Մարմնամարզության հայկական ֆենոմենը․ 19 և 34-ամյա չեմպիոնների հաղթանակներն ու պատմական նվաճումներ Ռոտերդամում
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը։ 82 երկրից 452 մարզիկ մրցում էին աշխարհի ուժեղագույնի կոչման համար։ Հայաստանը մրցավայր էր մեկնել 4 մարզիկով՝ բոլորն էլ վերադարձան մեդալներով։
Հայաստանի ներկայացուցիչները
Հայաստանի հավաքականի կազմում էին Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։
Համլետ Մանուկյանը, նժույգթափեր վարժությունում, 19 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն։ Նա Հայաստան բերեց երկրի պատմության առաջին ոսկին՝ այս վարժությունում։ Երիտասարդ մարմնամարզիկը եզրափակչում վաստակեց 15,300 միավոր՝ մնալով անգերազանցելի։
Մամիկոն Խաչատրյանը, նույն վարժությունում, արժանացավ բրոնզե մեդալի։ Խաչատրյանը հավաքել էր 15,000 միավոր` 0,233 միավորով զիջելով արծաթե մեդալակիր իտալացի Գաբրիելե Տարգետային։
Ձախից աջ՝ Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան
Հատկանշական է, որ Մանուկյանը լավագույն արդյունքն էր ցույց տվել նաև որակավորման փուլում (14,933), Խաչատրյանը եզրափակիչ էր դուրս եկել 4-րդ տեղով (14,733):
Արթուր Դավթյանը՝ առաջինն է Հայաստանի պատմության մեջ, որը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիրը հենացատկ վարժությունում, 2 ցատկերի հանրագումարում, հավաքեց 14,850 միավոր։ 34-ամյա մարզիկն իր աշխարհի առաջին ոսկին նվաճել էր 2022 թվականին՝ Լիվերպուլում։
Արթուր Ավետիսյանն էլ աշխարհի առաջնություններից Հայաստանին բերեց պատմության առաջին մեդալը՝ օղակներ վարժությունում։ Ավետիսյանը հավաքեց 14,233 միավոր՝ զիջելով հույն ու չինացի մարմնամարզիկներին։
Այսպիսով, Հայաստանի բոլոր՝ չորս ներկայացուցիչները մեդալներ նվաճեցին՝ 2 ոսկե ու 2 բրոնզե։
Մեդալային հաշվարկը
Մեդալային վերջնական հաշվարկում Հայաստանը, ներկայացված լինելով միայն տղամարդկանց կազմով, ընդհանուր աղյուսակում 4-րդն է։ Առաջատարը ԱՄՆ-ի ընտրանին է՝ 3 ոսկե 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալով։
Հաշվարկի 2-րդ տեղում Չինաստանն է, որը ԱՄՆ-ից 1 արծաթե մեդալ քիչ է նվաճել։ 3-րդ տեղում Ճապոնիան է՝ 2 ոսկե և 1-ական արծաթե ու բրոնզե մեդալներով։ Առաջատարները մրցավայր էին մեկնել 12 մարզիկներով։ Ընդհանուր առմամբ, 2 ոսկի է նվաճել նաև Ալժիրը, որն ուներ 6 ներկայացուցիչ։
Տղամարդկանց հաշվարկում Հայաստանը 3-րդն է՝ իրենից առաջ թողնելով միայն Չինաստանին (2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ) ու Ճապոնիային (2 ոսկի, 1 արծաթ):
Ռոտերդամը 3-րդ անգամ էր ընդունում աշխարհի առաջնություն
1987-ից ու 2010-ից հետո Ռոտերդամը 3-րդ անգամ է ընդունում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություն։ Այստեղ խաղարկվում էին 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը։ Տղամարդկանց և կանանց թիմային եզրափակիչներում լավագույն եռյակը զբաղեցրած հավաքականները ստացան օլիմպիական ուղեգրեր։
Չնայած Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան 2026թ․ մայիսին հանել էր սահմանափակումները ռուս և բելառուս մարզիկների նկատմամբ՝ թույլատրելով հանդես գալ սեփական դրոշի ներքո, Նիդեռլանդների կառավարությունը հրաժարվել էր օգտագործել այդ երկրների պետական խորհրդանիշները։
Ավելին՝ առաջնության մեկնարկից ընդամենը 4 օր առաջ Նիդեռլանդները պաշտոնապես մերժեց Ռուսաստանի կանանց հավաքականի առաջատարներ Անգելինա Մելնիկովայի, Վիկտորիա Լիստունովայի և Աննա Կալմիկովայի վիզաները՝ պատճառաբանելով, թե նրանք «սպառնալիք են ներկայացնում Շենգենյան գոտու երկրների միջազգային հարաբերությունների համար»:
Ռուսաստանը ստիպված եղավ վերջին օրերին հապճեպ փոխարինումներ կատարել ու կազմ ընդգրկել այլ մարզուհիների:
Մրցաշարի ընթացքում խաղարկվեց չեմպիոնական 14 տիտղոս։ Տղամարդկանց բազմամարտում աշխարհի չեմպիոն հռչակվեց ճապոնացի Դայկի Հաշիմոտոն, իսկ կանանց բազմամարտում ոսկե մեդալը նվաճեց ամերիկուհի Սքայ Բլեյքլին։ Թիմային պայքարում տղամարդկանց ոսկին բաժին հասավ Ճապոնիայի հավաքականին, իսկ կանանց թիմային առաջնությունում չեմպիոն դարձավ Չինաստանը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի ընտրանիներից։
Ամփոփեց Դերենիկ Խաչատրյանը
Լուսանկարները՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի, Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/10/2026












