Մեր մասին Էթիկա











Առողջություն • Տնտեսություն

Աչքի համար անտեսանելի վտանգ․ ինչո՞ւ թռչնամսի անվտանգությունը չի կարելի թողնել գնորդի հույսին

64-ամյա երևանաբնակ Աննա Հարությունյանը խանութում թռչնամիս ընտրելու տարիների փորձ ունի։ Նա միշտ ուշադիր զննում է փաթեթավորումը, մանրամասն կարդում պիտանելիության ժամկետը, փորձում հասկանալ՝ արդյոք միսը տարօրինակ գույն կամ տհաճ հոտ ունի, թե ոչ և արդյոք վաճառասրահի սառնարանները պատշաճ սառեցնում են։

Բայց նույնիսկ այս զգուշավորությունը միշտ չէ, որ բավարար է։

«Եղել են դեպքեր, երբ տանը միսը փաթեթից հանելիս ու լվանալիս զգացել եմ, որ հյուսվածքը չափազանց թույլ է, կամ գույնն այն չէ, ինչ ցուցափեղկի լույսի տակ էր երևում։ Ամեն ինչ ստուգում եմ, բայց տանը կանգնում փաստի առաջ։ Եթե այսքան զգուշանալուց հետո անգամ չեմ կարող լիարժեք վստահել ընտրությանս, ի՞նչ անի շարքային գնորդը»,- ասում է Աննա Հարությունյանը։

Գույնը, հոտը կամ հյուսվածքը կարող են հուշել մսի վիճակի մասին, սակայն անվտանգության մի շարք ռիսկեր հնարավոր չէ բացահայտել առանց լաբորատոր հետազոտության։ Սալմոնելան, լիստերիան կամ դեղամիջոցների մնացորդները կարող են արտաքին տեսքով չդրսևորվել։

ՍԱՏՄ-ի տվյալները ևս ցույց են տալիս, որ թռչնամսի անվտանգությունը կախված չէ միայն գնորդի ճիշտ ընտրությունից։ 2023-ից մինչև 2026-ի ապրիլ պլանային ստուգում անցած թռչնամիս արտադրող 30 ընկերություններից 28-ում խախտումներ են արձանագրվել։ Մինչդեռ կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի պետական մոնիթորինգի ներկայիս ծրագրում թռչնամիսը ներառված չէ։

Անվտանգությունը սկսվում է ֆերմայից, ոչ թե խանութից

Թռչնամսի անվտանգությունը ձևավորվում է ամբողջ արտադրական շղթայում՝ թռչնաբուծությունից և սպանդից մինչև վերամշակում, տեղափոխում, վաճառք և վերջապես՝ պատրաստում։

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը, որի ղեկավարած կազմակերպությունն իրականացնում է «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ծրագիրը, ընդգծում է, որ շղթայի որևէ օղակում վերահսկողության թուլացումը կարող է ազդեցություն ունենալ վերջնական արտադրանքի անվտանգության վրա։

Ստուգված 30 արտադրողից 28-ում խախտումներ են արձանագրվել

ՍԱՏՄ-ի տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է թռչնամսի արտադրությամբ զբաղվող 33 իրավաբանական անձ։

2023-ից մինչև 2026-ի ապրիլ տեսչական մարմինը պլանային ստուգումներ է իրականացրել դրանցից 30-ում։ 28 ընկերությունում արձանագրվել են խախտումներ։

Նույն ժամանակահատվածում ոչ պլանային ստուգումներ են կատարվել 21 ընկերությունում, որոնցից 10-ում նույնպես խախտումներ են հայտնաբերվել։

ՍԱՏՄ-ի Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում այս ընթացքում հետազոտվել է 267 նմուշ։ Դրանց շրջանակում կատարված 913 փորձարկման արդյունքում արձանագրվել է 120 անհամապատասխանություն։

Սակայն ՍԱՏՄ-ի տրամադրած տվյալներից պարզ չէ՝ այդ 120 անհամապատասխանությունը քանի նմուշի է վերաբերել և կոնկրետ ինչ ցուցանիշներով են դրանք արձանագրվել։ Հետևաբար այս թիվը հնարավոր չէ մեկնաբանել որպես 267 նմուշից 120-ի անհամապատասխանություն։

Սահմանին արգելված խմբաքանակներ․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները

2024-ին Հայաստանի թռչնամսի ինքնաբավության մակարդակը կազմել է 26%: Ներքին պահանջարկի մեծ մասը, հետևաբար, լրացվել է ներմուծմամբ։

ՊԵԿ-ի և ՍԱՏՄ-ի տվյալների համադրմամբ՝ 2024-ին Հայաստան է ներմուծվել շուրջ 41 հազար տոննա թռչնամիս։ Դրա 65%-ը բերվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, իսկ 35%-ը՝ ԵԱՏՄ երկրներից։

Սահմանային վերահսկողության ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով 2024-ին շուրջ 488 տոննա թռչնամսի ներմուծումն արգելվել է։ Դա տարվա ընդհանուր ներմուծման մոտ 1.2%-ն է։

