Մեր մասին Էթիկա











Սոցիալական Տնտեսություն

Հայաստան 2050. խնամքի կարիքը՝ տնտեսության գլխավոր մարտահրավեր

Հայաստանի համար առաջիկա տասնամյակների ամենասուր տնտեսական մարտահրավերներից մեկը կապված է լինելու բնակչության ծերացման հետ։

Տարեցների թվի աճին զուգահեռ՝ աստիճանաբար ձևավորվելու է հասարակություն, որտեղ ավելի մեծ թվով քաղաքացիներ են կախված լինելու առողջապահական, սոցիալական և խնամքի ծառայություններից, իսկ այդ ծախսերը հոգալու բեռը մնալու է աշխատող բնակչության համեմատաբար նեղ շերտի վրա։

Այլ կերպ ասած՝ հասարակության ծերացումը փոխելու է ոչ միայն բնակչության տարիքային կառուցվածքը, այլև պետության ծախսերի տրամաբանությունը։ Եթե այսօր հանրային ռեսուրսների զգալի մասն ուղղվում է երեխաների և երիտասարդների կրթությանն ու զարգացմանը, ապա արմատական փոփոխություններ չանելու դեպքում առաջիկա տասնամյակներին այդ հարաբերակցությունը կարող է կտրուկ փոխվել։

Այս պատկերն ու սպասվող մարտահրավերները հիմնավորվում են «Ազգային փոխանցումային հաշիվների» (NTA) 2019 թ․-ի հիմնարար զեկույցով և դրան հաջորդած՝ 2023 թ․-ի թարմացված վերլուծությամբ (որը ներառում է նաև Ժամանակի փոխանցումային հաշիվների՝ NTTA տվյալները): Այս զեկույցներում արտացոլված է, թե տարբեր տարիքային խմբեր իրենց կյանքի ընթացքում որքան են արտադրում, որքան են սպառում, և ինչպես են այդ տնտեսական հոսքերը բաշխվում ընտանիքների, պետության ու հասարակության միջև։

Ժողովրդագրական ծերացման պայմաններում աճելու է տարեցների խնամքին ուղղվելիք ծախսերի բեռը պետության և աշխատունակ բնակչության համար։ Հետևաբար խնդիրը միայն սոցիալական քաղաքականության բարեփոխումների մեջ չէ․ սա նաև բյուջեի, աշխատաշուկայի, արտադրողականության և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական կայունության հարց է։

Հայաստանում արտադրողականության կարճ շրջանը. ի՞նչ փոխվեց 2019-ից 2023 թվականներին

Տնտեսական կենսափուլը ցույց է տալիս, թե մարդն իր կյանքի որ հատվածում է ավելի շատ եկամուտ ստեղծում, քան սպառում, և որ փուլում՝ հակառակը։ Պատկերը լիարժեք հասկանալու համար հարկավոր է դիտարկել վերը նշված երկու առանցքային զեկույցները, որոնց համեմատությունը ցույց է տալիս տնտեսական աճի դրական, բայց սեռային առումով խիստ անհամաչափ ազդեցությունը։

2019 թ․-ին ամբողջ բնակչության կտրվածքով տնտեսական դրական հավելուրդ (երբ մարդն ավելի շատ արտադրում է, քան սպառում) արձանագրվում էր միայն 32-48 տարեկանների շրջանում:

2023 թ․-ի թարմացված տվյալներով՝ տնտեսական ակտիվության արդյունքում այդ արտադրողական շերտը լայնացել է՝ ընդգրկելով 26-51 տարեկաններին։

Սակայն սեռային բաշխվածությամբ դիտարկելիս ի հայտ է գալիս խիստ անհամաչափ պատկեր։ 2019-ից 2023 թվականներին միայն տղամարդկանց արտադրողական տարիքն է էապես լայնացել՝ 26-52-ից դառնալով 24-ից 53 տարեկան։

Մինչդեռ կանայք՝ պայմանավորված չվճարվող խնամքի ահռելի բեռով և աշխատաշուկայում ցածր ներգրավվածությամբ, անգամ 2023-ի բարձր տնտեսական աճի պայմաններում իրենց կյանքի որևէ փուլում պաշտոնապես չեն ունեցել դրական տնտեսական հաշվեկշիռ (նրանց պաշտոնական եկամուտը երբեք չի գերազանցել սպառումը)։ Ավելին, կանանց կենսափուլի պակասուրդն անգամ մեծացել է, քանի որ նրանց սպառման աճն ավելի արագ է եղել, քան եկամուտների աճը։

