«Սև կարապ» հայտնի գրքի հեղինակ, ռիսկերի վերլուծաբան և տնտեսագետ Նիկոլաս Նասիմ Տալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջան մեկնելու հրավերից՝ որպես հիմնական պատճառ նշելով Բաքվում Ռուբեն Վարդանյանի ապօրինի բանտարկության փաստը։
«Ինձ հրավիրել էին Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող հոնորարը՝ չհասկանալով իմ էթիկան և կարծելով, թե դա կարող է որևէ բան փոխել)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ», — X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է Տալեբը, ում էջն ունի ավելի քան 1.1 միլիոն հետևորդ։
Գրառման մեկնաբանություններում ադրբեջանցի օգտատերերի սուր արձագանքներին զուգահեռ՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ աջակցություն են հայտնել մտածողին և հրավիրել դասախոսություններով հանդես գալու իրենց երկրներում։
Հրապարակումից որոշ ժամանակ անց Տալեբը կատարել է ևս մեկ գրառում՝ արձագանքելով Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ ավելի վաղ արված հայտարարությանը։ Վերջինս 2020 թվականին, խոսելով համավարակային իրավիճակի մասին, մեջբերել էր Տալեբի «Սև կարապ» (The Black Swan) հայտնի աշխատությունից։
«Այն փաստը, որ որոշակի կառավարության դուր է գալիս իմ աշխատանքը, ինձ մոտ փոխադարձության ցանկություն չի առաջացնում։ Ես անշարժ գույքի գործակալ չեմ», — ընդգծել է տնտեսագետը։
Նասիմ Տալեբը համարվում է ռիսկերի, անորոշության կառավարման և ֆինանսական շուկաների վերաբերյալ ժամանակակից ամենաազդեցիկ տեսաբաններից մեկը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հարձակման և տեղի հայ բնակչության բռնի տեղահանման ֆոնին ապօրինի ձերբակալվել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից՝ Հայաստան անցնելիս։ Ադրբեջանական իշխանությունները նրան պահում են Բաքվի բանտում՝ հարուցված շինծու քրեական մեղադրանքներով։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/08/2026










