Մեր մասին Էթիկա
Սոցիալական

Իմ հարկերը՝ իմ ընտրությամբ. ինչպե՞ս է 2027-ից փոխվելու ՀԿ-ների և մեդիայի ֆինանսավորումը Հայաստանում

Իմ հարկերը՝ իմ ընտրությամբ. ինչպե՞ս է 2027-ից փոխվելու ՀԿ-ների և մեդիայի ֆինանսավորումը Հայաստանում

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետությանը վճարած ձեր եկամտային հարկի մի մասը գնում է ոչ թե անանուն բյուջետային կաթսա, այլ հենց այն հասարակական կազմակերպությանը կամ լրատվամիջոցին, որի աշխատանքին դուք վստահում եք։

Հայաստանի քաղաքացիները շուտով կարող են ավելի ուղիղ մասնակցություն ունենալ իրենց վճարած հարկերի բաշխմանը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը նպատակ ունի ներդնել աշխարհում հայտնի «սոցիալական կրեդիտների» կամ 1%-ի հարկային համակարգը։

«Սոցիալական ծախս» Ինչպե՞ս է գործելու համակարգը

Եթե նախագիծն ընդունվի, քաղաքացիների կողմից ՀԿ-ներին կամ մեդիա կազմակերպություններին փոխանցված գումարները կստանան «սոցիալական ծախսի» կարգավիճակ։ Մինչ այժմ մենք սովոր էինք եկամտային հարկի հետվերադարձ ստանալ միայն առողջապահական, կրթական կամ բնակարանային որոշ ծախսերի համար։ Այժմ այս ցանկն էապես ընդլայնվում է։

Ֆինանսների նախարարությունը գծել է հստակ սխեմա, թե ինչպես է գործնականում աշխատելու այս մեխանիզմը.

  • Օգնիր, հետո հետ ստացիր. ընթացակարգը մաքսիմալ պարզ է։ Դուք տարվա ընթացքում աջակցում եք ձեր նախընտրած կազմակերպությանը կամ լրատվամիջոցին, իսկ հաջորդ տարի՝ տարեկան հայտարարագիրը լրացնելիս, ձեր վճարած եկամտային հարկից հետ եք ստանում գումարը։
  • Առանց «ընտրյալների» ցուցակի. Ոչ մի անվանական ցուցակ կամ արտոնյալներ չեն լինելու։ Կառավարությունը չի գրելու կոնկրետ ՀԿ-ների անուններ։ Թե ում կուղղվի գումարը, որոշելու եք բացառապես դուք։

Կարդացեք նաև․ Ինչո՞ւ է ինստիտուցիոնալ բարեգործությունը «անտեսված» Հայաստանում


Ֆինանսների նախարարությունից վստահեցնում են, որ համակարգը բյուջեի վրա էական բացասական ազդեցություն չի ունենա։ «Հաշվի առնելով այն, որ փոխհատուցման առավելագույն չափը պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ և դեռևս այդ չափը սահմանված չէ, հնարավոր չէ գնահատել, թե գործնականում առավելագույնը որքան կկազմեն փոխհատուցման գումարները։ Սակայն այս մոդելը հիշեցնում է եվրոպական երկրներում ընդունված 1% և 2% մոդելները և բյուջեի վրա էական բացասական ազդեցություն չի ունենա»։

Օրենքն իրականում կիրառելի կլինի 2027 թվականի հունվարի 1-ից հետո կատարված փոխանցումների համար։

Եվրոպական փորձը. Ի՞նչ են ցույց տալիս թվերը

Այս նախագիծը հիմնավորվում է եվրոպական մի շարք երկրների հաջողված փորձով, որտեղ մեխանիզմը ոչ միայն գումար է գեներացնում, այլև փոխում է հանրային վարքագիծը։

Հունգարիան առաջինն էր, որ 1997-ին ներդրեց այս մեխանիզմը: Առաջին տարում 1.6 միլիոն հարկատու փոխանցեց մոտ 27.5 միլիոն եվրո, իսկ արդեն 2011-ին համակարգից օգտվում էր հարկատուների 42.4%-ը։

Լեհաստանում, որտեղ համակարգը ներդրվել է 2004-ին, աճը տպավորիչ է եղել։ Եթե սկզբում մեխանիզմից օգտվեց մոտ 80,000 հարկատու, ապա 2022-ին՝ շուրջ 15.9 միլիոն մարդ, իսկ փոխանցվող գումարները 20 տարում աճեցին մոտ 150 անգամ։

Մոլդովայում այն գործարկվեց 2017-ին (որպես 2%-ի համակարգ), և 2025-ին հասավ մոտ 38,000 հարկատուի մասնակցության՝ ապահովելով շուրջ 20 միլիոն մոլդովական լեյի փոխանցումներ։

Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ ամենակարևոր փոփոխությունը ոչ թե գումարն է, այլ վարքագիծը։ Քաղաքացիների վստահությունը շահելու համար ՔՀԿ-ները ստիպված են լինում դառնալ ավելի թափանցիկ և արդյունք ցույց տվող։

Հայաստանի պոտենցիալը. Գումար և վստահություն

Եթե Հայաստանում ևս ներդրվի 1%-ի մեխանիզմը, ֆինանսական պոտենցիալը բավականին մեծ կլինի: 2024 թվականին Հայաստանում եկամտահարկի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 650 միլիարդ դրամ։ Եթե ենթադրենք, որ համակարգին կմասնակցի հարկատուների ընդամենը 30%-ը, ապա ՔՀԿ-ները կստանան մոտ 1.95 միլիարդ դրամ։ 50% մասնակցության դեպքում այդ թիվը կհասնի մոտ 3.25 միլիարդ դրամի։

Համեմատության համար արժե նշել, որ պետական բյուջեով ՔՀԿ-ներին 2026 թվականի համար նախատեսվում է հատկացնել ընդամենը 1.66 միլիարդ դրամ։

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը նշում է սպասվող դրական տեղաշարժերի մասին. «Եթե համակարգը ճիշտ կիրառվի, այն կարող է մեծացնել հանրային հաշվետվողականությունն ու վստահությունը ոլորտի նկատմամբ։ Ամենամեծ հնարավորությունն այն է, որ ՀԿ-ներն ու մեդիան ավելի քիչ կախված կլինեն միայն արտաքին դրամաշնորհներից և կձևավորեն տեղական աջակցության կայուն աղբյուրներ։ Սա կխրախուսի կազմակերպություններին ավելի բաց աշխատել հանրության հետ»։

Որպեսզի գաղափարը թղթից վերածվի հաջողված իրականության, փորձագետն առանձնացնում է մի քանի նախապայման. «Պետք են պարզ և հասկանալի կանոններ, որ քաղաքացին չխճճվի բյուրոկրատական քաշքշուկների մեջ։ Ինչպես նաև կարևոր է թափանցիկ հաշվետվողականությունը, հավասար հասանելիությունը բոլոր շահառուների համար և վստահելի հաղորդակցությունը պետության ու կազմակերպությունների կողմից, որ մարդիկ հասկանան իրենց ներդրած 1 դրամի իրական ազդեցությունը»։

Եթե այս չափորոշիչները հաջողությամբ պահպանվեն, 2027 թվականից Հայաստանում կունենանք միանգամայն նոր իրավիճակ։ Քաղաքացին այլևս սոսկ «հարկատու» չի լինի. նա կդառնա որոշում կայացնող և ներդրող իր երկրի քաղաքացիական ու մեդիա դաշտում։

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան
Գրաֆիկները՝ հեղինակի

Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/06/2026