Մեր մասին Էթիկա
Լրահոս

Ազատումներ ՔԿԾ-ում․ արդյո՞ք հիմնավորված են «Հրապարակի» հրապարակած թվերը

«Հրապարակ» օրաթերթը վերջերս իր հոդվածում գրել էր, որ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Ծովինար Թադևոսյանի պաշտոնավարման ընթացքում համակարգից «տասնյակ հարյուրավոր աշխատակիցներ» են ազատվել և դատարանում վիճարկում են այդ որոշումները։ Թերթը նաև պնդել էր, թե վերջին մեկ տարվա ընթացքում ՔԿԾ-ն նման գործերով պետական բյուջեից մոտ 58 մլն դրամ է վճարել։

«Ամփոփ մեդիայի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև 58 միլիոն դրամի վճարման փաստն իրական է, այն բնավ չի վերաբերում վերջին մեկ տարվա գործերին, իսկ դատարան դիմած աշխատակիցների թիվը միանիշ է և որևէ կապ չունի «տասնյակ հարյուրավորների» մասին պնդումների հետ։

Ի՞նչ են փաստում պաշտոնական տվյալները

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025 թ․ հունվարի 1-ից մինչև 2026 թ․ օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատանքից ազատման վերաբերյալ առկա է ընդամենը 6 դատական գործ։ Դրանցից երկուսը սկսվել են դեռևս 2025 թվականին, իսկ չորսը հարուցվել են 2026 թ․-ին։

Մասնավորապես, Հրաչյա Մկրտչյանի և Հայկ Մարգարյանի գործերով առաջին ատյանի դատարանները հայցերը մերժել են, ընդ որում՝ Հայկ Մարգարյանի գործով վերաքննիչն ու վճռաբեկն էլ անփոփոխ են թողել այդ որոշումը։ 2026 թվականին հարուցված գործերից Դավիթ Հովհաննիսյանի հայցը դատարանը մասնակի բավարարել է, սակայն դատական ակտն օրինական ուժի մեջ չի մտել։ Ըստ ՔԿԾ-ի նախապատրաստվում է վերաքննիչ բողոք, իսկ Ռուբիկ Մուրադյանի, Արթուր Դանիելյանի և Վարդան Բալդրյանի գործերը դեռևս գտնվում են քննության փուլում։

Ի՞նչ է պատասխանում Քրեակատարողական ծառայությունը

Ի պատասխան հարցման՝ ՔԿԾ-ն հայտնել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 17-ը ծառայության նախաձեռնությամբ ազատվել է 12 ծառայող, որոնցից միայն 6-ն են հայցեր ներկայացրել դատարաններ։ Նրանցից 5-ը ազատվել են կարգապահական խախտումների պատճառով։ Այդ թվում՝ 1 ծառայող՝ 2025 թվականի ապրիլին, և 4 ծառայող՝ 2026 թվականի փետրվար, ապրիլ և հունիս ամիսներին։

Մյուս 7-ը ազատվել են, քանի որ սահմանված ժամկետում նոր պաշտոն չեն ստացել․ 1-ը՝ 2026 թվականի մարտին, ևս 6-ը՝ հուլիսին։

Մեկ այլ ծառայողի դեպքում ազատման հիմք է հանդիսացել սեփական զեկուցագիրը, որի չեղարկման վերաբերյալ դիմումը մերժվել է, և որոշումը վիճարկվել է դատական կարգով։

ՔԿԾ-ից հայտնել են նաև, որ 2026 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ ծառայությունից ազատելու մասին որոշումների վիճարկման հայցերով քննվում է թվով 8 դատական գործ, որոնցից երեքով (ՎԴ6/0771/05/24, ՎԴ/8857/05/24, ՎԴ5/0519/05/24) հայցադիմումները ներկայացվել են մինչև 2025 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում։ 

Այսպիսով, նույնիսկ առավելագույնը 8 դատական գործի հաշվարկի դեպքում (ներառյալ մինչև 2025-ը սկսվածները)՝ խոսքը ոչ թե «տասնյակ հարյուրավոր», այլ միանիշ թվով դատական գործերի մասին է։ 

Ո՞րտեղից է առաջացել 58 միլիոն դրամ թիվը

ՔԿԾ-ն հաստատում է, որ պետական բյուջեից վերջին մեկ տարվա ընթացքում դատարանների որոշումների հիման վրա իրոք վճարվել է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար՝ 58 մլն 171 հազար 440 դրամ։ Այս գումարը վճարվել է ոչ թե վերջին մեկ տարում հարուցված գործերով, այլ 2023 և 2024 թվականներին հարուցված երեք կոնկրետ դատական գործերով։

Պատրաստեց Գոհար Սարգսյանը
Պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/09/2026