Խմբագրի անունից․ «Ամփոփ Մեդիան» այսուհետ պարբերաբար կանդրադառնա նաև այն մարզական իրադարձություններին, որոնք, մեր գնահատմամբ, հետաքրքիր են մեր լսարանին։ Մեր նպատակը խաղերի ընթացքը վերապատմելը չէ, այլ ցույց տալը, թե ինչ են դրանք փոխում հայկական սպորտի և երկրպագուների համար։ Շարքը կվարի Դերենիկ Խաչատրյանը։
Հայկական ակումբների եվրագավաթային մրցաշրջանը սկսվեց չորս թիմով։ Հիմա պայքարի մեջ մնացել է միայն մեկը՝ «Արարատ-Արմենիան»։
Թիմը չկարողացավ հասնել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ, բայց արդեն ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի մասնակցություն։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում հաջողության դեպքում այն կարող է դառնալ հայկական առաջին ակումբը, որը կխաղա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։
Այս մրցաշրջանը միայն խաղերի ու հաշիվների մասին չէ։ Հայկական չորս ակումբները միասին անցկացրել են 18 հանդիպում, վաստակել 2.250 վարկանիշային միավոր և արդեն ապահովել շուրջ 6 մլն եվրոյի եկամուտ՝ ՈՒԵՖԱ-ի վճարների հաշվին։
Ինչու միայն երկրպագուների համար չէ սա կարևոր
Եվրագավաթներում հաղթանակը միայն հաջորդ փուլ անցնելը չէ։ Յուրաքանչյուր արդյունք ազդում է ՈՒԵՖԱ-ի վարկանիշում Հայաստանի դիրքի վրա։
Այդ վարկանիշից է կախված՝ քանի հայկական թիմ կմասնակցի եվրոպական մրցաշարերին, որ փուլից կսկսի պայքարը և որքան շուտ կարող է մոտենալ հիմնական փուլերին։
Այսինքն՝ մեկ ակումբի հաջողությունը կարող է ազդել ամբողջ հայկական ակումբային ֆուտբոլի հաջորդ տարիների հնարավորությունների վրա։
Այս մրցաշրջանի ֆոնին կարևոր է նաև այն, որ Հայաստանի գավաթակիրը գալիք մրցաշրջանում պայքարը սկսելու է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից, ոչ թե Կոնֆերենցիաների լիգայից։
«Արարատ-Արմենիա»-ի հաղթահարած երկու արգելքը
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» եվրագավաթային ճանապարհը սկսեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից և հաղթահարեց երկու արգելք։
Առաջինը լատվիական «Ռիգան» էր։ Երևանում հաղթանակ՝ 2։0, արտագնա պարտություն՝ 2։3, բայց ընդհանուր հաշվով՝ անցում հաջորդ փուլ։
Երկրորդ փուլում մրցակիցը իռլանդական «Շեմրոկ Ռովերսն» էր։ Նորից նույն տրամաբանությունը․ տանը՝ 2։0, դրսում՝ պարտություն, բայց ընդհանուր հաշվով բավարար արդյունք՝ Չեմպիոնների լիգայի երրորդ փուլ դուրս գալու համար։

Այստեղ սպասում էր Սլովենիայի չեմպիոն «Ցելյեն»։ Երևանում «Արարատ-Արմենիան» հաղթեց 2։1, բայց պատասխան խաղում պարտվելով 0։2 հաշվով չկարողացավ պահել առավելությունը և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։
Սակայն այս պարտությունը եվրոպական մրցաշրջանի ավարտ չէ։ Թիմը շարունակում է պայքարը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, իսկ վատագույն դեպքում էլ ունի տեղ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։ Սա նշանակում է՝ հայկական ակումբային ֆուտբոլը այս մրցաշրջանում դեռ առնվազն մի քանի եվրոպական խաղ ունի։
Իսկ մյուս երեք թիմե՞րը
«Նոան» պայքարը սկսեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից։ Թիմը հաղթահարեց մոլդովական «Զիմբրուի» արգելքը, բայց երրորդ փուլում դուրս մնաց շվեյցարական «Սիոնի» դեմ դիմակայությունից։
