Սոցիալական

Մանկատնից՝ ընտանիք. ի՞նչ արժե երեխայի խնամքը

2018թ-ից պետությունը շարունակում է մանկատների բեռնաթափման քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է մանկատան երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ կամ գտնել փոխարինող, այլ կերպ ասած` խնամատար ընտանիքներ: Եթե որոշ երեխաների դեպքում նշված երկու տարբերակներն անհնար լինի իրագործել, ապա կա նաև երրորդ տարբերակ` տեղափոխել տվյալ երեխաներին ընտանեկան տիպի փոքր տներ: Երեխաներին մանկատնից խնամատար ընտանիքներ տեղափոխելով՝ պետությունը մեկ երեխայի հաշվով կրկնակի քիչ գումար է վճարում խնամող ընտանիքին, քան ծախսում է մանկատանը խնամքն ապահովելու համար:

Իրավիճակ

Շուրջ տասը տարի առաջ Հայաստանում մեկնարկեց «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդնումը», ինչը երեխաների խնամքի ու պաշտպանության այլընտրանքային ձև է: Ծրագրի ներդնումից ի վեր առանց ծնողական խնամքի 65 երեխա խնամք է ստացել խնամատար ընտանիքներում: Նրանց մի մասը 18 տարեկանը լրանալու կամ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելու շնորհիվ հրաժեշտ է տվել խնամատար ընտանիքին: 2017թ. տվյալների համաձայն, 21 խնամատար ընտանիքներում ապրում էր 24 երեխա:

Հայաստանում կա 6 պետական և 2 մասնավոր մանկատուն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող վեց  պետական մանկատները 2017թ. ապահովել են 621 երեխայի շուրջօրյա ամբողջական խնամք:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 10 տարվա ընթացքում (2007-2016թթ.) Հայաստանի պետական և ոչ պետական 8 մանկատներում երեխաների քանակը նվազել է շուրջ 27%-ով՝ 2016թ. կազմելով 810 երեխա:

Պետական 6 մանկատներից 3-ը մասնագիտացված են, այսինքն՝ այստեղ գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, մտավոր և ֆիզիկական արատներով շուրջ 450 երեխա, ինչը կազմում է մանկատան երեխաների 68%-ը:

Ի՞նչ արժե երեխայի խնամքը

Կառավարության 2008թ. որոշման համաձայն՝ մեկ երեխայի խնամքի համար խնամատար ընտանիքին ամսական նախատեսված է հատկացնել այնքան գումար, որքան պետությունը ամսական հատկացնում է մանկատանը մեկ երեխայի խնամքի համար:

Օրինակ՝ 2017թ. բյուջեով 1 երեխայի համար նախատեսված գումարը կազմում էր ավելի քան 254 հազար դրամ: Գումարը ներառում էր նաև մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկի վարձատրությունը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Սակայն, եթե խնամատար ընտանիքը 2 երեխայի խնամք է ստանձնում, ապա ընտանիքին հատկացվող գումարը տրվում է ոչ թե 2 երեխայի հաշվարկով, այլ 1,5, ինչը կազմում է մոտ 382 հազար դրամ, իսկ 3 և ավելի երեխա խնամելու համար հատկացվում է մանկատան 2 երեխայի ծախսի չափաբաժնով` 509 հազար դրամ:

«Մենք դիտարկում ենք անում և տեսնում, որ երեխաները բարեհաջող հարմարվում են այդ ընտանիքներին, և երբ խոսում ես նրանց հետ, հանդիպում ծնողների հետ, տեսնում ես, որ իսկապես երջանիկ են թե՛ ծնողները, թե՛ երեխաները»,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Թանդիլյանը:

Պետական մանկատների երեխաների խնամքն ապահովելու համար 2017թ. պետբյուջեից հատկացվել է մոտ 1.9 մլրդ դրամ, իսկ խնամատար ընտանիքների 24 երեխաների խնամքի համար՝  ավելի քան 37 մլն դրամ: Խնամատար ընտանիքին հատկացվող գումարի մեջ ներառվում են երեխայի խնամքի և խնամողների աշխատավարձերի համար նախատեսված գումարները: Մինչդեռ մանկատան դեպքում՝ հատկացվող գումարը բացի երեխայի խնամքից և աշխատավարձերից ներառում է նաև վարչական և այլ ծախսեր:

Ստացվում է, որ մանկատան խնամքի տակ ապրող 1 երեխայի համար օրական հատկացումը կազմում է 8370 դրամ (2017թ. բյուջեով), մինչդեռ խնամատար ընտանիքներում 1 երեխայի համար օրական հատկացվումը 4230 դրամ է՝ 2 անգամ քիչ, քան մանկատան պարագայում: Այնինչ ոչ պետական մանկատներում, որոնք ստանում են պետական չնչին աջակցություն և ֆինանսավորվում են նվիրատվություններից՝ 1 երեխայի խնամքի ծախսը հաշվարկված է 10800 դրամ:

