Նախընտրական ծրագիրը բացի խոստումների ցանկ լինելուց ենթադրում է նաև տնտեսական ու կառավարման մոդելների նկարագրություն, որով քաղաքական ուժն առաջարկում է լուծել երկրի հիմնական խնդիրները։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ծրագիրը ներկայացված է որպես «Տնտեսության արմատական զարգացման և աղքատության հաղթահարման ծրագիր»։ Այս ձևակերպումն արդեն ցույց է տալիս, որ դաշինքի հիմնական քաղաքական ասելիքը կառուցված է ոչ միայն կառավարման փոփոխության, այլ տնտեսության կառուցվածքային վերափոխման շուրջ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը բաղկացած է «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցություններից։
Ծրագրի առանցքում երեք հիմնական շեշտադրում է՝ արտադրական տնտեսություն, զանգվածային զբաղվածություն և աղքատության հաղթահարում աշխատանքի ու բարձր արտադրողականության միջոցով։
Տնտեսություն և արտադրական թիրախներ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ծրագրի գլխավոր շեշտադրումը տնտեսության արտադրական վերակառուցումն է։ Դաշինքը տնտեսական աճը կապում է ոչ միայն սպառման, ծառայությունների կամ սոցիալական աջակցության հետ, այլ նաև մշակող արդյունաբերության, արտահանման և բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծման հետ։
Ծրագրում առանցքային է այն գաղափարը, որ Հայաստանը պետք է դառնա ավելի արտադրող և արտահանող տնտեսություն ունեցող երկիր։ Այդ նպատակով շեշտը դրվում է մշակող արդյունաբերության զարգացման, արտադրանքի բարդության բարձրացման, նոր շուկաներ դուրս գալու և տեղական արտադրական շղթաների ընդլայնման վրա։
Ավելի քան 300 հազար աշխատատեղ
Ծրագրի ամենահնչեղ խոստումներից մեկն ավելի քան 300 հազար նոր աշխատատեղի ստեղծումն է։
Դաշինքի հաշվարկով՝ առաջնային խթանը պետք է գա մշակող արդյունաբերությունից, որտեղ նախատեսվում է շուրջ 45 հազար աշխատատեղ։ Դրան պետք է գումարվեն հարակից ճյուղերում ստեղծվող աշխատատեղերը՝ ծառայություններում, լոգիստիկայում, մասնագիտական ծառայություններում և այլ ոլորտներում։ Ծրագրում առանձնացվում է նաև գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայնումը։
Այս խոստումը ծրագրի ամենահավակնոտ հատվածներից է։ Մի կողմից՝ այն տալիս է չափելի թիրախ, մյուս կողմից՝ առաջացնում է մի շարք հարցեր․ ինչ ներդրումներով, ինչ ժամկետներում, ինչ աշխատուժով և ինչ արտահանման շուկաների հաշվին է հնարավոր նման մասշտաբի զբաղվածության աճ ապահովել։
Աղքատության հաղթահարում՝ աշխատանքի միջոցով
Դաշինքի ծրագրով՝ աղքատության նվազեցման հիմնական ճանապարհը բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծումն է։ Այսինքն՝ եթե տնտեսությունը ստեղծում է ավելի բարդ և ավելի բարձր արժեք ունեցող արտադրանք, ապա աշխատաշուկան էլ պետք է առաջարկի ավելի բարձր վարձատրվող աշխատանք։
Այս տրամաբանությամբ սոցիալական քաղաքականությունը ծրագրում անջատված չէ տնտեսությունից։ Աղքատության հաղթահարումը կապվում է աշխատատեղերի, կրթության, արտադրության և արտահանման հետ։
Կրթություն և աշխատուժի պատրաստում
Ծրագրում կրթությունը ներկայացվում է որպես տնտեսական զարգացման նախապայման։ Եթե երկիրը պետք է զարգացնի մշակող արդյունաբերությունը, ապա պետք է ունենա նաև այդ ոլորտին համապատասխան մասնագետներ։
