Քաղաքական

Հունվարի 27- փետրվարի 1. Հայոց բանակի օր, «Շիրակ» ՀԸ լուծարում, Փաշինյանը` Գերմանիայում

Բարեփոխումներ բանակում   

Աշխատանքային շաբաթվա մեկնարկը տրվեց  Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի միջոցառումներով։ Տոնի առթիվ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր, իսկ լրագրողները` ԶՈՒ կենտրոնական պարենային պահեստներ:

ԶՈՒ թիկունքի վարչության ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրեցին, որ 2019թ-ից զինվորի  իմունային համակարգը բարձրացնելու նպատակով սննդակարգում լրացումներ կլինեն: Պլանավորվում է հատկացնել բնական մեղր, սալ, կավելացվի նաև սխտորի չափաբաժինը:  Բանակում կատարված բարեփոխումների շարքում են նաև նոր հագուստն ու կոշկեղենը, որոնք ըստ պատասխանատուների, որակական ցուցանիշներով նախորդներից լավն են:

Հանցագործությունների թիվն աճել է

2018թ. Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 11,2%-ով կամ 2267 դեպքով։ Ոստիկանությունում տեղեկացնում են, որ դա հիմնականում պայմանավորված է սեփականության դեմ ուղղված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի աճով։ 2017թ-ի համեմատ աճել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը։ Ոստիկանության գնդապետի փոխանցմամբ՝ համաներումից հետո բացահայտվել են նաև կրկնահանցագործություններ։ 581 ազատ արձակված քաղաքացիներից 30-ը կրկին հանցագործություն է կատարել։

Երդում` ոչ ամբողջական կազմով  

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի ունեցավ ՀՀ Կառավարության անդամների երդման արարողությունը: Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև երկու փոխվարչապետերն ու 11 նախարարները (բացակայում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը) երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։ Սա Կառավարության ամբողջական կազմը չէր, քանի որ գործող 17 նախարարություններից 5-ի ղեկավարները դեռևս չեն նշանակվել: Դրանք են` Մշակույթի, Սպորտի և երիտասարդության, Սփյուռքի, Գյուղատնտեսության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները: Չի բացառվում, որ առաջիկայում հենց այս նախարարությունները ընդգրկված լինեն կառավարության կառուցվածքային փոփոխության ծրագրում:   

Քաղաքապետարանի պարգևավճարների ցանկը հասանելի է

Քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների չհրապարակման շուրջ բարձրացված աղմուկը տվեց իր արդյունքը: Այս շաբաթ Երևանի քաղաքապետարանը հրապարակեց պարգևատրումների ցանկը, ըստ որի` քաղաքապետարանի 402 աշխատակիցներ ստացել են ընդհանուր առմամբ 102.9 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և 111.9 մլն դրամի պարգևավճար: 7-անիշ պարգևավճարներ են ստացել 5 վարչության պետեր՝ 1.4-2.2 մլն դրամի սահմաններում:

Վարչապետ Փաշինյանի գերմանական այցի քրոնիկան

Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա։ Այցի առաջին օրը Քյոլնի քաղաքապետի ու տեխնիկական համալսարանի ղեկավարության հետ հանդիպումից հետո վարչապետը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս հետ հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Սփյուռքի նախարարության կառուցվածքային փոփոխություններին, նշելով, որ Հայաստանը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան: Իսկ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն առաջինը պետք է պատասխանի փոխզիջումների վերաբերյալ հարցին, որից հետո նոր Հայաստանը իր դիրքորոշումը կհայտնի:

Նույն օրը երեկոյան Փաշինյանը Քյոլնից ժամանել է Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի բարձագույն ղեկավարության, մասնավորապես՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։

Լուծարվեց «Շիրակ» հեռուստաընկերությունը

1993թ-ից գործող «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը լուծարվեց։ Համապատասխան որոշումը կայացվել է Կառավարության հունվարի 31-ի նիստում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2016թ-ից Հայաստանի տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռարձակման, իսկ անալոգային հեռարձակում իրականացնող «Շիրակ» հեռուստառադիոընկերությունը չի կարողանում ապահովել լայն լսարան։ Թվային հեռարձակում իրականացնելու համար էլ, համաձայն հիմնավորման, կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է։

Կառավարության այս որոշումը հ/ընկերության աշխատակիցների մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ մոտ 55 աշխատակից կանգնել է գործազուրկ դառնալու փաստի առաջ։ Թե ինչպես է օտարվելու հեռուստառադիոընկերության՝ 94 մլն դրամ արժողությամբ գույքը, դեռ  պարզ չէ, բայց որոշված է՝ 15-օրյա ժամկետում կստեղծվի լուծարային հանձնաժողով։

Հեռուստաընկերության լուծարման որոշումն առաջացրել է նաև լրագրողական կազմակերպությունների դժգոհությունը: Վերջիններս կոչ են անում. «վերանայել լուծարման որոշումը և մշակել ոլորտում արմատական բարեփոխումների ծրագիր՝ հաշվի առնելով միջազգային փորձը և մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները»:

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/02/2019