Նախարար Թանդիլյանի կարծիքով՝  խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդնման ծրագիրը հաջողված է, սակայն բուն գործընթացը երբեմն ընթացել է շատ դանդաղ և հաճախ շատ անփույթ:

«Ինչո՞ւ, որովհետև դրան կա խիստ դիմադրություն նաև հաստատությունների կողմից, որ ակնհայտորեն բազմաթիվ շահեր ունեն, որոնք այստեղ բախվում են, բայց անհրաժեշտ է խնդիրները լուծել», – ասում է նախարար Թանդիլյանը:

Ըստ նախարարության ղեկավարի՝ խնդրի շուրջ հնարավոր է մոտեցումներն ու կարծիքները տարբեր լինեն, բայց գործընթացը պետք է շարունակական բնույթ ունենա, կազմակերպվի արագ և որակով:

«Մանկատները շատ հաճախ վերակազմվում են ցերեկային խնամքի կենտրոնների: Աշխատակիցները կարող են վերապատրաստվել, շարունակել աշխատանքը, բայց կլինեն գործառույթներ, որոնք անհրաժեշտ չեն լինելու, քանի որ ցերեկային զբաղվածությունն է ապահովվելու, իսկ գիշերը երեխաներն այդ հաստատությունում չեն մնալու: Նրանք, ովքեր լավագույնն են՝ պետք է մնան, իսկ նրանք, ովքեր որոշ գործառույթների արդյունքում դուրս են մնալու, այդ մասին տեղեկացված են, պետք է հասկանան, պատրատվեն և այլ հնարավորություններ փնտրեն»,- ասում է նախարար Թանդիլյանը: 

2018թ. համար հատկացումների չափը պահպանվել է: Մեկ երեխայի խնամքի համար օրական հատկացումը մանկատան դեպքում կազմում է 8500 դրամ, իսկ խնամատար ընտանիքի պարագայում՝  4450 դրամ:

Ինչպե՞ս է ձևավորվել խնամատար ընտանիքի ինստիտուտը

Ծրագրի մեկնարկից սկսած՝ 10 տարվա ընթացքում խնամատար ընտանիքներում խնամվել է շուրջ 80 երեխա:

2005-2009թթ. Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (ՀՕՖ ԵԱԿՀ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ իրականացրել է խնամատարության պիլոտային ծրագիր:

Ծրագրի շնորհիվ՝ 32 երեխա տեղավորվել է 30 խնամատար ընտանիքներում:

Պիլոտային ծրագիրը նպատակ ուներ հաստատություններից աստիճանաբար դուրս բերել խնամվող երեխաներին՝ տեղավորելով նրանց խնամատար ընտանիքներում` եթե վերադարձը կենսաբանական ընտանիք անհնար է կամ չի բխում երեխայի շահերից:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը «Ամփոփ մեդիայի» հետ զրույցում նշեց, որ ՀՕՖ-ը, 2009-2014թթ. դադարեցրել է ծրագրին իր մասնակցությունը, սակայն 2015-2017թթ. շարունակել է աշխատանքները խնամատարության ոլորտում՝ համագործակցելով ԱՍՀՆ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ՝ ի աջակցություն երեխաներին հաստատություններից դուրս բերելու՝ ՀՀ կառավարության որդեգրած  քաղաքականության իրագործմանը:

Ծրագրի արդյունքում՝ 85 ծնող վերապատրաստվել է և ստացել դրական եզրակացություն՝ ստանձնելու կյանքի դժվարին պայմաններում հայտնված, այդ թվում՝ մանկատներում խնամվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը:

Վերապատրաստումների ֆինանսավորումը չի ստանում պետական աջակցություն: Դրանք իրականացրել է հենց  ՀՕՖ ԵԱԿՀ-ն՝  ԱՄՆՄԶԳ, ՅՈՒՆԻՍԵՖ և «Սեյվ դը չիլդրեն» (Save the Children) կազմակերպությունների աջակցությամբ:

2018թ. հունվարից ՀՕՖ ԵԱԿՀ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ շարունակել է խնամատարության հետ աշխատանքները՝ վերապատրաստված թեկնածու խնամատար ընտանիքներում՝ երեխաների համադրումն ու տեղավորումն իրականացնելու նպատակով: 2018թ. հուլիսի տվյալներով՝ 40 նոր հերթագրված թեկնածու կա,  6 երեխա անցել է 5 խնամատար ընտանիքի խնամության, 1 երեխայի համար իրականացվում է պայմանագրի կնքման գործընթացը, ևս 8 երեխայի գործ գտնվում էր համադրման փուլում:

Ներկա պահին ծրագիրն իրականացվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ «Խնամքի հաստատություններում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար խնամատար ընտանիքի ծառայության ընդլայնումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, պայմանագրի ձևը և այլ մանրամասներ:

Ամփոփեց Գայանե Մելիքյանը

Մենթոր` Աստղիկ Գևորգյան

Սույն նյութը պատրաստվել է «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (FES) հետ համագործակցությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 01/02/2018