Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուները՝ ինֆոգրաֆիկներով

Թարմացում՝ 22.10.2026։ Նյութի տվյալները թարմացվել են ԿԸՀ-ի հոկտեմբերի 22-ի ընտրական ցուցակների հիման վրա։ Հոկտեմբերի 6-ի համեմատ ընտրական ցուցակների թիվը 46-ից դարձել է 45՝ Ստեփանավանի «Հայրենիք» կուսակցության ցուցակի դուրս գալու հետևանքով։ Վերլուծության մեջ ներառված թեկնածուների թիվը 1,630-ից դարձել է 1,622։ Համապատասխանաբար թարմացվել են նյութի վիճակագրական ցուցանիշներն ու ինֆոգրաֆիկները։

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների 45 համամասնական ցուցակներում ընդգրկված 1,622 թեկնածուների տվյալները՝ ըստ սեռի, տարիքի, կուսակցական պատկանելության և զբաղվածության և առանձնացրել մի շարք ուշագրավ միտումներ։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ թեկնածուների 33.5%-ը կանայք են, սակայն 45 ընտրական ցուցակներից միայն մեկն է գլխավորում կին։ Յոթ ցուցակներում կանայք երկրորդ համարներն են։ Թեկնածուների մեդիան տարիքը 43 է, իսկ յուրաքանչյուր հինգերորդը որևէ կուսակցության անդամ չէ։

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 21 համայնքում, որոնցից 19-ում՝ համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։ Այս վերլուծությունը վերաբերում է միայն համամասնական ընտրություններին մասնակցող թեկնածուներին։

ԿԸՀ-ի հոկտեմբերի 22-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցում է 17 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և չորս դաշինք։ Հոկտեմբերի 6-ի դրությամբ հրապարակված 46 համամասնական ցուցակներից մեկը՝ Ստեփանավանի «Հայրենիք» կուսակցության ցուցակը, հետագայում դուրս է եկել ընտրապայքարից։ Արդյունքում համամասնական ցուցակների թիվը դարձել է 45։

Հոկտեմբերի 6-ին վերլուծության մեջ ներառված էր 1,630 թեկնածու։ Հոկտեմբերի 22-ի թարմացված ցուցակներում նրանց թիվը 1,622 է։ Ստորև ներկայացված բոլոր վիճակագրական հաշվարկները կատարվել են հոկտեմբերի 22-ի տվյալների հիման վրա։

Թեկնածուների շուրջ 59%-ը ՔՊ-ի ցուցակներում են

Թեկնածուների թվով քաղաքական մյուս ուժերից նկատելիորեն առանձնանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ)։

ՔՊ-ի ընտրական ցուցակներում ընդգրկված է 950 թեկնածու՝ բոլոր թեկնածուների 58.6%-ը։

Կուսակցությունն իր ցուցակներով մասնակցում է համամասնական ընտրություններ անցկացնող 19 համայնքներից 17-ում, իսկ Գավառում և Գորիսում՝ «Համերաշխություն» դաշինքի կազմում։

Մյուս քաղաքական ուժերի մասնակցության աշխարհագրությունը զգալիորեն սահմանափակ է։

«Ապրելու երկիր» կուսակցությունը սեփական ցուցակով մասնակցում է հինգ համայնքում՝ Արթիկում, Դիլիջանում, Մարտունիում, Մեղրիում և Ջերմուկում, իսկ Գորիսում՝ «Ապրելու քվե» դաշինքի կազմում «Հայկական քվե»-ի հետ միասին։

ՀՅԴ-ն մասնակցում է չորս համայնքում՝ Արտաշատում, Մարտունիում, Ծաղկաձորում և Հրազդանում, «Հանրապետությունը»՝ երեք, իսկ «Նոր դարաշրջանը» և «Ինքնիշխան Հայաստանը»՝ երկուական համայնքներում։

Մյուս քաղաքական ուժերի մեծ մասը սեփական ցուցակով ներկայացված է միայն մեկ համայնքում։

45 ցուցակներից միայն մեկի առաջին համարն է կին

Հոկտեմբերի 22-ի դրությամբ ընտրական ցուցակներում ընդգրկված 1,622 թեկնածուներից 544-ը կամ 33.5%-ը կանայք են, 66.5%-ը՝ տղամարդիկ։