Մինչև 24-26 տարեկանը երեխաներն ու երիտասարդները հիմնականում սպառող են, քանի որ նրանց վրա ուղղվում են կրթության, առողջապահության և ընտանիքի կամ պետության այլ ծախսերը։ Իսկ արդեն 53 տարեկանից հետո, ըստ հաշվարկների, արտադրողական շերտն աստիճանաբար կրկին տեղափոխվում է ավելի շատ սպառողի դաշտ։

Սա ստեղծում է կառուցվածքային լուրջ անհամապատասխանություն։ Պետությունն անվճար հանրակրթություն է ապահովում մինչև անհատի 16-18 տարեկան դառնալը, սակայն տնտեսությանը դրական հաշվեկշիռ տալու փուլը տղամարդկանց մոտ սկսվում է բավականին ուշ՝ միայն 24-26 տարեկանից, իսկ կանանց դեպքում պաշտոնապես այդպես էլ չի սկսվում։

Արտադրողական շերտը նեղ է, իսկ պակասուրդը՝ շատ մեծ

2019 թվականի բազային տվյալներով՝ Հայաստանի ամբողջ տնտեսության կտրվածքով 32-48 տարեկան արտադրողական խումբը ստեղծում էր ընդամենը 146 մլրդ դրամի մաքուր տնտեսական օգուտ (հավելուրդ): Մինչդեռ մյուս բոլոր տարիքային խմբերի սպառած, բայց չվաստակած գումարը (պակասուրդը) հասնում էր 2.22 տրլն դրամի: Թեև 2023 թվականին, տնտեսական ակտիվությամբ պայմանավորված, ընդհանուր պակասուրդը որոշակիորեն մեղմվել է՝ կազմելով 1.89 տրլն դրամ, սակայն այս ահռելի ճեղքվածքի կառուցվածքային խնդիրը մնում է անփոփոխ։

Այս հսկայական տարբերությունը ցույց է տալիս, թե ինչու է ժողովրդագրական ծերացումը ոչ միայն սոցիալական խնդիր, այլև լուրջ ռիսկ պետբյուջեի համար։ Երբ արտադրող շերտը փոքր է (և, ինչպես արդեն տեսանք, հիմնականում հենված միայն տղամարդկանց աշխատանքի վրա), իսկ սպառող խմբերի կարիքները՝ մեծ, պետությունը կանգնում է ռեսուրսների վերաբաշխման դժվար ընտրության առաջ։

2050 թվականին այդ ընտրությունն ավելի բարդ է լինելու։

Եթե 2019 թվականին տնտեսական պակասուրդի 61%-ն ուղղվում էր երեխաներին ու երիտասարդներին, իսկ 39%-ը՝ տարեցներին, ապա, ըստ կանխատեսումների, 2050 թվականին այդ հարաբերակցությունը շրջվելու է։ Սպասվում է, որ պակասուրդի 60%-ը պայմանավորված է լինելու տարեց բնակչության կարիքներով, և միայն 40%-ը՝ երիտասարդների ու երեխաների։

Այս փոփոխությունը նշանակում է, որ առողջապահության և սոցիալական ապահովության ծախսերն աճելու են, իսկ այդ բեռը կրող աշխատող մարդկանց թիվը կրճատվելու է։ NTA զեկույցի համաձայն՝ առողջապահության ոլորտում պետական ծախսերի զգալի աճ է նկատվում հատկապես 63 տարեկանից բարձր բնակչության շրջանում։

Ծերացող հասարակության առաջին ազդակները մարզերում

2025-ին Հայաստանում կենսաթոշակ է ստացել 505,160 մարդ, ինչը կազմում է երկրի մշտական բնակչության մոտ 16.4%-ը։ Մարզային կտրվածքով ամենաբարձր ցուցանիշներն ունեն Սյունիքը՝ 20.6%, Վայոց ձորը՝ 20.4%, և Լոռին՝ 19.2%․ այսինքն՝ այդ մարզերում կենսաթոշակառուները մոտենում են կամ արդեն կազմում են բնակչության յուրաքանչյուր հինգերորդը։