Դաշինքը շեշտում է մասնագիտական կրթության, վերապատրաստման, գործատուների ներգրավման և աշխատաշուկային համապատասխան հմտությունների ձևավորման անհրաժեշտությունը։
Այս մոտեցմամբ կրթությունը դիտվում է ոչ միայն որպես հանրային ծառայություն, այլ նաև որպես արտադրական տնտեսության համար աշխատուժ պատրաստելու գործիք։
Էներգետիկա, գյուղատնտեսություն և ենթակառուցվածքներ
Ծրագրում տնտեսության վերափոխումը կապվում է նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների հետ։
Կայուն, բավարար և մրցունակ էներգետիկ համակարգը ներկայացվում է որպես արտադրական տնտեսության հիմնական պայմաններից մեկը։
Գյուղատնտեսության մասում շեշտը դրված է ոչ միայն հողի մշակման կամ գյուղական զբաղվածության վրա, այլ նաև վերամշակման, արդյունավետության, տեխնոլոգիականացման և արտահանման վրա։ Այս մոտեցմամբ գյուղատնտեսությունը ծրագրում ներկայացվում է որպես արտադրական շղթայի մաս։
Էներգետիկայի թեման այս ուժի դեպքում լրացուցիչ համատեքստ ունի նաև այն պատճառով, որ դաշինքի հետ կապվող առանցքային գործիչ Սամվել Կարապետյանի բիզնես ակտիվների շարքում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Հետևաբար ընտրողները հնարավորություն ունեն ոչ միայն գնահատելու ծրագրում ներկայացված էներգետիկ խոստումները, այլ նաև դրանք համադրելու այն կառավարման փորձի հետ, որը հանրությանը հայտնի է ՀԷՑ-ի գործունեությունից։
Պետական կառավարում և արտաքին քաղաքականություն
Դաշինքի ծրագիրը տնտեսական զարգացումը կապում է նաև պետական կառավարման արդյունավետության և դատաիրավական համակարգի հետ։ Տնտեսական վերափոխման համար, ըստ ծրագրի տրամաբանության, անհրաժեշտ է կանխատեսելի պետական քաղաքականություն, վստահելի դատարաններ և արդյունավետ կառավարում։
Արտաքին քաղաքականության մասում շեշտը դրվում է ինքնիշխանության, ազգային շահի, անվտանգության և բազմավեկտոր հարաբերությունների վրա։ Այս բաժինը լրացնում է ծրագրի տնտեսական տրամաբանությունը, ուժեղ տնտեսությունը դիտարկվում է որպես ուժեղ պետության հիմք։
Ովքեր են ներկայացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքը
Ծրագրային խոստումներից բացի, կարևոր է հասկանալ նաև, թե ինչ կազմով է դաշինքը գնում ընտրությունների։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում կա 198 թեկնածու։
Թեկնածուների 34.8%-ը կին է, 65.2%-ը՝ տղամարդ։ Տարիքային առումով դաշինքի ցուցակի միջին տարիքը 42.6 տարեկանն է։ Ամենաերիտասարդ թեկնածուները 25 տարեկան են, ամենատարեց թեկնածուն՝ 80 տարեկան։
Ըստ ընտրացուցակում նշված զբաղվածության տվյալների՝ թեկնածուների 75.8%-ը աշխատում է, իսկ 24.2%-ը չի աշխատում։
Դաշինքի ցուցակում տղամարդիկ գերակշռում են, թեև գենդերային քվոտան պահպանված է։
Ով չկա ցուցակում, բայց առանցքային դեր ունի
Թեև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում Սամվել Կարապետյանի անունը չկա, քաղաքական դաշտում դաշինքը կապվում է հենց նրա անվան հետ։
Կարապետյանը «Տաշիր գրուպի» հիմնադիրն է։ Forbes-ի գնահատմամբ՝ 2026 թ․-ին նրա կարողությունը կազմել է շուրջ 4.1 միլիարդ դոլար։ Forbes-ը «Տաշիրը գրուպը» ներկայացնում է որպես բազմաճյուղ ընկերություն, որի գործունեությունը ներառում է անշարժ գույքի առևտրի, շինարարության և էներգետիկայի ոլորտները, իսկ տարեկան շրջանառությունը գնահատվում է մոտ 2.8 միլիարդ դոլար։
