Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի 12 քաղաքական ուժ` ընդհանուր 979 թեկնածուներով, ինչը մասնակցային առումով աննախադեպ աճ է՝ համեմատած 2017թ. Երևանի ավագանու ընտրությունների հետ: Եթե 2017թ. քաղաքային իշխանությունների համար պայքարում էր 3 քաղաքական ուժ՝ ընդհանուր 308 թեկնածուներով, ապա այս անգամ, միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 193, իսկ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը` ավագանու 169 թեկնածուներով: Այս անգամ ընտրություններին չի մասնակցում Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մինչդեռ նախորդ ընտրություններում այն մասնակցում էր 195 անդամից բաղկացած ցուցակով:
Ավագանու 979 թեկնածուները պայքարելու են
Երևանի ավագանու ընդամենը 65 տեղի համար:
Սահմանված ժամկետում՝ մինչեւ օգոստոսի 29-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) գրանցման համար փաստաթղթեր էր ներկայացրել 13 քաղաքական ուժ. 9 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք: Սակայն սեպտեմբերի 3-ին պարզ դարձավ, որ գրանցվածներից Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց: Ինքնաբացարկ են ներկայացրել նաև 3 քաղաքական ուժի մեկական թեկնածուներ՝ Մարիամ Վռամի Հովսեփյանը («Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն), Հասմիկ Հրանտի Իգիթյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) և Հենրիկ Հոկտեմբերիկի Բադանյանը («Հայք» (Հայկազուններ) կուսակցություն): Այսպիսով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի 8 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով:
ԿԸՀ-ն արդեն սահմանել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: Օգոստոսի 20-ից սկսած հասանելի է նաև Երևան համայնքի ընտրողների թիվը՝ 853. 390 անձ:
Ընտրողների ցուցակները սեպտեմբերի 3-ից բեռնելու հնարավորությամբ տեղադրված են Police.am կայքում: Դրանք նաև պետք է փակցված լինեն տեղամասային կենտրոններում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 44 տեղական ԶԼՄ-ի 620, և օտարերկրյա 5 ԶԼՄ-ի 10 ներկայացուցիչ: Դիտորդական առաքելություն կիրականացնի 8 տեղական հասարակական կազմակերպության թվով 662 դիտորդ:
Նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն է 1000-100 000 դրամ՝ կախված հեռուստաընկերությունից և ռադիոընկերությունից, իսկ մեկ օրվա եթերաժամանակը՝ 6-60 րոպե է, որը ևս կախված է հեռուստաընկերությունից և ռադիոընկերությունից:
Սեպտեմբերի 10-ին մեկնարկած քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 21-ին: Ընտրությունների նախորդող օրը՝ սեպտեմբերի 22-ին, լռության օր է:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել էր վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Տեղեկությունը հաստատել էին նաև ՀՀ կառավարությունից:
Փորձագետի կարծիք
2017 թվականին, քանի որ Երևանի ընտրությունները Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը 6 շաբաթ հետո էին, տեսախցիկները ուղղակի չհանվեցին: Այնինչ, հիմա պետք էր լինելու այդ ամենը նորից գնել, տեղադրել և դա ֆիզիկապես հնարավոր չէր լինի հասցնել: Տեսախցիկները ֆիզիկապես կան տարբեր գերատեսչությունների պահեստներում՝ բավարար քանակությամբ՝ Երևանի ընտրությունները սպասարկելու համար, բայց դրանց տեղադրման և սպասարկման հետ կապված կարող է առաջանար մոտ 1 մլն դոլարի չափի ծախսեր:
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար
Ամփոփեց Գայանե Մելիքյանը
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
Կարդացեք նաև
- Գերեզմանոցներին հատկացվող տարածքի պակաս Երեւանում
- Երեւանյան տրանսպորտի անվերջ ճգնաժամը
- Երեւանի սահմանափակ մատչելիություն
- Նուբարաշենի աղբավայր՝ քաղցկեղ Երեւանի սրտում
- Երեւանի ավագանու ընտրություններ 2017. ի՞նչ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 14/09/2018