: Ինքաթիռով ճանապարհորդելը, շքեղ ապրանքներ ձեռք բերելը, դղյակներ ջեռուցելը և ամենագնացներ վարելն ածխածնի արտանետմանը նպաստող պատճառներ են։

Օքսֆամի մոտավոր հաշվարկներով՝ աշխարհի հարուստների 1%-ի  ածխածնի միջին թողունակությունը 175 անգամ ավելի է, քան ամենաաղքատների 10%-ինը միասին վերցրած։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ կլիմայի փոփոխությունները աղքատների վրա ավելի վատ հետևանքներ են ունենում։

Թարգմանությունը՝ Արմինե Փափազյանի, Աննա Սիմոնյանի, Թամար Սիմոնյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/02/2020