Մեր մասին Էթիկա











Միջազգային

Իսրայելական հատուկջոկատայինները ցերեկով մտել են Գազա և դուրս բերել ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի․ ո՞վ է նա

Օրերս Իսրայելի հատուկ ծառայությունները Գազա քաղաքում ցերեկային հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Մուին ալ-Արաբիդին։

Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ իսրայելական հատուկջոկատայինները մտել են ալ-Արաբիդի տան հարևանությամբ գտնվող շենք, իսկ ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել տարածքին՝ ցամաքային ուժերի նահանջն ու պաշտպանությունն ապահովելու համար։ Իսրայելական կողմում զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել։ Գազայի առողջապահական մարմինները հայտնել են գործողության ընթացքում առնվազն 4 զոհի, այդ թվում՝ երեխաների մասին։

Իսրայելը ալ-Արաբիդին ներկայացնում է որպես ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության առանցքային դեմքերից մեկը։ Ըստ իսրայելական պաշտոնական հաղորդագրությունների՝ նրան մեղադրում են պատանդների թաքցման և տեղափոխման, ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գործիչներին ապաստան տալու, կազմակերպության ռազմական կարողությունները վերականգնելու և իսրայելական զորքերի դեմ հարձակումներ նախապատրաստելու մեջ։ Ձերբակալվածը տեղափոխվել է Իսրայել՝ հարցաքննության։

Մուին ալ-Արաբիդին

Այս պահին ալ-Արաբիդին առաջադրված մեղադրանքների ամբողջական ցանկը և հնարավոր պատժաչափը պաշտոնապես չեն հրապարակվել։

Եթե նրա առնչությունն ապացուցվի պատանդառությանը, ահաբեկչական գործողություններին կամ 2023 թ․ հոկտեմբերի 7-ի հարձակմանը, նրան կարող են սպառնալ ծանր պատիժներ՝ երկարատև կամ ցմահ ազատազրկում։ Խոսքը 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հարավի վրա իրականացված հարձակման մասին է, որի հետևանքով, ըստ իսրայելական և միջազգային աղբյուրների, զոհվել է շուրջ 1200 մարդ, իսկ ավելի քան 250-ը պատանդ է տարվել Գազա։

Իսրայելում 2026-ին ընդունված օրենքը հոկտեմբերի 7-ի իրադարձությունների մասնակիցների քրեական հետապնդման համար սահմանում է հատուկ ընթացակարգ, այդ թվում՝ ռազմական դատարանում գործերի քննություն և մահապատժի կիրառման կարգավորումներ։

Ամփոփ Մեդիա
Աղբյուր՝ Bbc.com, i24news.tv
Լուսանկարը՝ AFP via Getty Images

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 03/09/2026