Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվել է խորհրդարանի երրորդ փոխնախագահի պաշտոնում։
Քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 53-ը, և բոլոր մասնակցած պատգամավորները կողմ են քվեարկել Վարդևանյանի թեկնածությանը։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ իշխող խմբակցությունը Վարդևանյանի ընտրության համար կապահովի անհրաժեշտ թվով ձայներ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ ամբողջ կազմով կողմ է քվեարկելու։ Առանց ՔՊ-ի պատգամավորների աջակցության Վարդևանյանի ընտրության համար բավարար ձայներ չէին լինի։
Օրենքով ԱԺ երեք փոխնախագահներից մեկի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։
Ավելի վաղ խորհրդարանի մյուս երկու փոխնախագահներ էին ընտրվել ՔՊ ներկայացուցիչներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։
Ո՞վ է Արամ Վարդևանյանը
36-ամյա Արամ Վարդևանյանը 2021 թվականին «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր, սակայն 2022-ին վայր էր դրել մանդատը։ Մինչ այդ՝ 2016–2018 թվականներին, աշխատել էր կառավարությունում՝ որպես վարչապետի օգնական։
Մասնագիտությամբ իրավաբան է։ Աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և Սահմանադրական դատարանում, եղել է ՍԴ նախագահի խորհրդական։ Դասախոսել է Հայաստանի ամերիկյան և Ռուս-հայկական համալսարաններում, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայում։
Վարդևանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, ավելի քան 25 գիտական հոդվածների հեղինակ և 2014 թվականից Փաստաբանների պալատի անդամ։
Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 10/08/2026