Կանանց այս մասնաբաժինը պետք է դիտարկել նաև Ընտրական օրենսգրքի պահանջի համատեքստում։ Օրենքի համաձայն՝ ընտրական ցուցակի առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր ամբողջական եռյակով հատվածում (1–3, 1–6, 1–9 և այդպես շարունակ) որևէ սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը։ Այս կարգավորումը միտված է ցուցակներում երկու սեռերի առնվազն 30% ներկայացվածության ապահովմանը։

Քաղաքական ուժերի միջև, սակայն, տարբերություններ կան։ Կին թեկնածուների ամենաբարձր մասնաբաժինը Հայաստանի շնորհապետական կուսակցության ցուցակում է՝ 40%, թեև այն ընդգրկում է ընդամենը 10 թեկնածու։ Ամենացածր ցուցանիշը «Հայկական քվե» կուսակցությանն է՝ 28.6%։

ՔՊ-ի ցուցակներում կին թեկնածուների թիվն ամենամեծն է՝ 317։ Դա հիմնականում պայմանավորված է կուսակցության առաջադրած թեկնածուների ընդհանուր մեծ թվով։ ՔՊ-ի 950 թեկնածուներից կանայք կազմում են 33.4%-ը՝ գրեթե նույնքան, որքան բոլոր ցուցակներում միասին՝ 33.5%։

Սակայն տարբերությունն առավել ակնհայտ է ցուցակների առաջին համարներում։ 45 ընտրական ցուցակներից միայն մեկն է գլխավորում կին թեկնածու՝ Դիլիջանում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը։

Այսպիսով՝ թեև կանայք կազմում են բոլոր թեկնածուների շուրջ մեկ երրորդը, ցուցակների առաջին համարներում նրանց մասնաբաժինն ընդամենը 2.2% է։

Թեկնածուների առնվազն կեսը 43 տարեկանից երիտասարդ է

Հոկտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցող թեկնածուների մեդիան տարիքը 43 է։ Այսինքն՝ թեկնածուների առնվազն կեսը 43 տարեկանից երիտասարդ է, մյուս կեսը՝ ավելի մեծ։

Ամենաերիտասարդ թեկնածուն 18 տարեկան է, ամենատարեցը՝ 79։

Թեկնածուների ամենամեծ տարիքային խումբը 30–44 տարեկաններն են՝ 722 մարդ կամ բոլոր թեկնածուների 44.5%-ը։

45–59 տարեկան թեկնածուները կազմում են ընդհանուրի 31%-ը, իսկ 60 և բարձր տարիքի թեկնածուները՝ 14.5%-ը։

18–29 տարեկանները 9.7% են կազմում։

Քաղաքական ուժերի միջև տարիքային տարբերությունները երբեմն բավական մեծ են։

Ամենացածր մեդիան տարիքը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության թեկնածուներինն է՝ 24, ամենաբարձրը՝ «Հայաստանի շնորհապետական կուսակցության» (ՀՇԿ) թեկնածուներինը՝ 60.5 տարեկան։

Այս երկու ցուցանիշների միջև տարբերությունը 36.5 տարի է։

Միաժամանակ պետք է նշել, որ «Ինքնիշխան Հայաստանն» ունի ընդամենը 29 թեկնածու, իսկ «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ 10։

Յուրաքանչյուր հինգերորդ թեկնածուն անկուսակցական է

Ընտրական ցուցակում ընդգրկվելը դեռ չի նշանակում, որ թեկնածուն տվյալ կուսակցության անդամ է։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ 1,622 թեկնածուից 1,274-ը կուսակցական է, իսկ 348-ը՝ անկուսակցական։ Այսինքն՝ յուրաքանչյուր հինգերորդ թեկնածուն՝ 21.5%-ը, որևէ կուսակցության անդամ չէ։

ՀՀ ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս կուսակցությունների և դաշինքների ցուցակներում ընդգրկել նաև տվյալ քաղաքական ուժի անդամ չհանդիսացող անձանց։ Սակայն նրանց թիվը յուրաքանչյուր ընտրական ցուցակում չի կարող գերազանցել թեկնածուների ընդհանուր թվի 30%-ը։ Այս սահմանափակումը վերաբերում է ինչպես անկուսակցականներին, այնպես էլ այլ կուսակցությունների անդամներին, որոնք չեն պատկանում ցուցակն առաջադրած կուսակցությանը կամ դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկին։

