Տնտեսություն

Արտաքին ներդրումները Հայաստանում

ասդգքագա

Արտաքին եւ ներքին ներդրումները երկրի տնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեն։ Ներդրումների աճը կամ նվազումը ցույց է տալիս, թե գործարար միջավայրի համար որքանով է բաց, ճկուն եւ կայուն տնտեսությունը: Հայաստանի պարագայում հիմնական ներդրումները կատարվում են իրական հատվածում, այսինքն՝ կապիտալ ներդրումների ձեւով, հիմնականում՝ ապրանքների եւ ծառայությունների, արտադրության միջոցների շուկաներում: Հայաստանը չունի զարգացած ֆինանսական (արժեթղթերի, արժույթի, դրամական, ժամկետային) շուկա: Իսկ վիճակագրության համաձայն՝ Հայաստանում կատարվող ներդրումները տարեցտարի նվազում են:

Իրավիճակ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի հաշվետու զեկույցում նշել էր․ «Հայաստանի տնտեսության, այսպես ասած, «իմունիտետը» շատ է փոխվել այս տարիների ընթացքում։ Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով՝ կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ալիքները եւ չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ»։ Իսկ «Հայաստան. Ներդրումային համաժողով 2016»-ի ելույթում, որպես ներդրումների առավելություններ, նախագահն առանձնացրել էր տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում առաջընթացը, մարդկային կապիտալը, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շուկայի ներուժը, Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան առեւտրատնտեսական լավ հարաբերությունները:

Սույն հրապարակումով կներկայացվեն վերը նշված բաղադրիչներն առանձին-առանձին՝ հիմնվելով վիճակագրության վրա: Ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ ստեղծված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետազոտության, 2015թ. Հայաստանում գործել է ՏՏ ոլորտի 417 ձեռնարկություն (ներառված չեն ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունները), ինչը 54-ով ավել է 2014թ. համեմատ: Ոլորտի եկամուտը 2015թ. կազմել է շուրջ 426 միլիոն ԱՄՆ դոլար, ինչն էլ մոտ 18%-ով է ավել 2014թ. համեմատ: ՏՏ ոլորտի եկամուտը 2015թ. կազմել է երկրի ՀՆԱ-ի 4%-ը: Եկամտի 56%-ը բաժին է ընկնում տեղական 267 ընկերություններին: Ոլորտում գործող մնացած 150 օտարերկրյա ընկերությունների ստացած եկամտի միայն չնչին մասն է մնում երկրում՝ աշխատավարձերի եւ այլ ծախսերի տեսքով: Այնուամենայնիվ, նման ներդրումներն ընդհանուր դրական ազդեցություն կարող են ունենալ տեղական ՏՏ միջավայրի զարգացման վրա, ինչի վկայությունը 2015թ. 48 նոր տեղական ձեռնարկությունների գրանցումն է:

Մինչդեռ Հայաստանի մարդկային կապիտալը, որպես ներդրումների առավելություն, այնքան էլ միանշանակ չէ, քանի որ արտագաղթն իր ուղիղ ազդեցությունն է ունենում շուկայի փոքրացման վրա՝ հանգեցնելով ուղեղների արտահոսքի: Միջազգային զեկույցներում Հայաստանի աշխատուժը գնահատվում է որպես ոչ մասնագիտացված:

Շուկայի ընդլայնումը եւս հարաբերական է, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՏՄ անդամների հետ: Ապրանքների արտահանումը Ռուսաստան տեղի է ունենում Վրաստանի տարածքով՝ առաջացնելով տարանցիկ տրանսպորտային լրացուցիչ ծախսեր: ԵՏՄ-ին անդամակցումը նաեւ խոչընդոտներ է հարուցում Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների խորացման համար:

Արտաքին ներդրումների շարժընթաց

Սերտորեն փոխկապակցված ժամանակակից տնտեսության պայմաններում 2008-2009թթ. միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր կարող շրջանցել որեւէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը: Արտաքին ներդրումները շեշտակի անկում ապրեցին 2008թ. հետո, եւ մինչ այժմ չի վերականգնվում մինչճգնաժամային ներդրումների մակարդակը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), ինչպես նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ 2008-2013թթ. իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը նվազել են 52,5%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 72,9%-ով: 2014թ. ԱՎԾ-ի կողմից ներդրումների հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունից հետո դժվար է գնահատել 2013-2014թթ. ներդրումների շարժը: Իսկ 2014-2015թթ. օտարերկրյա ներդրումների անկումը կազմել է 35,7%:

