Լրահոս

Սեպտեմբերի 15-22. ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետն ազատված են

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը: Րոպեներ անց ԱԱԾ պետը հրապարակեց իր հրաժարականի հայտարարությունը:

Վարչապետին ենթակա ուժային մյուս կառույցի՝ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ևս ազատվեց աշխատանքից սեպտեմբերի 18-ին, սակայն նույն օրն էլ նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական:

Երկու պաշտոնյաներն էլ այդ բարձր պաշտոններում նշանակվել էին 2018թ. մայիսին, Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ իշխանության եկան Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը: Թե Վանեցյանը, թե Օսիպյանը ուժային կառույցների ղեկավարի պաշտոն ստանձնելուց առաջ երկար տարիներ աշխատել են նույն համակարգում:

Որպես պաշտոնանկության պաշտոնական պատճառ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշում է, որ նրանց գործունեությունը իրենց պաշտոնում վարչապետին չի գոհացրել: 

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  Էդուարդ Մարտիրոյսանը, իսկ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Սարգսյանը: «Մենք մի փուլ այս կարգավիճակում կաշխատենք և հույս ունեմ այդ ժամանակաշրջանի արդյունքները փոխադարձաբար գոհացուցիչ կլինեն»,- նշել է Փաշինյանը:

ԱԺ նախագահը՝ ՍԴ նախագահի լիազորությունների մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ի իր արտահերթ ելույթում անդրադարձավ Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին: Նա շեշտեց, որ այս հարցում Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է հայտնի հաշվի առնելով, որ օժտված է ժողովրդի առաջնային մանդատով: 

Իր ելույթում Միրզոյանը նշեց, որ հանրության համար կասկածելի է ՍԴ-ի անաչառությունը, քանի որ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությանը մասնակցել են նաև ՍԴ 3 անդամներ, որոնք առերևույթ կողմնակալություն ունեն գործի հանդեպ: Մինչդեռ ՍԴ-ը հաշվի չի առել դա: 

Գործի արդյունքում սեպտեմբերի 4-ին կայացված որոշման առթիվ հատուկ կարծիքներից մեկի համաձայն, գործը քննելիս շտապողականություն է դրսևորվել, ինչը ազդել է որոշման վրա: Մինչդեռ որոշումը ըստ ԱԺ նախագահ Միրզոյանի «պատմական ու քաղաքական կարևորւթյուն ունի Հայաստանի համար», քանի որ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին:

ԱԺ նախագահը ՍԴ ինքնավարության դեմ ոտնձգություն է համարել այն, որ 2018թ. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվեց հին՝ 2005թ. Սահմանադրությամբ, որպեսզի պաշտոնավարի մինչև 2035թ.: Դրանով նա զրկել է ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից:

ՀՀ անկախության տոնը Գյումրիում

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 28-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառումները այս տարի կենտրոնացված էին Գյումրի քաղաքում: ՀՀ Կառավարության որոշմամբ այսուհետ անկախության տոնակատարությունները տեղի են ունենալու Հայաստանի տարբեր քաղաքներում:

Այս տարի առաջին անգամ անցկացվեց նաև «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցույթը, որտեղ գլխավոր մրցանակը ստացավ թեյերի արտադրությամբ զբաղվող գործարար Ռիտա Մարտիրոսյանը: Նշենք, որ այս մրցանակը տրվում է այն մարդկանց, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում և ապագան կապում Հայաստանի հետ: 

Անկախության տոնին Գյումրին մարդաշատ է եղել: Ըստ մամուլի՝ Գյումրի են ժամանել աննախադեպ քանակով հյուրեր և զբոսաշրջիկներ, նույնիսկ հյուրանոցները և հյուրատները չեն բավականացրել բոլոր ցանկացողների համար:

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Սեպտեմբերի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց չփոխել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը. նա մնաց կալանքի տակ: Սակայն փաստաբանները միջնորդեցին, որպեսզի դատարանը քննարկի գրավի կամ չհեռանալու ստորագրության դիմաց ազատ արձակելու հարցը: Դատարանը իր վերջնական որոշումը կայացրեց սեպտեմբերի 20-ին՝ կրկին մերժելով պաշտպանների միջնորդությունը։ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: 

«Մարտի 1-ի գործով». Ինչո՞ւ են դատում Ռոբերտ Քոչարյանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Գործով պարզվել է, որ ՀՀ ՊՆ զորամասի երեք ռազմական ոստիկաններ 2001, 2004, 2009թվ-ից սկսած իրենց ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն աշխատել են որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ՝ Լյովա և Ալեքսանդի Սարգսյանների թիկնապահներ: 

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի Վլադիմիր Գասպարյանը 1997-2011թթ. լինելով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Սարգսյանների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ պետությանը հասցնելով նաև 21.7 մլն դրամի վնաս:

Դասադուլ և գործադուլ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Արդեն մեկ տարի Ամուլսարի հանքավայրի ճանապարհները փակ պահող ջերմուկցիները, գնդեվազցիները և կեչուտցիները սեպտեմբերի 20-ին դասադուլ և գործադուլ են հայտարարել։

«Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով աշակերտները քայլերթով իրենց բողոքն են հայտնում Ամուլսարի հանքի շահագործման առթիվ։ Նշենք, որ դեռ սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ջերմուկի բնակիչներին՝ բացելու Ամուլսարի հանք տանող ճանապարհները։ Չնայած դրան, ճանապարհները դեռևս փակ են:

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 22/09/2019