Մեր մասին Էթիկա











Միջազգային

Ինչու է Ուկրաինան թիրախավորում Wildberries-ը․ երկու շաբաթում 16 լոգիստիկ կենտրոն

Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքները տևական ժամանակ է հայտնվել են ուկրաինական ԱԹՍ-ների համակարգված հարվածների թիրախում։ 

Կարճ ժամանակահատվածում թիրախավորվել և տարբեր աստիճանի ավերածությունների է ենթարկվել ընկերության շուրջ 16 խոշոր լոգիստիկ կենտրոն և պահեստային համալիր։ Այս գործողությունները լուրջ խափանումներ են առաջացրել ռուսաստանյան էլեկտրոնային առևտրի համակարգում՝ շարքից հանելով ընկերության պահեստային ընդհանուր կարողությունների մոտ 10%-ը։

Հարվածների աշխարհագրությունն ընդգրկում է Ուկրաինայի հետ սահմանից 400–500 կմ հեռավորության վրա գտնվող Մոսկվայի (Էլեկտրոստալ), Ռյազանի, Տամբովի (Կոտովսկ) և Կրասնոդարի մարզերի օբյեկտները, ինչպես նաև 900–1,000 կմ խորության վրա գտնվող Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի (Շուշարի, Նովոսարատովկա) պահեստները։ Որոշ հարվածներ գրանցվել են նաև 1,300–1,600 կմ հեռավորության վրա՝ Ուրալյան տարածաշրջանում, Պերմում և Ուդմուրտիայում։

Համաձայն Тhe Мoscow Тimes-ի, ընդհանուր առմամբ, հրդեհների և փլուզումների հետևանքով վնասվել կամ ոչնչացվել է ավելի քան 550,000–860,000 քառակուսի մետր պահեստային տարածք։ Ըստ վերլուծական գնահատականների, միայն պահեստային շենքերի վերականգնման ծախսերը գնահատվում են մինչև 35.8 միլիարդ ռուբլի (շուրջ 457 միլիոն դոլար):

Ապրանքային պաշարների ոչնչացման և ենթակառուցվածքների վնասման ընդհանուր տնտեսական կորուստը գնահատվում է 1.3-ից 2.2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, իսկ տասնյակ աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ամենամեծ ֆինանսական հարվածը հասցվել է տասնյակ հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերի, որոնց ապրանքներն ամբողջությամբ այրվել են պահեստներում։

Wildberries-ի հիմնադիր և ղեկավար Տատյանա Կիմը տեղի ունեցածը որակել է որպես «ահաբեկչական գործողություններ»։ Հատկանշական է, որ հարվածներից օրեր առաջ ընկերությունը թարմացրել էր վաճառողների հետ օգտագործման համաձայնագիրը՝ ԱԹՍ-ների հարվածները դասելով ֆորս-մաժորային իրավիճակների շարքին, ինչը իրավական հիմքեր է ստեղծում այրված ապրանքների դիմաց լիարժեք փոխհատուցումներ չվճարելու համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարել է զոհվածների ընտանիքներին և տուժած աշխատակիցներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։

Ըստ ուկրաինական Fakty պարբերականի, ընկերության ընդհանուր լոգիստիկ ցանցը ներառում է ավելի քան 200 լոգիստիկ օբյեկտ՝ ավելի քան 5.2–5.6 միլիոն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ 

Ուկրաինական կողմը Wildberries-ին մեղադրում է ռուսական բանակի համար երկակի նշանակության ապրանքներ և սարքավորումներ մատակարարելու մեջ։ Ընկերությունը հերքում է այդ պնդումները՝ նշելով, որ իր հարթակում վաճառվում են սովորական առևտրային ապրանքներ։

Ամփոփ Մեդիա

Լուսանկարները՝ Ozan Kose/AFP/Getty Images և Mikhail Metzel / TASS / Profimedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/08/2026