2023-ին Հայաստան ներմուծված մոտ 39 հազար տոննա թռչնամսից սահմանին արգելվել է առնվազն 312 տոննայի մուտքը՝ մոտ 0.8%-ը։

2024-ին արգելված խմբաքանակների գրեթե կեսը՝ շուրջ 231 տոննան, ներմուծվել էր Բրազիլիայից։ Շուրջ 156 տոննան՝ ԱՄՆ-ից, ևս մոտ 101 տոննան՝ Ուկրաինայից։

Արձանագրված անհամապատասխանությունների զգալի մասը վերաբերել է խոնավության զանգվածային բաժնի բարձր ցուցանիշին։ Սակայն առանձին դեպքերում հայտնաբերվել են նաև մարդու առողջության համար վտանգավոր ախտածիններ՝ լիստերիա և սալմոնելա։

Օրինակ՝ 2023 թ-ի նոյեմբերին Բրազիլիայից ներկրված ավելի քան 112 տոննա թռչնամսի ներմուծումն արգելվել էր լիստերիայի հայտնաբերման պատճառով։

Բայց ամբողջ ներմուծվող թռչնամիսը նույն կերպ չի ստուգվում

ՍԱՏՄ-ի տվյալներով՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներմուծվող թռչնամսի 90–95%-ը սահմանային հսկողության շրջանակում ենթարկվում է լաբորատոր փորձաքննության։

Սակայն այս թիվը ցույց չի տալիս, թե լաբորատոր վերահսկողության ինչ ծավալ է կիրառվում ԵԱՏՄ երկրներից Հայաստան մտնող թռչնամսի նկատմամբ։

Պաշտոնական պատասխանից պարզ չէ նաև, թե 90–95%-ը հաշվարկված է ըստ խմբաքանակների, դրանց ընդհանուր քաշի, վերցված նմուշների, թե մեկ այլ չափման միավորի։

2025 թ-ին երրորդ երկրներից ներմուծված թռչնամսի սահմանային լաբորատոր փորձաքննության արդյունքում, ըստ ՍԱՏՄ-ի, արձանագրվել է անհամապատասխանության մեկ դեպք։ Սակայն պատասխանում չեն նշվում անհամապատասխանության բնույթը, խմբաքանակի ծավալը և դրա նկատմամբ ընդունված որոշումը։

Այս տվյալները թույլ չեն տալիս ամբողջական պատկեր ստանալ, թե Հայաստան ներմուծվող ամբողջ թռչնամսի որ մասն է փաստացի անցնում լաբորատոր փորձաքննություն։

Տեղական թռչնամիսը մնացորդային նյութերի պետական մոնիթորինգի ծրագրում ներառված չէ

Թռչնամսի վերահսկողության մեկ այլ բաց վերաբերում է այն ռիսկերին, որոնք հնարավոր չէ հայտնաբերել տեսողական զննությամբ։

ՍԱՏՄ-ի՝ «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ին տրամադրած պաշտոնական պատասխանից պարզվում է, որ կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի պետական մոնիթորինգի գործող ծրագիրը ներառում է ձուկը, մեղրը և կաթը, բայց ոչ թռչնամիսը։

Այսինքն՝ թռչնամսի նկատմամբ նման պարբերական մոնիթորինգ կարող է իրականացվել միայն համապատասխան պետական ծրագրի հաստատումից հետո։

Միաժամանակ Հայաստանում գործում է «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ հատուկ տեխնիկական կանոնակարգ, որն ուժի մեջ է մտել 2023 թ- հունվարի 1-ից։

Այսպիսով, խնդիրը անվտանգության պահանջների բացակայությունը չէ, այլ այն, թե ինչ պարբերականությամբ և ինչ գործիքներով է վերահսկվում այդ պահանջների պահպանումը։

Վերահսկողությունը շուկա մուտք գործելուց հետո

Ներմուծվող թռչնամսի դեպքում վերահսկողության համակարգը տարբերվում է։

Սակայն միայն փաստաթղթային հսկողություն անցած արտադրանքի նկատմամբ հետագա պարբերական լաբորատոր մոնիթորինգ նախատեսված չէ։

ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նման դեպքերում պետական վերահսկողության հիմքերից կարող են լինել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիներից և հանրությունից ստացված դիմում-բողոքներն ու հաղորդումները։

Տեսչական մարմինը նաև նշում է, որ թռչնամսի շուկան գտնվում է կառույցի ուշադրության կենտրոնում, իսկ իրականացվող ուսումնասիրություններն ու իրավիճակի վերլուծությունը կարող են հիմք դառնալ մոնիթորինգի, ստուգման կամ աուդիտի համար։

Սակայն պաշտոնական պատասխանում չեն ներկայացվում նման ուսումնասիրությունների քանակը, պարբերականությունը, մեթոդաբանությունը կամ արդյունքները։