«Փյունիկը» ավելի վստահ մեկնարկ ունեցավ․ առաջին փուլում անցավ Մալթայի «Մարսաշլոկին», բայց երկրորդ փուլում նվազագույն տարբերությամբ զիջեց հունգարական «Դեբրեցենին»։
«Ալաշկերտի» եվրոպական ճանապարհը ամենադրամատիկն էր։ Թիմը ղազախական «Ելիմայի» դեմ առաջին փուլն անցավ հետխաղյա 11-մետրանոցներով, բայց երկրորդ փուլում չկարողացավ հաղթահարել ռումինական «ՉՖՌ Կլուժի» արգելքը։
Այսինքն՝ չորս թիմերից երեքը արդեն ավարտել են եվրոպական մրցաշրջանը։ Ամբողջ ծանրությունը մնացել է «Արարատ-Արմենիայի» ուսերին։
Վարկանիշային հաշվարկ․ 18 խաղի արդյունքները
Հայկական ակումբների ընդհանուր հաշվեկշիռը այս պահին հետևյալն է․ 18 հանդիպում, 6 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 6 պարտություն։ Գոլերի հարաբերակցությունը գրեթե հավասար է՝ 23 խփած, 22 բաց թողած գոլ։ Վարկանիշային միավորները՝ 2․250։
Թիմային ներդրումն այսպիսին է
6 մլն եվրո․ ինչպես է ձևավորվում այս գումարը
Եվրագավաթները հայկական ակումբների համար նաև ֆինանսական հնարավորություն են։ ՈՒԵՖԱ-ի համակարգում որակավորման փուլերում առանձին հաղթանակի կամ ոչ-ոքիի համար վճարներ չկան։ Գումարը ձևավորվում է մասնակցած փուլերից, դուրս մնալու բոնուսներից և հիմնական փուլ անցնելու երաշխավորված վճարներից։
Այս պահին հայկական չորս ակումբների ընդհանուր եկամուտը մոտենում է 6 մլն եվրոյի։
Ամենամեծ բաժինը «Արարատ-Արմենիայինն» է՝ առնվազն 3.695 մլն եվրո։ Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերին մասնակցելու համար թիմն արդեն վաստակել է 525,000 եվրո (յուրաքանչյուր փուլը՝ 175,000 եվրո)։ Բացի այդ, ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի տեղը՝ ակումբն Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայից երաշխավորել է ևս 3,170,000 եվրո։
Եթե թիմը հաղթահարի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆը, գումարը կարող է աճել․ Եվրոպա լիգայի հիմնական փուլի մասնակցության վճարը նշվում է 4.31 մլն եվրո։
«Նոայի» եկամուտը կազմում է մոտ 900 հազար եվրո՝ երկու փուլերի մասնակցության և երրորդ փուլում դուրս մնալու բոնուսի հաշվին։
«Փյունիկն» ու «Ալաշկերտը» ստացել են մոտ 700 հազարական եվրո՝ երկուական փուլ մասնակցելու և երկրորդ փուլում դուրս մնալու համար։
Ինչ է այս խաղերի շնորհիվ փոխվում հայկական ֆուտբոլում
Շուրջ 6 մլն եվրոն հայկական ֆուտբոլի համար մեծ գումար է։ Փոքր շուկա ունեցող ակումբների դեպքում եվրագավաթի գումարները կարող են ազդել բյուջեի, տրանսֆերների, ենթակառուցվածքների և հաջորդ մրցաշրջանի պատրաստության վրա։
Բայց կա նաև մեկ այլ հարց։ Հայաստանի եվրոպական առաջընթացը դեռ մեծապես կախված է մի քանի ակումբների հաջողությունից։ Եթե մեկ-երկու թիմ լավ մրցաշրջան են անցկացնում, երկրի վարկանիշը աճում է։ Եթե ոչ՝ հաջորդ տարիների հնարավորությունները կարող են արագ սահմանափակվել։
Եվրոպական մրցաշրջանը հայկական ֆուտբոլի համար դեռ ավարտված չէ։ «Արարատ-Արմենիայի» հաջորդ խաղերը արդեն միայն մեկ ակումբի հարց չեն։ Դրանք նաև Հայաստանի վարկանիշի, եկամտի և եվրոպական ֆուտբոլային տեսանելիության հարց են։
Հեղինակ՝ Դերենիկ Խաչատրյան
Լուսանկարները՝ «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/08/2026










