Մեր մասին Էթիկա











Միջազգային Քաղաքական

Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման, Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու և TRIPP-ի մասին

Իլհամ Ալիևը Հայաստանի էներգետիկ համակարգի վերաբերյալ երկու ուշագրավ հայտարարություն է արել։

Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը հնացած է և «վաղ թե ուշ» պետք է դուրս բերվի շահագործումից։ Ալիևը նաև հայտարարել է, որ այդ դեպքում Հայաստանը կարող է էներգիայի լրացուցիչ աղբյուրի կարիք ունենալ, և Ադրբեջանը պատրաստ է էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին։

Նա միաժամանակ ասել է, որ TRIPP ծրագրի (Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի) շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծել են Հայաստանի տարածքով նախատեսվող էլեկտրահաղորդման գծի տարբերակը և որոշել հենարանների տեղադրման հնարավոր վայրերը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ալիևի այս հայտարարությունները գնահատել է որպես Հայաստանի ներքին գործերին միջամտության դրսևորում։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի 4-րդ հոդվածով կողմերը պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Այդ դրույթն իսկապես առկա է հրապարակված համաձայնագրում։

Հայրապետյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն ատոմակայանի մասին հայտարարությունը չէ․ նա Ալիևի՝ Հայաստանի էներգետիկ քաղաքականության, Սահմանադրության և այլ ներքին հարցերի վերաբերյալ դիրքորոշումները դիտարկում է որպես Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա ազդեցության փորձ և այս գործընթացը բնորոշում «ֆինլանդիզացիա» եզրով։

Միաժամանակ TRIPP-ի հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրում ամրագրված է, որ ծրագրի՝ Հայաստանի տարածքում գտնվող բոլոր հատվածների նկատմամբ Հայաստանը պահպանում է ամբողջական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։

Իշխող ուժի ներկայացուցիչը հակադարձել է ՀԱԷԿ-ի վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի նախագահի հայտարարություններին արձագանքել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նրա խոսքով՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը չի որոշվում որևէ երկրի քաղաքական ղեկավարության ցանկությամբ։ Եղոյանը նշել է, որ ներկայում որպես շահագործման առավելագույն ժամկետ դիտարկվում է 2036 թվականը՝ համապատասխան տեխնիկական գնահատականների և փաստաթղթերի հիման վրա։

«Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, և այդ ժամկետը 2036 թվականն է»,— ասել է պատգամավորը։

Եղոյանը ՀԱԷԿ-ի ապագան առանձնացրել է նաև Ադրբեջանից էլեկտրաէներգիայի հնարավոր մատակարարման հարցից։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի և այն արտահանում է Իրան ու Վրաստան, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման աշխատանքները շարունակվում են։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի համար տարբեր աղբյուրներից էներգակիրների և էլեկտրաէներգիայի ներկրման ու արտահանման հնարավորությունների ընդլայնումը կարող է տնտեսական շահ ունենալ, ուստի Ադրբեջանի հետ հնարավոր էներգետիկ առևտրի քննարկումն ինքնին արտառոց չէ։ Սակայն, նրա գնահատմամբ, այդ հնարավորությունը չպետք է ներկայացվի որպես ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման հետևանքով առաջացող էներգետիկ բացը լրացնելու անհրաժեշտություն։

Այսպիսով, իշխող ուժի ներկայացուցիչը Ալիևի երկու պնդումները տարանջատում է․ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, ըստ նրա, տեխնիկական և կարգավորող հարց է, իսկ Ադրբեջանի հետ հնարավոր էլեկտրաէներգետիկ առևտուրը՝ առանձին տնտեսական գործընթաց։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/08/2026