Առողջություն

Հետազոտություն․ COVID-19-ով վարակված բուժաշխատողների թիվն ավելի շատ է

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ COVID-19-ով ախտորոշվածների շուրջ 6%-ը կամ 2290-ը եղել են բուժաշխատողներ։

Նրանց մեծ մասն ապաքինվել, նորից առաջնագիծ է վերադարձել, որոշները չէին էլ լքել առաջնագիծը, քանի որ չունեին որևէ ախտանշան, որը կվկայեր հիվանդության առկայության մասին։

Բուժաշխատողների մի մասն ապաքինվելուց ամիսներ անց է իմացել, որ COVID-19-ի միջով իրենք էլ են անցել։ Նրանք գուցե այդպես էլ չիմանային, եթե արյան շճաբանական հետազոտություն չանցնեին։

Հայաստանում բուժաշխատողների շրջանում վարակի տարածվածությունը պարզելու միակ արժանահավատ եղանակը ՊՇՌ թեստավորումն էր այնքան ժամանակ, քանի դեռ COVID-19 հակամարմինների հետազոտություն չէր արվել։
Առողջապահության նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի համատեղ ուժերով իրականացված այս հետազոտությունն այլ պատկեր ցույց տվեց։

«Եթե ՊՇՌ թեստի արդյունքներով ստացվում էր, որ առաջնագծում [խմբ․ հուլիսի տվյալներով] աշխատող բուժաշխատողների 3.3%-ն է ենթարկվել վարակի ազդեցությանը, ապա COVID-19 հակամարմինների հետազոտությունը ցույց տվեց, որ նրանց շուրջ 15%-ը վարակվել է»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է հետազոտական ծրագրի համակարգող, գիտաշխատող Սերինե Սահակյանը։

Ըստ նրա, այս հետազոտությունը հնարավորություն տվեց հասկանալ առաջնագծում աշխատողների շրջանում վարակի տարածվածության իրական պատկերը, քանի որ հետազոտության մասնակիցներն ընտրվել էին անկախ այն հանգամանքից, թե COVID-19-ն իրենց մոտ երբևէ հաստատվել է, թե ոչ, ունեցել են ախտանշաններ, թե ոչ։

Թիրախային խմբում առաջնագծում գտնվողներն են

Որպեսզի հետազոտությունն արտացոլի վարակվածության հնարավորինս իրական պատկերը, նախապես ընտրվել են COVID-19 ախտորոշումով հիվանդների բուժմամբ զբաղվող, Երևանում գտնվող 10 ամենախոշոր պոլիկլինիկաներն ու 4 հիվանդանոցներ՝ 3-ը մայրաքաղաքում, 1-ը՝ մարզում։ Հիվանդանոցներից հետազոտության համար հրավիրվել է բուժական, վարչական ու սպասարկող ողջ անձնակազմը, իսկ պոլիկլինիկաներից՝ բոլոր թերապևտները, բուժքույրերն ու ռենտգենոլոգները։

COVID-19 հակամարմինների հետազոտությունն ունեցել է երկու բաղադրիչ՝ արյան շճաբանական հետազոտություն և հարցումներ։

Մեկ ամսվա ընթացքում մոտ 800 բուժաշխատողների շրջանում արված հարցումների համաձայն՝ բուժաշխատողների մեծ մասը վարակվել է բուժհաստատությունում՝ բուժառուներից (պացիենտ) կամ գործընկերներից։

Հակամարմինների քանակն ու կյանքի տևողությունը մնում է անհայտ

Հետազոտության մյուս բաղադրիչը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում իրականացված արյան շճաբանական հետազոտությունն էր, որի արդյունքում բուժաշխատողների գրեթե 15%-ի մոտ հայտնաբերվել են COVID-19-ի հակամարմիններ։

Նախկինում COVID-19-ով հիվանդացած ու արդեն ապաքինված բուժաշխատողների ավելի քան 2/3-ի մոտ է, որ հակամարմիններ են հայտնաբերվել։ Ծրագրի համակարգող Սերինե Սահակյանը չի բացառում, որ մնացյալ 23%-ի մոտ ժամանակին՝ հիվանդության ակտիվ փուլում կամ ապաքինվելուց անմիջապես հետո հակամարմիններ լինեին, բայց քանակապես այնքան քիչ են, որ չեն հայտնաբերվել։

Այդ փաստը հետազոտական խմբին չի զարմացրել։ Այն, որ հաստատված COVID-19-ով հիվանդներից որոշների մոտ հակամարմիններ հնարավոր է և չհայտնաբերվեն, Թրփանճեան հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում դեռ հետազոտության մեկնարկին էր ասել.