Այնուամենայնիվ, ներդրումների անկման պատճառը միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր: 2015թ., երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, նվազեցին ներդրումները Ֆինլանդիայից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, եւ միայն չնչին կերպով աճեցին Ռուսաստանի կողմից կատարված ներդրումները: Ռուսաստանի տնտեսությունն իր հերթին տուժել է Արեւմուտքի կողմից քաղաքական եւ տնտեսական մեկուսացման պատճառով: Ըստ ՀԲ-ի զեկույցի՝ 2012-2013թթ. Եվրոպական միության ներդրումները Ռուսաստանի ներդրումների համեմատ կրկնակի ավելին են եղել:

Կանոնավոր անկում են ապրել նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈԻՆ): 2014-2015թթ. դրանք նվազել են 48%-ով: ՕՈՒՆ-ի դեպքում ներդրողը ստանում է ընկերության բաժնետոմսերի 10 եւ ավելի տոկոսը, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել ընկերության կառավարմանը: 2010-2015թթ. ՕՈՒՆ-ները կատարվել են հիմնականում ենթակառուցվածքների ոլորտում` էներգետիկա, հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն: Սա հնարավորություն է տալիս պահպանել ներդրողի տնտեսական ազդեցությունը երկրի վրա:

Խոչընդոտներ եւ հնարավորություններ

Հայաստանը երկկողմ ներդրումային համաձայնագրեր ունի 37 երկրների հետ, որոնք էլ հիմնական օտարերկրյա ներդրողներն են: Ըստ ԱՎԾ-ի, 2016թ. առաջին կիսամյակին օտարերկրա ներդրողների առաջին հնգյակում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները եւ Իռլանդիան: 2015թ. այդ հնգյակի կազմը լիովին տարբեր էր` Արգենտինա, Շվեյցարիա, Ռուսաստան, Լյուքսեմբուրգ եւ Գերմանիա: Սա վկայում է Հայաստանի ներդրումային դաշտի անհամակարգվածության, ներդրողներին երկրում պահելու չգործող քաղաքականության մասին:

Հայաստանում արտաքին ներդրումներին խոչընդոտող գործոնները կարելի է բաժանել երկու խմբի՝ պայմանավորված բնական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական ներդրումային քաղաքականությամբ: Առաջինի մեջ են մտնում բնական ռեսուրների սակավությունը, ներքին շուկայի փոքրությունը, ոչ բազմազան արդյունաբերությունը, փակ սահմանները հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: Ըստ ՀԲ-ի կողմից Հայաստանի համար կատարված ուսումնասիրության՝ ներդրումների աճին խոչընդոտող երկրորդ խմբի գործոնները ներդրողների գործունեության համար անհավասար պայմաններն են՝ պետական մարմինների կոռումպացվածությունը եւ միջամտությունը, թույլ դատական համակարգերը, չափազանց երկարատեւ եւ ծախսատար գործընթացները, կոռուպցիան, օրենսդրության հաճախակի փոփոխությունները:

Օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում Հայաստանի իրական հնարավորություններից է Սփյուռքի առկայությունը, որի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում: Սփյուռքահայ ներդրողները բախվում են նույն խնդիրներին, ինչ մյուս ներդրողները: Այնուամենայնիվ, սփյուռքահայերը զգալի ներդրումներ են կատարում ադամանդագործության, ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, շինարարության, զբոսաշրջության եւ առեւտրի ոլորտներում:

Ներդրումների խթանմանն է ուղղված ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) ստեղծումը: ԱՏԳ-ում գործող կազմակերպություններին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի եւ մաքսատուրքի վճարման արտոնություններ:  Ներկայումս Հայաստանում առկա է երկու ԱՏԳ՝ «Ալյանս» եւ «Մերիդիան», որոնք գործում են համապատասխանաբար 2013 եւ 2014թ-ից: «Ալյանսն» ունի բարձր եւ նորարարական տեխնոլոգիաների արտադրության եւ արտահանման ուղղվածություն: Իսկ «Մերիդիանի» ուղղվածությունը ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավումը եւ այդ ոլորտներում ապրանքների արտադրությունն ու արտահանումն է:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • «Փողը երկրից գնում է. բացասական ներդրումների ժամանակը»։
  • «Օտարերկրյա ուղղակի ներդրումների գլոբալ, տարածաշրջանային միտումները եւ դրանց դինամիկան Հայաստանում»։
  • «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 40%-ով նվազել են. ԵՏՄ-ն չարդարացրեց հույսերը»։

Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn