Եթե ունեք Contigo ջրի մանկական շշերից, անմիջապես հեռու պահեք դրանք երեխաներից։ Այս մասին հայտարարում է այս շշերը արտադրող ընկերությունը։
Ընկերությունը վերացրել է այդպիսի՝ ջրի մանկական շշերից մոտ 5,7 միլիոնը՝ մտավախություն ունենալով, որ խմելու պահին շշի խցանը կարող է առանձնանալ և շնչահեղձության պատճառ հանդիսանալ երեխայի համար: Այս մասին հաղորդում է CNN-ը։
Սա ընկերության երկրորդ ահազանգն է՝ նախորդ տարվա՝ 2019թ. օգոստոսի ահազանգից հետո, երբ շշերի հետ տրամադրվում էին փոխարինման խցաններ․ բայց ապարդյուն։
Ջրի համար նախատեսված շշեր արտադրող կազմակերպությունը 427 նամակ է ստացել այն մասին, թե ինչպես է պոկվում շշի խցանը խմելու ժամանակ և հայտնվում երեխայի բերանում։
«Costco», «Walmart», «Target» և այլ տարբեր առցանց խանութներ այս ապրանքները վաճառել են 2018թ. ապրիլից 2020թ. փետրվարի 7-ը: Երեկ այդ մասին ասվել է ԱՄՆ սպառողական արտադրանքի անվտանգության հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Սպառողները պետք է անհապաղ դադարեցնեն օգտագործել ջրի համար նախատեսված շշերը, և նախորդ հիշեցման մեջ տրամադրված փոխարինվող խցանները:
Հաղորդագրության մեջ ասվում՝ «Հեռացրե՛ք այն ձեր երեխաներից»։
Ֆեյսբուքը «խոր մտահոգություն» է հայտնում Սինգապուրի կողմից էջի արգելափակման հրահանգից հետո
BBC-ի հաղորդմամբ՝ Ֆեյսբուքն իր մտահոգություն է հայտնել այն բանից հետո, երբ Սինգապուրը հրահանգել է արգելափակել լրատվական կայքերից մեկի էջը:
Սինգապուրի իշխանություններն ասում են, որ «States Times Review» լրատվականը խախտել է վերջերս ընդունված «կեղծ լուրերի մասին» օրենքը և բազմիցս ապատեղեկատվություն տարածել։
Ֆեյսբուքը տեղեկացնում է, որ «արգելափակումն իրավաչափ է», բայց «չափազանց մտահոգիչ», նաև ավելացնում, որ Սինգապուրի հրահանգը կարող է «ճնշել խոսքի ազատությունը»:
Օրենքը, որը հայտնի է «Առցանց կեղծիքներից և մանիպուլյացիայից պաշտպանություն» անվամբ, ուժի մեջ է մտել նախորդ տարվա հոկտեմբերից:
Սինգապուրի իշխանությունները հայտարարել են, որ այնպիսի օրենքների անհրաժեշտություն ունեն, որոնք կկանխեն ռասսայական և կրոնական թեմաներով կեղծ լուրերը և բավարար ուժ՝ կեղծիքի վիրուսային տարածումը արագ կանխելու համար:
Ֆեյսբուքի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ իրենց համոզմամբ, նման հրահանգներն անհամաչափ են և հակասում են Սինգապուրի այն պնդմանը, որ նոր օրենքը չի օգտագործվելու որպես գրաքննության գործիք:
Հարրին և Մեգանը առերեսվում են ընտանեկան «բրենդի» հավանական կորստի հետ
Reuters-ը գրում է` Բրիտանական թագավորական ընտանիքը քննարկում է արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգանի հետ, թե արդյոք կշահարկվի թագավորական բրենդը նրանց անվան կողքին, այն բանից հետո, երբ նրանք անսպասելի կերպով որոշեցին նոր կյանք սկսել Կանադայում։
Անցած ամիս զույգը համաձայնության է եկել Հարրիի տատիկի՝ թագուհի Եղիզաբեթի հետ, որ իրենք այլևս մաս չեն կազմի թագավորական ընտանիքի՝ այն անակնկալ հայտարարությունից հետո, թե իրենք ցանկանում են ստեղծել «առաջադիմական նոր կերպար», որը հույս ունեն ֆինանսավորել իրենց ուժերով։
«Քանի որ Սասեքսի դուքսը և դքսուհին ետ են կանգնում իրենց պաշտոնից՝ որպես թագավորական ընտանիքի ավագ անդամներ, և կաշխատեն ֆինանսապես անկախանալու ուղղությամբ, այս համատեքստում «թագավորական» բառի կիրառումը պետք է վերանայվի», -ասաց թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը, ըստ որի քննարկումները դեռ շարունակվում են։
Աշխատակիցներին վերապատրաստում են վիրտուալ իրականության միջոցով
Reuters-ի համաձայն՝ ապագայում վերապատրաստումը ժամից ավել տևող ձանձրալի քննություն չի լինի և գործատուն աշխատակիցների առջև այլևս վատ իրավիճակում չի հայտնվի։
Խնդիրը կարող են հեշտացնել վիրտուալ իրականության ակնոցները։ Դրանք կարող են ձեզ օգնել տասը րոպեում ընկալել նյութը:
Այս ամենը կապված չէ հրաշքների կամ գիտության ոլորտի հետ, բայց շատ լավ է աշխատում իրարից հեռու գտնվող Վոլմարթ, Ֆիդելիթ, Ինվեսթմընթ և Էքսենչր ընկերությունների համար:
«Ահա թե ինչ են անում օդաչուները շուրջ հիսուն տարի։ Դու թռչում ես ինքնաթիռով՝ առանց այն վարելու»,- ասաց Սթրայվրի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Դերեք Բելչը, որը նաև Կալիֆոռնիա նահանգի Մենլո Փարկում տեղակայված վիրտուալ ուսուցման կազմակերպիչն է:
«Մենք այն կարող ենք տրամադրել ցանկացած ոլորտի աշխատակցի»:
Լաբորատոր պայմաններում ստեղծված ադամանդի փայլը
Արհեստակա՞ն, թե՞ բնական ադամանդներ: Երիտասարդներն հավանություն չեն տալիս բնական ադամանդներին դրանց բնապահպանական և մարդասիական մեծ արժեքների պատճառով:
2019-ի հունվարյան մի մռայլ առավոտ Մեգան Մարկլը զբոսնում էր Լոնդոնի փողոցներից մեկում։ Նա նոր վերարկու և բարձրակրունկներ էր կրում, բայց նրա հագուստը չէր, որ գրավեց աշխարհի ուշադրությունը: Այլ նրա փայլուն, արհեստական ադամանդներով ականջօղերը: Այս մասին գրում է BBC-ին։
Ըստ «Kimaï» ընկերության հիմնադիր Սիդնեյ Նեուհաուսի՝ Մարկլի ականջները զարդարող ադամանդներն աճեցնելու համար ընդամենը 5 օր է պահանջվել: Նա և իր համահիմնադիր Ջեսսիկա Ուորխը մեծացել են ադամանդագործների ընտանիքում, ապրելով Ադամանդագործական բիզնեսի կենտրոն Անտվերպենում։
Նեուհաուսի հայրն ադամանդե զարդերի խանութի սեփականատեր է, իսկ պապը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է Դե Բիրսում, զարգացնելով ադամանդագորգործության իր կարիերան։
Չնայած առևտրի ոլորտում իրենց ականավոր ընտանիքների պատմություններին, Նեուհաուսը և Ուորխը դադարեցին աշխատել հասարակ ադամանդներով՝ դրանց արդյունահանման, բնապահպանական և մարդասիրական ահռելի ծախսերի պատճառով:
Մեզ մարդու նման չեն վերաբերվում. հղի դերասանուհիներ
BBC-ի փոխանցմամբ՝ Քլեյր Դանեսի կլորիկ փորիկը «Հոմլենդ» նախագծի երկրորդ եթերաշրջանում թաքցրել էին համակարգչային գրաֆիկայի միջոցով։ Իսկ Օլիվիա Քոլմենը «Գիշերային Մենեջեր» սերիալի նկարահանման ընթացքում իր փորը թաքցնում էր մեծ հագուստներով։ Բայց, երբ «Իքս ֆայլս» սերիալում Գիլիան Անդերսոնի մեծ փորն այլևս չէին կարող թաքցնել, այլմոլորակայիններն առևանգեցին «Սկուլիին»։
Ֆիլմի արտադրությունը ոչ բոլոր դերասանների հանդեպ է ներողամիտ գտնվել։
Այն դերասանուհիները, որոնք ավելի փոքր հատվածներ են խաղացել ֆիլմերում և գովազդներում, պարզել են, որ հղիությունը ստիպված են թաքցնել ոչ թե հեռուստադիտողից, այլ հենց ֆիլմ արտադրողից։
Դերասանուհիներից ոմանք մեծ հաջողությունների են հասել, բայց շատերը տառապում են աշխատուժի փոփոխության և չափազանց մեծ մրցակցության պատճառով, երբեմն նրանց նկատմամբ նույնիսկ տարրական հարգանք չեն ցուցաբերում:
BBC-ի հետ զրույցում կանայք ասել են, որ հղիության ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը, իսկ երբեմն նույնիսկ լսումների փուլը չեն հաղթահարել: Նրանք ստիպված են եղել հղիության մասին հայտնել լսումների ընթացքում կամ էլ հարցազրույցի ժամանակ։
Ռեփեր Փոփ Սմոքը սպանվել է տնային ներխուժման հետևանքով
CNN-ը հաղորդում է, որ համաձայն իրավապահ մարմինների՝ չորեքշաբթի երեկոյան, Կալիֆոռնիա նահանգի Հոլիվուդ Հիլս քաղաքում տնային ներխուժման հետևանքով մահացել է ռեփեր Փոփ Սմոքը:
20 տարեկան երգիչն անցած շաբաթ թողարկել էր իր երկրորդ ձայնասկավառակը, և մեծ հաջողություններ գրանցել:
Ոստիկանությունը մամուլի ասուլիս է անցկացրել տնային ներխուժման մասին, բայց ռեփերի անունը չի հրապարակել:
Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի կապիտան, Հոլիվուդի հրամանատար Սթիվ Լուրին տեղեկացրել է, որ առավոտյան ժամը 8-ի սահմաններում իրավապահները հեռախոսազանգ են ստացել, «երկրի արևելքում ապրող ինչ-որ մեկ»-ից, ով հայտնել է, որ իր ընկերներից մեկի տուն են ներխուժել, և որ կասկածյալներից մեկի մոտ զենք կա։
Կապիտանն ասել է, որ սպաները ներսում հրազենային վիրավորում ստացած մի տղամարդու են հայտնաբերել, որին տեղափոխել են Լոս Անջելեսի Սեդարս-Սինայի բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց նա մահացել է:
«Դեռևս հայտնի չէ, թե տունն ում է պատկանում»,- ասել է նա։
Թարգմանությունը՝ Վարդուշ Վանյանի, Աննա Սիմոնյանի, Մարիամ Վարդանյանի
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 21/02/2020