Հայաստանի հունահռոմեական ոճի մինչև 17 տարեկանների հավաքականը Բաքվի աշխարհի առաջնությունից վերադարձել է երեք մեդալով։ Ջանես Նազարյանը դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Արարատ Ավետիսյանն ու Գևորգ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
Մրցաշարը մեծ արձագանք ստացավ հատկապես Ջանես Նազարյանի հաղթանակից հետո․ 17-ամյա հայ ըմբիշի պատվին Ադրբեջանի մայրաքաղաքում հնչեց Հայաստանի պետական օրհներգը և բարձրացվեց եռագույնը։
71 կգ քաշային Նազարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Նախորդ տարի նա տիտղոսը նվաճել էր 65 կգ քաշային կարգում, իսկ Բաքվում հանդես էր գալիս արդեն մեկ քաշային բարձր կարգում։
Մինչև եզրափակիչ հասնելը 71 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Նազարյանը մրցակիցներին որևէ միավոր չէր զիջել։ Ոսկե մեդալի համար գոտեմարտում նա սկզբում պարտվում էր Ռուսաստանը ներկայացնող, 65 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Ասլան Ձուևին, սակայն երկրորդ մրցափուլում կարողացավ շրջել պայքարի ընթացքը և հաղթել 4։3 հաշվով։
«Նպատակս չեմպիոն լինելն էր, որի համար աշխատանք էի տարել։ Ամեն ինչ լավ գնաց, մեր պլանավորածով։ Որոշ սխալներ եղան, որոնք կարող էին ինձ խանգարել, բայց ամեն դեպքում, փառք Աստծո կարողացա հասնել այդ ամենին։ Տպավորություններս շատ լավ են։ Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել մեր ազգին և բարձր պահել դրոշը»,- հայրենիք վերադառնալուց հետո նշել է Նազարյանը։
Նա նշում է, որ հաղթանակից հետո Հայաստանի դրոշով պատվո շրջան է կատարել, որի ընթացքում, ինչպես նաև օրհներգի հնչեցման ժամանակ, տրիբունաների մի հատվածից սուլոցներ էին լսվում։
«Այդ պահին սուլոցներն ինձ չէին հետաքրքրում։ Հավատացնում եմ, ավելի կարևոր էր եռագույնով այդ պահը վայելելը, քանի որ միշտ չէ, որ նման պահ է լինում»,- ասել է Նազարյանը՝ նշելով, որ հպարտություն և հուզմունք է զգացել։
Հայաստանի մյուս երկու մեդալները նվաճել են Արարատ Ավետիսյանը և Գևորգ Հարությունյանը։ 48 կգ քաշային Ավետիսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 8։0 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորին։ 51 կգ քաշային Հարությունյանը 5։0 հաշվով առավելության է հասել վրացի Սաբա Աբաշիձեի նկատմամբ։
Հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ Բաքու մեկնելուց առաջ հայկական կողմը կազմակերպիչներից անվտանգության լրացուցիչ երաշխիքներ էր պահանջել։ Նրա գնահատմամբ՝ դրանք ապահովվել են բարձր մակարդակով, իսկ հավաքականի կեցության վայրում և մրցահամալիրում լուրջ միջադեպեր չեն գրանցվել։
Մրցաշարը դեռ չի ավարտվել
Թեև հունահռոմեական ոճի հավաքականը վերադարձել է Հայաստան, Բաքվում անցկացվող աշխարհի առաջնությունը շարունակվում է։ Մրցաշարի վերջին օրերին պայքարի մեջ են Հայաստանի ազատ ոճի ըմբիշները։
Հայաստանի ազատ ոճի հավաքականը Բաքու է մեկնել վեց մարզիկով։ Հուլիսի 31-ին պայքարը սկսել էին Դավիթ Բալեյանը, Էրիկ Պապիկյանը և Վաչե Ասլանյանը։
55 կգ քաշային Դավիթ Բալեյանը հասել էր մինչև կիսաեզրափակիչ, իսկ օգոստոսի 1-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2։5 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցիչ Էսմայիլ Էլահիչորանիին։
65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը մեկնարկային գոտեմարտում 9։1 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Նազարովին, սակայն հետագայում պարտվել է, իսկ սփոփիչ գոտեմարտում չի կարողացել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։ Վաչե Ասլանյանը ևս ավարտել է մրցելույթները։
Օգոստոսի 1-ին մրցագորգ են դուրս եկել նաև Մուրադ Ղարիբյանը՝ 51 կգ, Գրիշա Գևորգյանը՝ 60 կգ և Վարուժան Ասլանյանը՝ 71 կգ քաշային կարգերում։ Երեքն էլ պարտվել են մեկնարկային գոտեմարտերում։
Սակայն Վարուժան Ասլանյանին հաղթած վրացի Բոհդան Կվանտալիանին հասել է եզրափակիչ, ինչը հայ ըմբիշին շնորհել է սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն, որոնցում հաջողելու դեպքում Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Այսպիսով, օգոստոսի 1-ի երեկոյի դրությամբ Հայաստանը Բաքվի աշխարհի առաջնությունում ունի երեք մեդալ, սակայն հայկական հավաքականների վերջնական արդյունքը դեռ ամփոփված չէ։
Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մրցաշարին մասնակցում են շուրջ 700 ըմբիշներ՝ ավելի քան 60 երկրներից։ Մրցումները մեկնարկել են հունահռոմեական ոճով, շարունակվել կանանց պայքարով և ավարտվելու են ազատ ոճայինների գոտեմարտերով։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 01/08/2026








