Մեր մասին Էթիկա
Քաղաքական

102-րդ ռազմաբազան մինչև 2044 թվականը․ ի՞նչ է նախատեսում հայ-ռուսական համաձայնագիրը 

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանում ռուսական ռազմական ներկայությանը։ Նա ասել է, որ եթե Հայաստանը համարի, որ ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չկա, Ռուսաստանը պատրաստ է հեռանալ։

«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»,- ասել է Պուտինը։

Ի պատասխան՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ռազմաբազայի հարցը Ռուսաստանի նախագահի հետ չի քննարկվել, բայց եթե «Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի»։

Ռազմաբազային Փաշինյանն անդրադարձել էր նաև սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ։ Նա նշել էր, որ 2018 թվականից շփվում է Ռուսաստանի նախագահի հետ և երբեք Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է պահպանել ռազմաբազան, հայկական կողմը պատրաստ է քննարկել։

Ռազմաբազայի տեղակայումը կարգավորվում է 1995 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով, որի գործողության ժամկետը 2010 թվականին երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

Այս հայտարարությունների ֆոնին «Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է, թե ինչ է նախատեսում այդ համաձայնագիրը, ինչ պարտավորություններ ունեն կողմերը և ինչ իրավական կարգավիճակով է գործում ռուսական ռազմաբազան Հայաստանում։ 

1995-ից մինչև 2044 թվականը

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան ձևավորվել է 1994 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա։

1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման մասին համաձայնագիրը։

Համաձայնագրի 26-րդ հոդվածով սկզբնական շրջանում դրա գործողության ժամկետը սահմանվել էր 25 տարի։ 2010 թվականին թիվ 5 արձանագրությամբ ժամկետը փոփոխվեց և սահմանվեց 49 տարի։ Այսպիսով, համաձայնագրի գործողության ժամկետը հասնում է մինչև 2044 թվականը։

Միաժամանակ 2010 թվականի արձանագրությամբ նախատեսվել է, որ այդ ժամկետից հետո համաձայնագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է հինգական տարով, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին Համաձայնագրի գործող ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ այն դադարեցնելու իր մտադրության մասին։

Այսինքն՝ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կարգավորվում է ոչ միայն կողմերի ընթացիկ քաղաքական հայտարարություններով, այլև գործող միջազգային համաձայնագրով, որն ունի նաև դադարեցման և երկարաձգման սահմանված ընթացակարգեր։

Ի՞նչ խնդիր պետք է իրականացնի ռազմաբազան

Համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ռուսական ռազմաբազան իրականացնում է կողմերի համապատասխան համաձայնագրերից բխող խնդիրներ։

1995 թվականի սկզբնական խմբագրությամբ նշվում էր, որ Հայաստանի տարածքում գտնվելու ընթացքում, Ռուսաստանի շահերի պաշտպանությունից բացի, ռազմաբազան ՀՀ զինված ուժերի հետ համատեղ պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի երկայնքով, խոսքը Թուրքիայի և Իրանի սահմանի մասին էր։

2010 թվականի թիվ 5 արձանագրությամբ այս դրույթը փոփոխվեց։ Նոր խմբագրությամբ նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի երկայնքով անվտանգության ապահովման ձևակերպումը հանվեց, և մնաց միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման մասին դրույթը։

Նույն փոփոխությամբ ավելացվեց, որ այդ նպատակներին հասնելու համար ռուսական կողմը պետք է նպաստի Հայաստանին ժամանակակից և համատեղելի զենքով ու ռազմական տեխնիկայով ապահովելուն։

Միաժամանակ ռազմաբազայի ռազմական ստորաբաժանումների օգտագործումն իրականացվում է կողմերի համապատասխան համաձայնագրերի, 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի և կողմերի օրենսդրության հիման վրա։

Ի՞նչ պարտավորություններ ունի Հայաստանը

Համաձայնագրի հոդված 17-ով սահմանված է, որ հայկական կողմը չի միջամտում ռազմաբազայի շահերից բխող ինքնաթիռների թռիչքներին՝ նախնական հարցումների դեպքում։ Թռիչքները կարող են իրականացվել այն երթուղիներով, գոտիներով և շրջաններով, որոնք համաձայնեցված են ռազմաբազայի կառավարման մարմնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև։

Հոդված 18-ով սահմանվում է, որ հայկական կողմը պետք է ապահովի ռազմաբազայի զինվորական ստորաբաժանումների՝ Հայաստանի պետական սահմանը հատելու հնարավորությունը և նպաստի դեպի ռազմաբազա ու այնտեղից դուրս բեռների տեղափոխմանը Հայաստանի հաղորդակցության ուղիներով և օդային տարածքով։ 

Բնական աղետների կամ կողմերի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում էլ հայկական կողմը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի խնդրանքով պետք է ապահովի ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումների և զորահավաքային ռեսուրսների անցումը իր պետական սահմանով։

Ո՞վ է ֆինանսավորում ռազմաբազան

Համաձայնագրի 19-րդ հոդվածով սահմանված է, որ ռուսական կողմը պատասխանատու է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ֆինանսական ապահովման համար։ Միաժամանակ ռազմաբազայի պահպանման ծախսերի մի մասը կրում է Հայաստանը։

Բազայի պահպանման ծախսերի տեսակներն ու չափերը, դրա ֆինանսավորման կարգը, նյութական ռեսուրսների ապահովումը, ինչպես նաև կողմերի միջև փոխադարձ հաշվարկները որոշվում են առանձին համաձայնագրով։

Հոդված 20-ով հայկական կողմը ապահովում է ռազմաբազայի էլեկտրաէներգիայով, ջրով և այլ կոմունալ-կենցաղային ծառայություններով՝ ՀՀ զինված ուժերի մատակարարման նորմերով և բազայի կենսագործունեության համար անհրաժեշտ չափերով։