Կենսաթոշակային բեռը միայն մարդկանց թվով չի չափվում։ 2025-ին միջին կենսաթոշակը կազմել է 49,451.2 դրամ, ինչի հիման վրա կարելի է մոտավոր հաշվարկել, որ պետությունը կենսաթոշակների համար ամսական հատկացնում է շուրջ 25 մլրդ դրամ, իսկ տարեկան՝ մոտ 300 մլրդ դրամ։

Ընդհանուր ծախսի ամենամեծ բաժինը բնականաբար բաժին է ընկնում այն տարածքներին, որտեղ կենսաթոշակառուների բացարձակ թիվն է մեծ՝ առաջին հերթին Երևանին, ապա խոշոր բնակչություն ունեցող մարզերին։

Իսկ Սյունիքի, Վայոց ձորի և Լոռու առանձնահատկությունն այն է, որ այստեղ բարձր է ոչ թե միայն վճարումների ընդհանուր ծավալը, այլ կենսաթոշակառուների մասնաբաժինը բնակչության մեջ։ Սա է պատճառը, որ այդ մարզերում ծերացման ազդեցությունը կարող է ավելի շուտ զգացվել համայնքային ծառայությունների, խնամքի համակարգի և աշխատուժի պակասի մակարդակում։

Ընտանի՞ք, թե՞ կարիերա. ինչու են կանայք ստիպված լինում ընտրություն կատարել

Արտադրողականության այս կարճ շրջանը միայն տարիքային կամ ժողովրդագրական խնդիր չէ։ Այն նաև աշխատաշուկայում առկա գենդերային խորը անհամաչափության հետևանք է։ Սա, իհարկե, չի նշանակում, թե կանայք պետք է ընտանիք կազմելը զոհաբերեն հանուն տնտեսության։ Խնդիրն այն է, որ համակարգը կնոջը հաճախ դնում է երկընտրանքի առաջ՝ թույլ չտալով ներդաշնակորեն համատեղել մայրությունն ու մասնագիտական զարգացումը։

«Ամերիա» խորհրդատվական ընկերության հետազոտությունների գլխավոր խորհրդատու Արտաշես Շաբոյանի խոսքով՝ Հայաստանում պաշտոնապես զբաղվածների մոտ 60%-ը տղամարդիկ են, իսկ կանանց միայն 40%-ն ունի աշխատանք։

Նրա դիտարկմամբ՝ հատկապես մինչև 30 տարեկանը կանայք հաճախ ստիպված դուրս են մնում աշխատանքային և մասնագիտական զարգացման ընթացքից. «Ինչ-որ մի պահ է գալիս, որ նրանք կորում են աշխատաշուկայից, որովհետև ընտանիք են կազմում… և ամբողջությամբ կլանվում են էդ խնդիրները լուծելու մեջ»։


Կարդացեք նաև․ Կանանց չգնահատված ներուժը. ինչո՞ւ է տնտեսության ամենամեծ ռեսուրսը մնում անտեսված


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն էլ նշում է, որ աշխատաշուկայում կանանց մասնակցությունը 49% է, մինչդեռ տղամարդկանց դեպքում այն հասնում է 70%-ի։ Ըստ նրա՝ այս շուրջ 20 տոկոսային կետի տարբերության հիմնական պատճառը խնամքի անհամաչափ բեռն է։

Այսինքն՝ կանայք հաճախ ոչ թե չեն աշխատում, այլ կատարում են հսկայածավալ չվճարվող աշխատանք՝ երեխաների ու տարեցների խնամք, կենցաղի վարում։ Այդ աշխատանքը տնտեսության համար անհրաժեշտ է, բայց պաշտոնական եկամուտների հաշվարկներում չի երևում։

Ժամանակի փոխանցումային հաշիվների (NTTA) զեկույցի համաձայն՝ կանայք շաբաթական մինչև 49 ժամ ծախսում են չվճարվող խնամքի և կենցաղային աշխատանքի վրա։ Փաստացի, կնոջ կատարած չվճարվող աշխատանքի ծավալը գերազանցում է ստանդարտ լրիվ դրույքով աշխատանքային շաբաթը (40 ժամ), ինչն ուղղակիորեն խլում է նրա ժամանակը և սահմանափակում մրցունակ մնալու հնարավորությունը պաշտոնական աշխատաշուկայում։