«Երբ հակամարմիններ են գտնվում, նշանակում է, որ եղել է իմուն համակարգի ռեակցիա, բայց չենք կարող ասել, թե որքան ժամանակ ակտիվ կլինեն այդ հակամարմինները։ Այսինքն՝ չգիտենք՝ այդ մարդկանց մոտ իմունիտետ ձևավորվել է, թե ոչ և որքան ժամանակով։ Ուստի, COVID-ով հիվանդացած լինելը չպաշտպանվելու համար հիմք չէ. միշտ պետք է անել կանխարգելիչ միջոցառումներ»։

Հակամարմինները, ըստ Պետրոսյանի, առաջանում են վիրուսին ենթարկվելուց 6-7 օր հետո։ Արդեն 12-17-րդ օրը կարող են հասնել առավելագույն քանակի, և հնարավոր է որոշել արյան մեջ դրանց առկայությունը։

Այլ երկրներում արված հետազոտությունների համաձայն՝ միջինում հիվանդների 10%-ի մոտ հակամարմիններ չեն հայտնաբերվում։

Սեպտեմբերի 10-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը «Ամփոփ Մեդիային» տրամադրեց օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի բուժաշխատողների շրջանում նոր կորոնավիրուսային վարակի տարածման ցուցանիշները, որի հիման վրա էլ պատրաստել ենք այս ինֆոգրաֆիկան։

Հիվանդանոցների՝ հետազոտությանը մասնակցած բուժաշխատողները, որոնց մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, 4 անգամ ավել էին, քան COVID-19-ով հաստատված բուժաշխատողները։ Պոլիկլինիկաներում էլ հակամարմինների դրական թեստով բուժաշխատողները կրկնակի անգամ էին գերազանցում COVID-19-ով հաստատված բուժաշխատողներին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդանոցներում COVID-19 դրական ախտորոշումով ամենամեծ թվով բուժաշխտողները եղել են ապրիլ, իսկ պոլիկլինիկաներում՝ մայիս ամիսներին։ Այնուհետ մայիսից՝ հիվանդանոցներում, հունիսից արդեն նաև պոլիկլինիկաներում վարակվածության ցուցանիշը սկսել է նվազել։

Սերինե Սահակյանը դա տրամաբանական է համարում. ասում է՝ վարակի տարածման սկզբնական շրջանում անհատական պաշտպանիչ միջոցները ճիշտ ու արագ կրելու փորձ բուժաշխատողները չունեին։ Ըստ նրա՝ վարակի վերահսկման միջոցառումներն արդյունավետ են եղել, որի մասին վկայում է վիճակագրությունը՝ վարակվածների թվի աստիճանական նվազումը։

Հետազոտության արդյունքում նաև հետաքրքրական մի փաստ է արձանագրվել. COVID-19-ին բնորոշ ավելի շատ ախտանշաններ՝ կոկորդի ցավ, դժվարացած շնչառություն, ջերմություն, հազ, համի ու հոտի զգացողության կորուստ, ունեցել են այն բուժաշխատողները, որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվել։

Բուժաշխատողների շրջանում վարակի տարածվածության իրական պատկերը ստանալու հարցում առաջնային է թեստերի ճշգրտության աստիճանը։ Վարդուհի Պետրոսյանի խոսքով՝ երկար քննարկումների արդյունքում ընտրվել են 100 տոկոս զգայունություն և 99.8 տոկոս սպեցիֆիկություն ունեցող թեստեր։ Սա նշանակում է, որ նմուշառված 1000 բուժաշխատողներից ընդամենը երկուսի մոտ է, որ թեստը սխալ արդյունք ցույց կտա, այսինքն՝ հակամարմին չլինելու դեպքում կեղծ դրական ցույց կտա։

Բնակչության շրջանում ևս նմանատիպ հետազոտություն իրականացնելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետը համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Հետազոտության նախագիծը, ըստ Սերինե Սահակյանի, արդեն պատրաստ է և ֆինանսավորում լինելու դեպքում՝ աշնանը կմեկնարկի ծրագիրը։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկները՝ Լիլիթ Մկրտչյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր

#COVID19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 14/09/2020