Տնտեսություն

Պետական պարտքը մինչև 2016թ․

25 տարվա անկախության շրջանում պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու, ինչպես նաև տնտեսության բարելավման նպատակով Հայաստանի Կառավարությունը տարիներ շարունակ վերցրել և շարունակում է վերցնել վարկեր միջազգային կազմակերպություններից և երկրներից` պետական պարտքը մոտեցնելով մտահոգիչ սահմանագծին: 2001 թ. համեմատությամբ` այսօր արդեն Հայաստանի պետական պարտքը ավելացել է ավելի քան 5 անգամ։ 2016 թ. դեկտեմբերի դրությամբ այն կազմում է մոտ 5,9 մլրդ ԱՄՆ դոլար` պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մոտեցնելով 55%-ի: Սակայն դա կարծես այլևս Կառավարության համար մտահոգիչ սահման չի համարվում: Պարտքի կտրուկ աճ տեղի ունեցավ 2009 թ., երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը իր խորը ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի վրա:

Իրավիճակ

Պետական պարտքը կազմվում է Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարից: Այս գումարի առյուծի բաժինը` մոտ 5,4 մլրդ ԱՄՆ դոլարը, կուտակել է Հայաստանի Կառավարությունը, իսկ 505 միլիոն դոլարը` Կենտրոնական բանկը: Պետական պարտքի 81%-ը արտաքին պարտքն է, որը Հայաստանը վերցրել է մեկ տասնյակից ավելի միջազգային կազմակերպություններից և մի շարք երկրներից, այդ թվում` Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Եվրամիությունից: Վարկերը հիմնականում տրամադրվել են դոլարով, ճապոնական իենով, եվրոյով, Արաբական Միացյալ Էմիրությունների արժույթով` դիրհամով, չինական յուանով և SDR (Special drawing rights` փոխառության հատուկ իրավունքներ) պայմանական հաշվարկային միավորով:

2015 թ. հունիսին Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ընդունեց «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Ըստ այդ փոփոխությունների ընդամենը օրենքի համապատասխան հոդվածներում «պետական պարտք» բառերը փոխվեցին «կառավարության պարտք» բառերով, «պետական» բառը` «կառավարություն» բառով: Պատճառն այն էր, որ օրենքը սահմանում էր պետական պարտքի համար վերին շեմը, որին արդեն հասնելու վտանգ կար: Օրենքում նշվում է, որ պարտքի ընդհանուր գումարը, որը, ինչպես նշվեց Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է, յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր 31-ի դրությամբ չպետք է գերազանցի երկրի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 60%-ը: Մինչդեռ 2015 թ. հունիսի կանխատեսումների համաձայն` պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն արդեն մոտենում էր մտահոգիչ սահմանին: Նման փոփոխության արդյունքում պետական պարտքն «ազատվեց» օրենքում ամրագրված սահմանափակումներից` հնարավորություն ստանալով նոր վարկեր ներգրավելու:

Աղբյուր` Հայաստանի Ֆինանսների նախարարություն

Պատմական ակնարկ

«Հայաստանի պարտքի կայունության» 2011 թվականի հաշվետվության համաձայն` 1990-ականների սկզբներին պարտքի գոյացման հիմնական պատճառը եղել է ձեռնարկությունների` էլեկտրաէներգիայի կուտակած վարձավճարները, որոնք փոխակերպվել են պետական պարտքի: Բացի այդ, բյուջեի պակասուրդի զգալի մասը ֆինանսավորվել է արտաքին վարկերի հաշվին: Սակայն այդ տարիներին պետական պարտքի ծավալներն այդքան էլ մեծ չեն եղել: 2009 թ.-ից` համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, Հայաստանի արտաքին պարտքը կտրուկ աճեց: Այդ ժամանակից սկսած այն զգալի ծավալներով ավելանում է: Նույն հաշվետվության մեջ նշվում է, որ պատճառը ֆինանսական ճգնաժամի հետևանքով հավաքվող եկամուտների կրճատումն էր, ինչի համար էլ կառավարությունը պարտադրված էր դիմել արտաքին փոխառությունների` տնտեսական կայուն աճը պահպանելու և անապահով, խոցելի խմբերին պաշտպանելու համար:


Կարդացեք նաև․ Թանկացումների խժռած 2021-ը․ տնտեսական տարին՝ թվերով


Վերցրած վարկերը հիմնականում երկարաժամկետ են, այսինքն` տրամադրվում են 5-ից ավելի տարով: Միջին տոկոսադրույքը 4,9% է: Հայաստանի բյուջե 2014-2016 պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում նշված է, որ 2012 թ. տարեվերջի դրությամբ ձևավորված կառավարության ներքին պարտքի մարումները սփռված են մինչև 2032 թ., իսկ արտաքին պարտքինը` մինչև 2050 թ.: 2016 թ. առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի Կառավարությունը պարտքի միայն սպասարկման համար բյուջեից արդեն վճարել է 70,3 մլրդ դրամ, որը շուրջ 12 մլրդ դրամով ավելի է 2015 թ. նույն ժամանակահատվածում կատարած մուծումներից:

Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը կարծում է, որ պետական պարտքի մասին պաշտոնական տվյալները չեն արտացոլում իրական պատկերը: «2013 թվականին պարզվեց, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից տրամադրված գազի դիմաց կուտակել էր 300 միլիոն դոլարի պարտք, որը ոչ մի տեղ արձանագրված չէր: Այդ պարտքը մարելու համար Հայաստանը ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությանը զիջեց «Հայռուսգազարդում» ունեցած իր 20% բաժնեմասը, և «Գազպրոմը» դարձավ «Հայռուսգազարդի» 100% սեփականատերը: Թե ներկայումս որքան պարտքեր կան, որոնք արտացոլված չեն պաշտոնական տեղեկանքներում, շատ դժվար է ասել»,- նշում է վերլուծաբանը:

Փաստարկ

Հայաստանը պարտքերը վճարելուց խուսափելու դեպքում կզրկվի նոր վարկեր ստանալու հնարավորությունից, ինչն աղետալի հետևանք կարող է ունենալ տնտեսության վրա: Պետական պարտքի մարման բեռն ընկնած է պետական բյուջեի վրա, հետևաբար, պարտքը պատկանում է ցանկացած ՀՀ քաղաքացու, ով այս կամ այն կերպ հարկ է վճարում պետական բյուջե: Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի «իր ուսերին» ունի պետության կողմից կուտակված լրացուցիչ շուրջ 1975 դոլար պարտք (հաշվարկն արված է պաշտոնական տվյալների հիման վրա` 2016 թ. դեկտեմբերի դրությամբ պարտքի չափը` մոտ 5,9 մլրդ դոլարը բաժանելով 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի վրա, որը կազմում էր 2 մլն 986 հազար 500 մարդ): Այս դեպքում չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար այդ բեռը կկազմի 7900 դոլար` չհաշված տոկոսադրույքները:

Այդուհանդերձ, դիտարկելով զարգացած երկրների ունեցած պարտքի կամ պարտք-ՀՆԱ հարաբերակցության չափը, պարզ է դառնում, որ պարտքի չափը կամ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կարծես թե ինքնին խնդիր չէ: Այսպես, օրինակ` եթե 2015 թ. դրությամբ Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր շուրջ 42%, ապա Ճապոնիայում այն կազմել է շուրջ 230%, Գերմանիայում` 71%, իսկ Սաուդյան Արաբիայում` մոտ 6%: Սակայն զարգացած երկրների տնտեսական աճը թույլ է տալիս և պարտքը մարել, և պահպանել տնտեսության բնականոն զարգացումը: Օրինակ` Ճապոնիայի պետական պարտքի մեծ մասը ձևավորվել է ներքին վարկատուների հաշվին, այսինքն` վարկի մարումը կատարվում է երկրի ներսում: Մինչդեռ Հայաստանը վարկի մարման գումարները երկրից դուրս է փոխանցում:

Փորձագետի կարծիք


Հայաստանին տրամադրվող վարկերի մեծ մասը փափուկ վարկեր են` ցածր տոկոսադրույքներով և սպասարկման երկարատև ժամկետներով: Դրանց արդյունավետ օգտագործման պարագայում հնարավոր է հրաշալի արդյունքներ ունենալ: Սակայն Հայաստանում դրանք օգտագործվում են խիստ անարդյունավետ: Օրինակ` վարկեր են տրամադրվել, դիցուք, դատական համակարգի բարեփոխման համար: Դրանք ծախսվել են ճոխ շենքեր կառուցելու համար, սակայն դատարանները չեն դարձել ավելի ազատ ու արդար: Իսկ կոռումպացված դատարանները երաշխիք են, որ երկիրն ընդհանրապես և տնտեսությունը, մասնավորապես, չզարգանան: Բոլոր իմաստներով կարելի է արձանագրել, որ ներգրավված վարկերը խիստ անարդյունավետ  են օգտագործվում, ինչը պայմանավորված է բարեփոխումների իսպառ բացակայությամբ:

Հայկ Գևորգյան

տնտեսագետ



Հրապարակվել է` 18/10/2016