Չվճարվող խնամքը դառնում է մակրոտնտեսական խնդիր

Տղամարդկանց և կանանց տնտեսական կենսափուլերի տարբերությունը ցույց է տալիս, թե որքան մեծ է չվճարվող խնամքի ազդեցությունը երկրի արտադրողականության վրա։
Եթե տղամարդիկ դրական տնտեսական հաշվեկշիռ են պահպանում 24-ից 53 տարեկանում, ապա կանայք, ըստ NTA-ի տվյալների, իրենց կյանքի որևէ փուլում պաշտոնապես չեն հասնում դրական տնտեսական հավելուրդի։

Սա չի նշանակում, որ կանայք տնտեսությանը չեն մասնակցում կամ նրանց տնտեսական ներդրումը ցածր է։ Հակառակը՝ երբ դիտարկման է ենթարկվում նաև չվճարվող աշխատանքը (NTTA զեկույց), պարզվում է, որ կանանց ընդհանուր տնտեսական ներդրումը կյանքի շատ փուլերում (հատկապես ընտանիքի կազմավորման տարիներին) հավասարվում կամ անգամ գերազանցում է տղամարդկանց ներդրմանը: Բայց քանի որ այդ աշխատանքը հիմնականում չի վարձատրվում, այն չի դառնում եկամուտ, չի ձևավորում սոցիալական ապահովության իրավունքներ (օրինակ՝ կենսաթոշակային ստաժ ծերության ժամանակ) և չի արտացոլվում որպես արտադրողական ներդրում։

Այս պատճառով կանանց աշխատաշուկա վերադարձը կամ նրանց չվճարվող աշխատանքի արժևորումը դառնում է ոչ միայն հավասարության, այլև տնտեսական կայունության հարց։

Պետական բյուջեի փիլիսոփայությունը փոխվում է՝ զարգացումից դեպի պահպանում

Ժողովրդագրական ծերացումը փոխում է պետության ծախսերի տրամաբանությունը։ Եթե նախկինում հանրային ռեսուրսների մեծ մասը պետք է ուղղվեր ապագա սերնդի զարգացմանը՝ կրթությանը, առողջությանը, մասնագիտական կարողությունների ձևավորմանը, ապա առաջիկայում ավելի մեծ բաժին է պահանջելու տարեց բնակչության խնամքը և ապահովությունը։
«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը սա նկարագրում է որպես լրջագույն դիսբալանս։

«Նախկինում հասարակությունն իր ռեսուրսները ներդնում էր երիտասարդ սերնդի մեջ՝ կրթելու համար: Հիմա ստիպված է այդ ռեսուրսն ուղղել տարեցներին՝ մարդավայել գոյություն ապահովելու համար: Սա բերում է կտրուկ դիսբալանսի»։

Տնտեսագիտական լեզվով ասած՝ պետությունը ստիպված է լինելու մարդկանց զարգացմանն ու կրթությանն ուղղված գումարները կրճատել և դրանք ծախսել տարեցների խնամքի ու պարզ գոյատևման վրա։ Իսկ եթե աշխատողների թիվը չավելանա, այդ վերադասավորումը կարող է սահմանափակել զարգացման հնարավորությունները։

Ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը

Այս ռիսկերը ներառված են Հայաստանի 2024-2040 թվականների ժողովրդագրական ռազմավարության հիմքում։ Ռազմավարության տրամաբանությունը երկու հիմնական ուղղություն ունի՝ արտադրողական բազայի ընդլայնում և ակտիվ ծերացում։

Պարզ ասած՝ մի կողմից նպատակ կա աշխատաշուկա բերել հնարավորինս շատ մարդկանց, որոնց տնտեսական ներուժն այսօր լիարժեք չի օգտագործվում: Մյուս կողմից՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի տարեցները կարողանան ավելի երկար պահպանել իրենց աշխատունակությունն ու սոցիալական ակտիվությունը։