«Սպառողն ի վիճակի չէ սեփական ուժերով գնահատել՝ արդյոք թռչնամիսը պարունակո՞ւմ է սալմոնելա կամ դեղամիջոցների մնացորդներ։ Պետական վերահսկողությունը չի կարող սահմանափակվել միայն տեսողական զննությամբ կամ սպառողների բողոքներով։ Անհրաժեշտ է գործընթացը դնել կանոնավոր լաբորատոր հիմքերի վրա»,- ասում է Լիաննա Ասոյանը։

Հետևաբար դիմում-բողոքների հիմքով վերահսկողությունը կարող է լրացնել, բայց չի կարող փոխարինել այն ռիսկերի պարբերական լաբորատոր մոնիթորինգին, որոնք սպառողը տեսնել կամ ինքնուրույն գնահատել չի կարող։

Մնացորդային նյութերի մոնիթորինգի ֆինանսավորումը չի ավելացել

«ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի մշակած թռչնամսի անվտանգ հասանելիության ապահովման նպատակով շահերի պաշտպանության ռազմավարության համաձայն՝ կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի վերահսկողությանը 2024 թ-ին հատկացվել է 55.8 մլն դրամ։

2025 թ-ի համար նախատեսվել է նույն՝ 55.8 մլն դրամը։

Այս գումարը վերաբերում է կենդանական ծագման մթերքին ընդհանուր առմամբ և ոչ թե առանձին թռչնամսի վերահսկողությանը։

ՍԱՏՄ-ի 2026 թ-ի գործունեության ծրագրում ևս նախատեսված է կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի մոնիթորինգ։ Սակայն հրապարակված փաստաթղթերից պարզ չէ՝ արդյոք ծրագրում այս անգամ ներառված է նաև թռչնամիսը, թե ոչ։

control_gap_first
previous arrow
next arrow

Ի՞նչ է առաջարկվում փոխել

«Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ծրագրի փորձագիտական խումբն առաջարկում է թռչնամսի վերահսկողությունը դարձնել ավելի համակարգված և պարբերական։

Առաջարկներից մեկը տեղական շուկայում մնացորդային նյութերի ամբողջական և պարբերական մոնիթորինգի պետական ծրագրի մշակումն ու ներդրումն է՝ ՍԱՏՄ-ի տարեկան բյուջեում դրա համար համապատասխան ֆինանսավորում նախատեսելով։

Մյուս առաջարկը վերաբերում է ներմուծվող թռչնամսին՝ պետական վերահսկողության ծրագրում լաբորատոր հետազոտության և մոնիթորինգի առանձին բաղադրիչ նախատեսելուն։ Սա հատկապես կարևոր է այն ներմուծումների դեպքում, որոնց նկատմամբ կիրառվող լաբորատոր վերահսկողության ծավալը հրապարակային տվյալներից հստակ չէ։

Ի՞նչ կարող է անել սպառողը

Պետական վերահսկողության բացերը չեն նշանակում, որ գնորդի վարքագիծը կարևոր չէ։

Թռչնամիս ընտրելիս կարևոր է ստուգել պիտանելիության ժամկետը, փաթեթավորման ամբողջականությունը, պահպանման պայմանները, խուսափել կասկածելի տեսքով կամ հոտով մսից, իսկ տանը՝ հում թռչնամիսը պահել այլ սննդամթերքից առանձին և պատշաճ ջերմային մշակման ենթարկել։

Սակայն այս քայլերը նվազեցնում են միայն այն ռիսկերը, որոնց նկատմամբ սպառողը կարող է որևէ կերպ ազդել։

«ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի՝ Հայաստանի տարբեր մարզերից 167 անձի մասնակցությամբ անցկացրած առցանց հարցման արդյունքներով՝ մասնակիցների միայն 22.8%-ն է վստահություն հայտնել Հայաստանում վաճառվող թռչնամսի անվտանգության նկատմամբ, իսկ 32.9%-ը նշել է, որ չի վստահում։

Մասնակիցների 46.7%-ն իր տեղեկացվածությունը թռչնամսի արտադրության և վերահսկողության գործընթացների վերաբերյալ գնահատել է որպես մակերեսային, 23.4%-ը նշել է, որ ընդհանրապես տեղեկացված չէ, և միայն մեկ մասնակից է իրեն շատ լավ տեղեկացված համարել։

Եվ մինչ պետական մարմիններն ու փորձագետները քննարկում են վերահսկողության մեխանիզմների բարելավումը, տիկին Աննան ու բազմաթիվ սպառողներ շարունակում են ամեն օր խանութներում կարդալ պիտակներն ու հուսալ, որ ընտրված միսն անվտանգ կլինի։

Սակայն կան ռիսկեր, որոնք սպառողը չի կարող ոչ տեսնել, ոչ ինքնուրույն գնահատել։ Դրանց վերահսկումը պահանջում է պարբերական և համակարգված լաբորատոր մոնիթորինգ։

Հետևաբար թռչնամսի անվտանգությունը չի կարելի թողնել միայն գնորդի զգոնությանն ու ճիշտ ընտրությանը։

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակն ու «ԲԼԵՋԱՆ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում։

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 14/09/2026