Ի՞նչ է նախատեսված բազայի տարածքի և գույքի համար

Համաձայնագրի 5-րդ հոդվածով ռազմաբազայի տեղակայման համար տրամադրվող տարածքների չափերն ու սահմանները որոշվում են առանձին համաձայնագրերով։

Տեղակայման կետերի գործող ցանկը հաստատվել է 2012 թ. հոկտեմբերի 3-ի արձանագրությամբ։

6-րդ հոդվածով ռուսական կողմին իրավունք է տրվում վերակառուցել իր օգտագործման տակ գտնվող օբյեկտները և հատկացված տարածքում իրականացնել կապիտալ շինարարություն՝ դրանք նախապես համաձայնեցնելով հայկական կողմի հետ։

Համաձայնագրով նախատեսվում է, որ դրա ստորագրումից հետո կառուցված օբյեկտների սեփականությունը պատկանում է այն կողմին, որը ֆինանսավորել է դրանց կառուցումը։

Ի՞նչ կարգավիճակ ունի ռազմաբազայի անձնակազմը

Մամուլի հրապարակումների համաձայն՝ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի թվաքանակը տարբեր ժամանակներում գնահատվել է 3000-ից մինչև 5000 մարդ։

Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Արձանագրություն 1-ով կարգավորվում են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների սոցիալական իրավունքները։

Համաձայնագրի Արձանագրություն 1-ի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ռազմաբազայի զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները Հայաստանում կրթություն ստանալու և բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն նույն պայմաններով, ինչ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները։

Նույն հոդվածով հայկական կողմը թույլատրել է ռուսական կողմին ռազմաբազայի կարիքների համար Հայաստանում ստեղծել հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հովանու ներքո։ 

Արձանագրության 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ ռազմաբազայի անձնակազմը և նրանց ընտանիքի անդամները Հայաստանում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված նույն պայմաններով, ինչ ՀՀ քաղաքացիները։

Բացի այդ, հիմնական համաձայնագրի 22-րդ հոդվածով կարգավորվում են աշխատանքային հարաբերությունները։ ՀՀ քաղաքացիները կարող են աշխատել ռուսական ռազմաբազայում, և այդ աշխատանքի նկատմամբ կիրառվում է Ռուսաստանի աշխատանքային օրենսդրությունը։ Միաժամանակ ռազմաբազայի զինծառայողների ընտանիքի անդամները կարող են աշխատել Հայաստանի ձեռնարկություններում և կազմակերպություններում, և նրանց աշխատանքի նկատմամբ կիրառվում է Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը։

Ո՞ր երկրի իրավասությունն է գործում իրավախախտումների դեպքում

Ռազմաբազայի անձնակազմի, նրանց ընտանիքի անդամների և ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրավապահ և դատավարական գործողությունների հարցերը կարգավորվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված առանձին համաձայնագրով։

Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանվում է ընդհանուր կանոնը․ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված իրավախախտումների նկատմամբ իրավասություն ունի հայկական կողմը։

Սակայն 5-րդ հոդվածով նախատեսված են դեպքեր, երբ իրավասությունը պատկանում է ռուսական կողմին։ Դրանք ներառում են՝ ռուսական ռազմաբազայի տարածքում կատարված հանցագործությունները, Ռուսաստանի կամ ռազմաբազայի անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների դեմ ուղղված հանցագործությունները, զինվորական հանցագործությունները։

Առանձին կարգավորում է նախատեսված ռազմաբազայի տարածքում Հայաստանի իրավասու մարմինների կողմից գործողություններ իրականացնելու համար։ 8-րդ հոդվածի համաձայն՝ եթե հայկական իրավասու մարմիններին անհրաժեշտ է ռազմաբազայի տարածքում իրականացնել դատավարական, քննչական կամ օպերատիվ-հետախուզական գործողություններ, դրանք կարող են իրականացվել կողմերի իրավասու մարմինների համատեղ գործողությունների միջոցով կամ ռուսական իրավասու մարմինների կողմից՝ հայկական կողմի գրավոր հարցման հիման վրա, եթե դա չի հակասում ռուսական օրենսդրությանը։

Համաձայնագրով նախատեսվում է նաև կողմերի միջև տեղեկությունների փոխանակում։ 7-րդ և 10-րդ հոդվածներով կողմերը պարտավորվում են միմյանց անհապաղ տեղեկացնել իրենց իրավասու մարմինների կողմից ռազմաբազայի անձնակազմի, նրանց ընտանիքի անդամների կամ ՀՀ քաղաքացիների ձերբակալման, կալանավորման կամ քրեական գործ հարուցելու մասին։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 24-ին և շարունակում է գործել։

Կարո՞ղ է Ռուսաստանը ռազմաբազան օգտագործել ցանկացած նպատակով

Ոչ։ Համաձայնագրի 24-րդ հոդվածը սահմանում է, որ ռուսական կողմը չի կարող ռազմաբազան օգտագործել պայմանագրով չսահմանված նպատակներով։

Միաժամանակ ռազմաբազան, դրա անձնակազմը և ընտանիքի անդամները պարտավորվում են հարգել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պահպանել Հայաստանի օրենսդրությունը և չմիջամտել երկրի ներքին գործերին։

Այսպիսով, գործող համաձայնագիրը սահմանում է ոչ միայն ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը, այլև դրա առաքելությունը, կողմերի պարտավորությունները, ֆինանսավորման և գույքի օգտագործման պայմանները, անձնակազմի կարգավիճակն ու իրավասության հարցերը։

Հեղինակ՝ Գոհար Սարգսյան

Գլխավոր լուսանկարը՝ Mid.ru կայքից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում։

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/09/2026