Մեր մասին Էթիկա











Իրավունք Միջազգային

Լիբանանի խորհրդարանը վերացրել է մահապատիժը․ առաջինը՝ արաբական աշխարհում

2023 Reuters/ Mohamed Azakir

Լիբանանի խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է մահապատիժն ամբողջությամբ վերացնելու և այն ցմահ ազատազրկմամբ փոխարինելու մասին օրինագիծը։ Սրանով Լիբանանը դարձել է արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի առաջին երկիրը, որն օրենսդրորեն ամբողջովին հրաժարվել է պատժի այս ձևից։

Իրավական ակտի պատմությունն ու կիրառումը

Մահապատիժը Լիբանանի քրեական օրենսգրքում առկա էր 1943 թվականի անկախացումից ի վեր՝ որպես օսմանյան և ֆրանսիական մանդատի ժամանակաշրջանից փոխանցված իրավական համակարգի մաս։

Օրենքով նախատեսված էր պատժի կիրառման երկու մեթոդ՝ կախաղան (քաղաքացիական անձանց համար) և գնդակահարություն (զինվորական դատարանների վճիռների դեպքում)։ Պատիժն ի կատար ածելու համար պահանջվում էր Արդարադատության նախարարի, Վարչապետի և Հանրապետության Նախագահի միաժամանակյա ստորագրությունը։

Ըստ Amnesty International-ի, 1943-ից մինչև 2004 թվականը Լիբանանում պաշտոնապես մահապատժի է ենթարկվել 51 մարդ։ Վերջին մահապատիժն ի կատար է ածվել 2004 թվականի հունվարին (Ռումիե բանտում)։ Դրանից հետո երկրում գործում էր դե ֆակտո մորատորիում։ Օրենքի չեղարկման պահին մահապատժի դատապարտված 84–85 անձանց պատիժն ավտոմատ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Ինչո՞ւ են վերացնում մահապատիժը

AP-ի փոխանցմամբ, մահապատժի առկայությունը խանգարում էր Բեյրութին այլ երկրներից (հատկապես Եվրոպայից) հետ ստանալ հանցագործության մեջ կասկածվողներին, քանի որ այդ երկրները հրաժարվում էին արտահանձնել մարդկանց մի երկիր, որտեղ նրանց մահապատիժ էր սպառնում։

2004 թվականից հետո իրավապաշտպանների բարձրացրած ալիքի հետևանքով Արդարադատության հաջորդող նախարարները հրաժարվում էին ստորագրել վճռի կատարման հրամանագրերը։

Լիբանանը համապատասխանեցրել է իր օրենսդրությունը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և ՄԱԿ-ի համաշխարհային մորատորիումի բանաձևերին։

Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի մեծ մասում մահապատիժը շարունակում է մնալ քրեական օրենսդրության ակտիվ մաս՝ գործնականում կիրառվելով տարբեր հանցագործությունների համար:

Այս պատիժն ակտիվ կիրառող երկրները

Այս տարածաշրջանն աշխարհում առաջատարներից է մահապատիժների քանակով։

  • Իրան․ Աշխարհում մահապատիժների թվով երկրորդն է (Չինաստանից հետո)։ Պատիժը կիրառվում է սպանությունների, թմրանյութերի շրջանառության, պետական դավաճանության, ինչպես նաև քաղաքական ու կրոնական բնույթի մեղադրանքների համար։ Իրականացման հիմնական մեթոդը կախաղանն է (երբեմն՝ հանրային)։
  • Սաուդյան Արաբիա․ Տարածաշրջանի խոշորագույն կիրառողներից է։ Օրենսդրությունը հիմնված է Շարիաթի վրա։ Մահապատժի են ենթարկվում ծանր սպանությունների, ահաբեկչության, թմրանյութերի մաքսանենգության համար։ Հիմնական մեթոդը գլխատումն է (սրով)։
  • Եգիպտոս․ Արաբական աշխարհում մահապատժի վճիռների և իրականացման թվով առաջատարներից է, հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող կամ ահաբեկչության հետ կապված գործերով։ Մեթոդը կախաղանն է։
  • Իրաք․ Մահապատիժն ակտիվորեն կիրառվում է, մասնավորապես «Իսլամական պետության» (ԻՊ) հետ կապված ահաբեկչական հանցագործությունների համար։ Մեթոդը կախաղանն է։

Երկրներ, որտեղ մահապատիժը պահպանվում է, սակայն կիրառվում է սահմանափակ

  • Հորդանան․ 2006-2014 թվականներին գործում էր դե ֆակտո մորատորիում, սակայն 2014-ին այն ընդհատվեց ծանր հանցագործությունների աճի պատճառով։ Այժմ կիրառվում է հազվադեպ՝ ծանր սպանությունների և ահաբեկչության դեպքերում (կախաղանի միջոցով)։
  • Արաբական Միացյալ Էմիրություններ, Քվեյթ, Բահրեյն, Օման․ Մահապատժի վճիռներ կայացվում են, սակայն դրանց ի կատար ածումը համեմատաբար հազվադեպ է տեղի ունենում (գնդակահարության կամ կախաղանի միջոցով)։

Մորատորիում կամ չկիրառման քաղաքականություն ունեցող երկրներ

  • Ալժիր, Թունիս, Մարոկկո․ Այս երկրների քրեական օրենսդրության մեջ մահապատիժը պահպանվում է, և դատարանները շարունակում են վճիռներ կայացնել, սակայն 1990-ականների սկզբից գործում է դե ֆակտո մորատորիում (օրինակ՝ Ալժիրում 1993 թվականից ի վեր որևէ մահապատիժ ի կատար չի ածվել)։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/08/2026