Այս համատեքստում պետությունը փորձում է նաև նվազեցնել կանանց վրա ընկած խնամքի բեռը։

Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ վերջին տարիներին ՄԱԿ-ի գործակալությունների հետ համատեղ ծրագրերով ավելի քան 2300 կին վերապատրաստվել է՝ վերականգնելով մասնագիտական հմտություններն ու վերադառնալով աշխատաշուկա։

Բացի այդ, պետությունը զարգացնում է խնամքի ենթակառուցվածքներ։ Դպրոցաշինությանը և մանկապարտեզների ընդլայնմանը զուգահեռ՝ պիլոտային կարգով վերաբացվել են մոտ 10 մսուրային խմբեր, որոնք նախատեսված են մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար։

Սակայն միայն մսուրներին ապավինելը կարող է ռիսկային լինել։ Ըստ միջազգային հետազոտությունների՝ վաղ տարիքում երեխային օրական երկար ժամերով ընտանիքից բաժանելը կարող է հոգեբանական և վարքային խնդիրներ առաջացնել։ Ուստի, ժամանակակից մոտեցումը ոչ թե երեխային մեկուսացնելն է, այլ «ընտանիքամետ» աշխատավայրերի ձևավորումը, որտեղ հավասարապես պաշտպանված են և՛ մոր աշխատելու, և՛ երեխայի առողջ զարգացման իրավունքները։

Հենց այս տրամաբանությամբ պետությունը նախատեսում է ֆինանսապես աջակցել 100 և ավելի աշխատատեղ ունեցող կազմակերպություններին, որպեսզի նրանք իրենց տարածքում ստեղծեն երեխաների խնամքի սենյակներ։ Որպես առաջին քայլ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նման սենյակ է հիմնում հենց իր գերատեսչությունում։

Մեկ այլ նորարարական լուծում էլ արդեն ամրագրվել է Ժողովրդագրության ռազմավարության մեջ. ընտանիքում չվճարվող խնամքը որպես ֆորմալ տնտեսական գործունեություն ճանաչելը:

Օրինակ, եթե կնոջ՝ աշխատանքի վերադառնալուց հետո երեխայի խնամքը ստանձնում են տատիկն ու պապիկը, պետությունը նախատեսում է ֆինանսական փոխհատուցում տրամադրել նրանց։ Այսպես ավագ սերնդի կատարած այդ աշխատանքը վերածվում է վարձատրվող զբաղվածության:

Չվճարվող խնամքը անտեսվում է աշխատանքային ստաժը հաշվարկելիս

Քննարկվող կարևոր ուղղություններից մեկն էլ չվճարվող կենցաղային աշխատանքին դրամական արժեք տալն է՝ մոնետիզացիան։ Սա այն աշխատանքն է, որը հիմնականում կատարվում է տանը, հաճախ կանանց կողմից, բայց չի վարձատրվում և չի երևում պաշտոնական տնտեսական հաշվարկներում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ այսօր նման աշխատանքը չի դիտարկվում որպես վարձատրվող աշխատանք, իսկ կենսաթոշակի տարիքում՝ որպես աշխատանքային ստաժ կամ դրա հիմք։

«Մեր նպատակն է այս ամենը մոնետիզացնել և վերածել իրավակիրառ պրակտիկայի՝ նախ օրենսդրության, հետո արդեն ծառայությունների մակարդակում», – նշում է Ստեփանյանը։

Այսինքն՝ նպատակ կա այդ աշխատանքը գնահատել փողով և այնպես ամրագրել օրենքով, որ այն աշխատի գործնականում։

Եթե այս մոտեցումը գործնական կիրառություն ստանա, կնոջ կատարած ոչ ֆորմալ տնային և խնամքի աշխատանքը կարող է հստակ արժևորվել և ապագայում դիտարկվել նաև աշխատանքային ստաժի հաշվարկում։

Այս գաղափարը կենսական նշանակություն ունի այն կանանց համար, որոնք ոչ թե անգործության, այլ երեխաների կամ տարեցների խնամքի պատճառով երկար տարիներ դուրս են մնացել ֆորմալ աշխատաշուկայից։ Առանց այս փոփոխության նրանք ապագայում կանգնում են նվազագույն կենսաթոշակ ստանալու վտանգի առաջ՝ չնայած ողջ կյանքում կատարած տնտեսապես արժեքավոր ու բարդ աշխատանքին։

