Առողջապահություն

Ծխողները Հայաստանում

ցածր իրազեկվածություն ծխելու հետևանքով սպառնացող սեռական խնդիրներին

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Ծխող երկրների վիճակագրական սանդղակում Հայաստանը  բարձր դիրքեր է զբաղեցնում:

Թեև ծխախոտի դեմ պայքարի ամենագործուն միջոցներից մեկը ծխողի գրպանին «խփելն» է համարվում, սակայն Հայաստանում այս մոտեցումը դեռ չի աշխատում: Այսպես, 2012-2016 թթ. ծխախոտի գինը թանկացել է շուրջ 18%-ով, սակայն նույն ժամանակահատվածում ծխող տղամարդկանց թիվն աճել է 5%-ով` 51%-ից հասնելով 56%-ի, իսկ ծխող կանանցը կրկնապատկվել է` 1.5%-ից դառնալով 3%:

Հաշվի առնելով Հայաստանում արտադրված, արտահանված և ներմուծված սիգարետների քանակը, ըստ պաշտոնական տվյալների, 2017թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի շուկայում առկա է եղել կամ սպառվել է 2.3 մլրդ հատ սիգարետ, որից կեսը՝ արտադրված Հայաստանում, կեսը՝ ներմուծված: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տարվա առաջին կեսին միայն Հայաստանում արտադրված ծխախոտի իրացման ծավալը կազմել է 14.3 մլրդ դրամ (ընթացիկ գներով):

Կինն ու ծխախոտը

Արդյոք կանանց ամուսնական կարգավիճակը կապ ո՞ւնի ծխախոտ օգտագործելու հակվածության հետ, դժվար է ասել, թեև վիճակագրությունը, կարծես, դա է հուշում: Օրինակ, քաղաքացիական կացության գրանցման գործակալության (ЗАГС) կամ եկեղեցու հաստատմամբ ամուսնացած կանանց շրջանում ծխողները կազմում են ընդամենը 1.2%, առանց գրանցման ամուսնացածների շրջանում՝ 2.9%, իսկ չամուսնացածների շրջանում՝ 4.1%: Մինչդեռ ամենաբարձր ցուցանիշը ամուսնալուծվածների մոտ է` 10.2%:

Ծխող կանանց հետազոտության հարցում կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մշակութային առանձնահատկությունների հետևանքով Հայաստանում կանանց մի ստվար զանգված ծխում է գաղտնի, ինչը չի արտացոլվում վիճակագրական տվյալներում:

Իրազեկվածություն

Բնակչության շրջանում իրազեկվածությունը ծխախոտի օգտագործումից առաջացող հիվանդությունների մասին բավական բարձր է: Օրինակ, հարցվածների բացարձակ գերակշիռ մասը՝ 85.2%-ը, համարում է, որ ծխելն առաջացնում է թոքերի քաղցկեղ: Ընդ որում, այս հարցում ամեն օր ծխողների մոտ տեղեկացվածությունը նշանակալիորեն ավելի ցածր է (77.1%), քան չծխողների շրջանում (88.1%): Հանրությունն ամենաքիչը տեղեկացված է ծխախոտի օգտագործման հետևանքով սպառնացող սեռական թուլության հետ կապված խնդիրներից, սակայն հետաքրքիր է, որ այս հարցում ամեն օր ծխողների իրազեկվածությունը մի փոքր ավելի բարձր է (4.5 %) չծխողների համեմատ (4.0 %): Բնակչությունը լավ իրազեկված է նաև երկրորդային ծխի կամ «պասիվ ծխելու» վնասների մասին (96.3 %), այդուհանդերձ, շատ են պասիվ ծխողներն ընտանիքներում (61.3 %) և աշխատավայրերում (73.5 %):

Ծխախոտի թանկացում

Հայաստանում ծխախոտի դեմ պայքարն ակտիվ փուլում է գտնվում: Պաշտոնական մակարդակով` պարբերաբար ընդունվում են ծխախոտի օգտագործման նոր սահմափակումներ: 2018թ.-ից մոտ 50%-ով ավելանում է ծխախոտի ակցիզային հարկը, որի աստիճանական բարձրացման միտումը կպահպանի առնվազն մինչև 2021թ. (ակցիզային հարկի ավելացումը կլինի մոտ 120%` 2017թ. համեմատ):

2017թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված` «Ծխելու դեմ պայքարի ռազմավարության» արդյունքում 2017-2020 թթ. ակնկալվում է ծխողների քանակի տարեկան 1.5-2% նվազում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» խիստ քաղաքականությունը թույլ կտա առաջիկա 40 տարում Հայաստանում կանխել ավելի քան 18700 մահվան դեպք:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Արման Ղարագուլյանը 

Մենթոր՝ Աստղիկ Գևորգյան

կարդացեք նաեւ

Քաղցկեղը Հայաստանում

Սույն նյութը պատրաստվել է «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (FES) հետ համագործակցությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 27/12/2017