Օրինակ՝ ՔՊ-ի 17 ընտրական ցուցակներում ընդգրկված 950 թեկնածուից 209-ը կամ 22%-ն անկուսակցական է։ ՀՅԴ-ի 71 թեկնածուից անկուսակցական է 19-ը կամ 26.8%-ը։

Ընդ որում, որոշ կուսակցությունների ցուցակներում ընդգրկված են նաև այլ կուսակցությունների անդամներ։ Այսպես՝ «Գործարար» կուսակցության ցուցակում ՔՊ-ի հինգ անդամ կա, իսկ «Նոր դարաշրջանի» ցուցակում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հինգ անդամ։

Բոլոր քաղաքական ուժերի թեկնածուների կուսակցական պատկանելության համեմատական տվյալները ներկայացված են ինֆոգրաֆիկում։

Թեկնածուների ավելի քան մեկ քառորդի դիմաց նշված է՝ «չի աշխատում»

Հոկտեմբերի 22-ի դրությամբ 1,622 թեկնածուներից 446-ի (27.5%) զբաղմունքի դաշտում նշված է «չի աշխատում»։ Միաժամանակ 1,157 թեկնածու (71.3%) դասակարգվել է որպես աշխատող։ Այս խմբում ներառվել են նաև ինքնազբաղվածները, անհատ ձեռնարկատերերն ու գյուղատնտեսությամբ զբաղվողները։

Եվս 17 թեկնածու ուսանող է, երկուսը՝ կենսաթոշակառու։

Զբաղվածության պատկերը քաղաքական ուժերի միջև զգալիորեն տարբերվում է։ «Նոր դարաշրջան» կուսակցության 43 թեկնածուներից 39-ի (90.7%) տվյալներում նշված է «չի աշխատում»։ Մինչդեռ «Ինքնիշխան Հայաստանի» ցուցակներում այդպիսիք ընդամենը երեքն են (10.3%), իսկ ՔՊ-ի 950 թեկնածուներից՝ 110-ը (11.6%)։

«Ինքնիշխան Հայաստանի» ցուցակներն առանձնանում են նաև ուսանողների բարձր մասնաբաժնով․ 29 թեկնածուներից ինը (31%) ուսանող է։

Աշխատող թեկնածուների ամենամեծ խումբը համայնքային կառավարման համակարգի և համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներն են՝ 342 մարդ։ Եվս 258 թեկնածու աշխատում է կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում։

Մեթոդաբանություն

Վերլուծությունը հիմնված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թ. հոկտեմբերի 22-ի դրությամբ հրապարակված 45 համամասնական ընտրական ցուցակների տվյալների վրա։ Հաշվարկներում ներառվել են այդ ցուցակներում ընդգրկված 1,622 թեկնածուների տվյալները։

Ուսումնասիրությունն ընդգրկում է 19 համայնքներում համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Ֆիոլետովոյի և Շամիրամի մեծամասնական ընտրություններին մասնակցող թեկնածուները վերլուծության մեջ ներառված չեն։

Թեկնածուների տարիքը հաշվարկվել է 2026 թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ։

«Կուսակցական պատկանելություն» ցուցանիշը վերաբերում է թեկնածուի անձնական կուսակցական անդամակցությանը և չի նույնացվում այն կուսակցության կամ դաշինքի հետ, որի ընտրական ցուցակում նա ընդգրկված է։

Զբաղվածության կարգավիճակներն ու ոլորտները որոշվել են ընտրական ցուցակներում նշված զբաղմունքի և պաշտոնի հիման վրա։ Զբաղվածության ոլորտների խմբավորումը «Ամփոփ Մեդիայի» մշակած դասակարգումն է։

Հոկտեմբերի 6-ի տվյալներով կատարված նախնական վերլուծությունը ներառում էր 1,630 թեկնածու։ Հոկտեմբերի 22-ի տվյալներով վերահաշվարկվել են նյութում ներկայացված բոլոր վիճակագրական ցուցանիշները

Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
Ձևավորումը` Վան Սիմոնի

#փաստացի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/10/2026