Խնդիրը միայն բյուջեն չէ, այլ ընտրության ազատությունը

Թվերից և տնտեսական հաշվարկներից բացի՝ այս հարցն ունի նաև մարդու իրավունքների և արժանապատիվ կյանքի շերտ։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի դիտարկմամբ՝ այս թեման երկար ժամանակ քննարկվել է հիմնականում մարդու իրավունքների տեսանկյունից, և միայն հիմա է դրան գումարվել նաև ֆինանսական հաշվարկը։

Տաթևիկ Ստեփանյանն էլ ընդգծում է. որքան էլ երկրի տնտեսական աճն այսօր պահանջի կանանց ավելի մեծ ներգրավվածություն աշխատաշուկայում, պետության քաղաքականության հիմքում պետք է անխախտ մնա կնոջ ընտրության ազատությունը։

«Պետք է ուղղակի հարցնենք այդ կնոջը՝ ինքը ուզո՞ւմ է վերադառնալ աշխատաշուկա, թե՞ ուզում է ուղղակի տանը երեխաներին խնամել»։

Ըստ Տիգրան Ջրբաշյանի՝ ելքը մեկ ընտրությունը մյուսի հաշվին պարտադրելը չէ։ Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մարդն իրացնի իր ողջ ներուժն առանց ծանր զոհողությունների։
Իսկ դրա համար անհրաժեշտ են հասանելի խնամքի կենտրոններ, աշխատանքային ճկուն գրաֆիկներ (այդ թվում՝ հեռավար և կես դրույքով աշխատանքի հնարավորություն), անտեսանելի աշխատանքի ճանաչում և տարեցներին հասարակական ու տնտեսական կյանքում ավելի երկար պահելու լուծումներ։

Հայաստանի համար 2050 թվականի առանցքային տնտեսական մարտահրավերը, եթե․․․

Հայաստանի համար 2050-ի մռայլ սցենարը կանխորոշված չէ։ Սակայն այն կդառնա իրականություն, եթե պետությունը ժամանակին չհարմարեցնի իր քաղաքականությունը ծերացող հասարակությանն ու աշխատող մարդկանց թվի կրճատմանը։

Եթե բարիք ստեղծող քաղաքացիների բանակը չմեծանա, իսկ խնամքի ծանր բեռը շարունակի մնալ ընտանիքների և հատկապես կանանց ուսերին, ապա ապագայում պետական ռեսուրսներն ուղղվելու են ոչ թե զարգացմանը, այլ բացառապես սոցիալական գոյատևմանն ու տարեցների խնամքին։

Ստորև ներկայացված ինտերակտիվ վահանակը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է փոխվում մարդու տեղը տնտեսական կենսափուլում՝ ըստ տարիքի, սեռի և ընտրված տարվա։

Այս պայմաններում միայն 26-51 տարեկանների (այն էլ՝ հիմնականում տղամարդկանց) նեղ արտադրողական շերտի վրա հույս դնելը չափազանց ռիսկային է։ Դա անտանելի բեռ կդառնա բյուջեի համար և կխլի զարգացմանն ուղղված ներդրումները։

Հայաստանի համար լուծումը տնտեսությանը մասնակցողների շրջանակի ընդլայնումն է՝ կանանց չօգտագործված ներուժի վերադարձը աշխատաշուկա, չվճարվող խնամքի արժևորումը, առողջ տարեցների ակտիվ ներգրավումը և բյուջեի այնպիսի վերակառուցումը, որը կպահպանի արժանապատիվ խնամքն ու չի կրճատի ապագայի ներդրումները։

Ի վերջո, ժողովրդագրական ծերացումը միայն տարեցների խնդիրը չէ։ Սա առաջին հերթին հարց է այն մասին, թե ով է աշխատելու, ով է խնամելու, ով է վճարելու, և ինչպես է պետությունը բաշխելու իր սահմանափակ ռեսուրսները առաջիկա տասնամյակներին։

Հեղինակ՝ Սուրեն Դեհերյան

Վիզուալիզացիան և ինտերակտիվ վահանակը՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով:

Հրապարակումը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Նյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/07/2026