Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 1-ի այցելությունից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում գործող «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» (Eleveight AI) արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոնը։
Այցից հետո ռուսական տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում տարածվեցին մանիպուլյատիվ պնդումներ, թե նախագիծը Հայաստանը վերածում է «էժան էներգետիկ գաղութի», իսկ ամերիկյան չիպերն աշխարհաքաղաքական պարադոքսով աշխատելու են «ռուսական գազով ու ատոմային էներգիայով»։
«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է փաստերը՝ ինչ է իրականում իրենից ներկայացնում կենտրոնը և ինչպես է այն սնուցվում։
Eleveight AI ընկերության մասին
Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։ 2026 թվականի հունիսի 1-ին Գագարին համայնքում բացվել է ընկերության ԱԲ գործարանը, որն աշխարհում եզակի է իր տեխնոլոգիական հագեցվածությամբ՝ կիրառելով ամերիկյան NVIDIA Blackwell B300 պրոցեսորները։
Ծրագրի առաջին փուլի ներդրումային ծավալը կազմում է 150 միլիոն դոլար (որից շուրջ 70 միլիոնն արդեն իրականացվել է)։ Ապագայում կենտրոնի հզորությունը նախատեսվում է ընդլայնել մինչև 40 ՄՎտ։
Կենտրոնն աշխատում է արևային էներգիայով
Ռուսական ալիքների հիմնական թեզերից մեկն այն է, թե կենտրոնը «ծանրաբեռնելու է Հայաստանի էներգահամակարգը» և աշխարհաքաղաքական կախվածություն է ստեղծում։ Սա չի համապատասխանում իրականությանը։
Ընկերության գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանի փոխանցմամբ՝ Գագարինն ընտրվել է հենց արևային էներգիայի հասանելիության և նպաստավոր կլիմայական պայմանների շնորհիվ (բարձր դիրքը նաև էներգախնայողություն է ապահովում չիպերի հովացման համար)։
Դեռևս 2024 թվականին շուրջ 6․4 հեկտար տարածքում տեղադրվել է ավելի քան 9000 ֆոտովոլտային արևային վահանակ։ Արևային կայանի հզորությունը 5 ՄՎտ է, մինչդեռ կենտրոնի էլեկտրաէներգիայի սպառումը կազմում է մոտ 1․5 ՄՎտ։
Համաձայն կենտրոնի տնօրինության, հետագա ընդլայնումից հետո ևս աշխատելու են բացառապես վերականգնվող էներգիայով։
Ամերիկյան տեխնոլոգիաների օրինական ներկրումը
NVIDIA-ի վերջին սերնդի Blackwell B300 չիպերի մուտքը Հայաստան տեղի է ունեցել պաշտոնական-պետական մակարդակով:
2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԱԲ և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին, ինչը թույլտվություն տվեց Հայաստան արտահանելու NVIDIA-ի բարձրտեխնոլոգիական չիպերը։
Հունիսի 1-ին ՀՀ ԲՏԱ նախարարության և «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ»-ի միջև ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանում ԱԲ էկոհամակարգը, տեղական կարողություններն ու կիրառական ծրագրերը զարգացնելու համար։
Ինչ է ԱԲ տվյալների կենտրոնը
Արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոնը մասնագիտացված ենթակառուցվածք է, որը նախատեսված է ԱԲ մոդելների ուսուցման և բարդ հաշվարկների համար:
Ի տարբերություն սովորական տվյալների կենտրոնների, ԱԲ կենտրոնները պահանջում են գերհզոր գրաֆիկական պրոցեսորներ (GPU), գերարագ հիշողություն, անվտանգ ցանցային կապ և հատուկ հովացման համակարգեր՝ չիպերի արտադրած հսկայական ջերմությունը չեզոքացնելու համար: Գագարինի կենտրոնը Հայաստանը դնում է տարածաշրջանային տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ոչ թե որպես «էներգետիկ սպառող», այլ որպես բարձր ավելացված արժեք ստեղծող տեխնոլոգիական հաբ։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 05/08/2026











