Լրահոս

Սեպտեմբերի 30-hոկտեմբերի 4. Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ն կդիմի ՍԴ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Պատգամավորների  քվեարկությունն անցել է փակ և գաղտնի տարբերակով։ Կողմ է քվերակել 98, իսկ դեմ՝ 1 պատգամավոր։ Եվս 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցել քվերակությանը, որի մասին հայտարարել էր մի քանի օր առաջ։ 

image-8873

Երևանում կայացավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստը՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։ Մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 

Նեղ կազմով նիստի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական ֆորումի ընթացքի և դրա շրջանակում քննարկումների վերաբերյալ, քննարկել ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի վճարների բաշխման կարգավորումներին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Նիստի ընդլայնված կազմով հատվածում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի մասնակցել են նաև Մոլդովայի  նախագահ Իգոր Դոդոնը (որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար), Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն (հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով):

Հաստատվել են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Միության բյուջեում բաժնեմասերի վճարումները կատարելու մասով պարտքերի մարման կարգը, ԵԱՏՄ դատարան դիմելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը։ 

Ստորագրվել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր՝ մասնավորապես, ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի կանոնակարգում, Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի 2014 թ. համապատասխան որոշման մեջ, ԵԱՏՄ՝ 2014 թ. մայիսի 29-ին պայմանագրում, ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և այլն:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների որոշմամբ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում:

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Սեպտեմբերի 30-ին Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Այդպիսով՝  Խաչատրյանը  կմնա կալանքի տակ: 

Նշենք, որ վերջինս կալանավորվել էր օգոստոսի վերջին՝ ԱԱԾ-ի ներկայացրած միջնորդությամբ։  Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար։ Քրեական գործով պետությանը պատճառված 800 մլն դրամի վնասը վերականգնվել է: 

Ըստ Երեմ Սարգսյանի` Գագիկ Խաչատրյանը վճարել է պետությանը ենթադրաբար պատճառած վնասը․ խոսքը 200 միլիոն դրամի մասին է:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2020 թ. պետբյուջեի նախագծին

ՀՀ կառավարության սեպտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝ եկամուտները կկազմեն շուրջ 1տրիլիոն 698մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ ավելի քան 1տրիլիոն 880մլրդ դրամ։

image-8874

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղանյանի խոսքով՝ մակրոտնտեսական առաջարկվող շրջանակը հիմնված է այն կանխատեսումների վրա, որոնք հիմնված են արտաքին աշխարհի զարգացումների, ինչպես նաև մեր տնտեսության վիճակը նկարագրող իրավիճակի վրա։ 

Քաղաքապետարանը խզել է «Սանիտեք»-ի հետ պայմանագրերը

Հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը միակողմանի խզում է։ 

Քաղաքապետի խոսքով՝ նշյալ կազմակերպությունը դեռ 2017թ․-ից է սկսել թերանալ իր գործում, ինչն առավել ակնառու է դարձել 2018թ․-ի կեսերից։ «Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, սույնով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը», – հայտարարել է Մարությանը:

Քաղաքապետի հայտարարությունից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019թ․ օգոստոսի երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Կարապետյանը նշել էր, որ քաղաքապետարանն ընկերությանը հորդորում է միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։

Հեռավար ուսուցման ծրագիր՝ մարզերում

Հայաստանյան դպրոցներում հաջորդ ուսումնական տարում կմեկնարկի հեռավար ուսուցման պիլոտային ծրագիրը։ Այն նախատեսվում է իրականացնել Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը։

Նախաձեռնության առիթը հանդիսացել է դպրոցներում ուսուցիչների պակասի խնդիրը։ Պիլոտային ծրագիրը հնարավարություն կտա վեր հանել հեռավար ուսուցման ծրագրի խնդիրները, որպեսզի դրանց լուծման պարագայում հետագայում ծրագիրն արդյունավետ ամբողջությամբ գործարկվի: Ծրագրի պատասխանատուները համոզված են, որ կրթական հեռավար ուսուցում ապահովելուն զուգահեռ այդպիսով կլուծվի նաև դպրոցների համակարգչային հագեցվածության խնդիրը: 

 

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 04/10/2019