Ընտրություններ

979 թեկնածու՝ Երևանի ավագանու 65 տեղի համար. Ընտրություններ 2018

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի 12 քաղաքական ուժ` ընդհանուր 979 թեկնածուներով, ինչը մասնակցային առումով աննախադեպ աճ է՝ համեմատած 2017թ. Երևանի ավագանու ընտրությունների հետ: Եթե 2017թ. քաղաքային իշխանությունների համար պայքարում էր 3 քաղաքական ուժ՝ ընդհանուր 308 թեկնածուներով, ապա այս անգամ, միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 193, իսկ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը` ավագանու 169 թեկնածուներով: Այս անգամ ընտրություններին չի մասնակցում Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մինչդեռ նախորդ ընտրություններում այն մասնակցում էր 195 անդամից բաղկացած ցուցակով:

Ավագանու 979 թեկնածուները պայքարելու են
Երևանի ավագանու ընդամենը
65 տեղի համար:

Սահմանված ժամկետում՝ մինչեւ օգոստոսի 29-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) գրանցման համար փաստաթղթեր էր ներկայացրել 13 քաղաքական ուժ. 9 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք: Սակայն սեպտեմբերի 3-ին պարզ դարձավ, որ գրանցվածներից Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց:  Ինքնաբացարկ են ներկայացրել նաև 3 քաղաքական ուժի մեկական թեկնածուներ՝ Մարիամ Վռամի Հովսեփյանը («Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն), Հասմիկ Հրանտի Իգիթյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն)  և Հենրիկ Հոկտեմբերիկի Բադանյանը («Հայք» (Հայկազուններ) կուսակցություն): Այսպիսով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի 8 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով:

ԿԸՀ-ն արդեն սահմանել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: Օգոստոսի 20-ից սկսած հասանելի է նաև Երևան համայնքի ընտրողների թիվը՝ 853. 390 անձ:

Ընտրողների ցուցակները սեպտեմբերի 3-ից բեռնելու հնարավորությամբ տեղադրված են Police.am կայքում: Դրանք նաև պետք է փակցված լինեն տեղամասային կենտրոններում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 44 տեղական ԶԼՄ-ի 620, և օտարերկրյա 5 ԶԼՄ-ի 10 ներկայացուցիչ: Դիտորդական առաքելություն կիրականացնի 8 տեղական հասարակական կազմակերպության թվով 662 դիտորդ:

Նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն է 1000-100 000 դրամ՝ կախված հեռուստաընկերությունից և ռադիոընկերությունից, իսկ մեկ օրվա եթերաժամանակը՝ 6-60 րոպե է, որը ևս կախված է հեռուստաընկերությունից և ռադիոընկերությունից:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկած քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 21-ին: Ընտրությունների նախորդող օրը՝ սեպտեմբերի 22-ին, լռության օր է:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել էր վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Տեղեկությունը հաստատել էին նաև ՀՀ կառավարությունից:

Փորձագետի կարծիք


2017 թվականին, քանի որ Երևանի ընտրությունները Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը 6 շաբաթ հետո էին, տեսախցիկները ուղղակի չհանվեցին: Այնինչ, հիմա պետք էր լինելու այդ ամենը նորից գնել, տեղադրել և դա ֆիզիկապես հնարավոր չէր լինի հասցնել: Տեսախցիկները ֆիզիկապես կան տարբեր գերատեսչությունների պահեստներում՝ բավարար քանակությամբ՝ Երևանի ընտրությունները սպասարկելու համար, բայց դրանց տեղադրման և սպասարկման հետ կապված կարող է առաջանար մոտ 1 մլն դոլարի չափի ծախսեր:

Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար


Ամփոփեց Գայանե Մելիքյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Կարդացեք  նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 14/09/2018