Նրա ընտանիքի անդամներից մի քանիսը՝ այդ թվում Նարեկ Կարապետյանը (ընտրացուցակի 1-ին համարը), ընդգրկված են դաշինքի ընտրացուցակում։
Թեև հանրային քննարկումներում Սամվել Կարապետյանը հաճախ ներկայացվում է որպես դաշինքի քաղաքական հենասյուներից մեկը, նա պաշտոնապես չի մասնակցում ընտրություններին որպես թեկնածու։ Պատճառը սահմանադրական պահանջներն են։ Գործող կարգավորումներով՝ պատգամավորի կամ վարչապետի թեկնածու կարող է առաջադրվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
Թեկնածուների հայտարարագրերը
Համաձայն թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների հանրագումարային ունեցվածքը ներառում է զգալի ֆինանսական և գույքային ռեսուրս։
Բոլոր արժույթները դրամի փոխարկելուց հետո թեկնածուների հայտարարագրած եկամուտների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 3.19 մլրդ դրամ, իսկ դրամական միջոցներինը՝ շուրջ 5.82 մլրդ դրամ,
Թեկնածուները միասին հայտարարագրել են 551 անշարժ և 218 շարժական գույք։
198 թեկնածուներից 63-ը շարժական գույք չի հայտարարագրել։ Միևնույն ժամանակ, 47 թեկնածու հայտարարագրել է մեկից ավելի շարժական գույք։
Անշարժ գույքի մասով ևս կան զգալի տարբերություններ։ Ընդհանուր 551 միավոր անշարժ գույքը բաշխված է ոչ համաչափ։ 41 թեկնածու անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ 106 թեկնածու հայտարարագրել է մեկից ավելի անշարժ գույք։
Հայտարարագրված անշարժ գույքի քանակով առանձնանում են Վրույր Այվազյանը և Մհեր Տոնոյանը՝ 19-ական միավորով։ Անուշավան Մանուչարյանը հայտարարագրել է՝ 18, Արման Ավետիսյանը՝ 15, Նարեկ Կարապետյանը՝ 14, Հովհաննես Եգանյանը՝ 13 միավոր անշարժ գույք։ Երկնիշ թվով անշարժ գույք են հայտարարագրել նաև Արմեն Ղազարյանը, Էդգար Ղազարյանը, Արկադի Թամազյանը և Արման Պողոսյանը։
Շարժական գույքի քանակով հատկապես առանձնանում է Հայկ Ավագյանը՝ 13 միավորով։
Դաշինքի մի շարք թեկնածուներ հայտարարագրել են բաժնեմասեր, բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ այլ մասնակցություն ընկերություններում։
Ովքեր են աչքի ընկնում հայտարարագրերով
Եկամուտների, դրամական միջոցների և գույքի քանակի համադրությունը թույլ է տալիս առանձնացնել այն թեկնածուներին, որոնք աչքի են ընկնում իրենց հայտարարագրերով։
Հայտարարագրված եկամուտների ծավալով առանձնանում են Հայկ Վարդանյանը՝ շուրջ 184.4 մլն դրամ, Էդգար Ասատրյանը՝ շուրջ 175.8 մլն դրամ, Արամ Վարդևանյանը՝ շուրջ 164 մլն դրամ, Գոհար Սահակյանը՝ շուրջ 145.8 մլն դրամ, Սոնա Սարդարյանը՝ շուրջ 136.5 մլն դրամ։
Դրամական միջոցների մասով առավել աչքի է ընկնում Նարեկ Կարապետյանը, որի հայտարարագրած դրամական միջոցները դրամային համարժեքով գերազանցում են 1.6 մլրդ դրամը։ Մեծ ծավալի դրամական միջոցներով առանձնանում են նաև Մարիամ Կարապետյանը, Դավիթ Ղազինյանը, Արամ Վարդևանյանը, Արթուր Դանիելյանը, Տիգրան Սարդարյանը և Գագիկ Այվազյանը։
Անշարժ գույքի քանակով առաջատար են Վրույր Այվազյանը և Մհեր Տոնոյանը, իսկ շարժական գույքի քանակով՝ Հայկ Ավագյանը։
Ինչ հարցեր են մնում բաց
«Ուժեղ Հայաստան» դաշինքն իր ծրագրում ներկայացնում է, թե ինչպիսի տնտեսություն է պատկերացնում՝ արտադրող, արտահանող և բարձր արտադրողականությամբ աշխատատեղեր ստեղծող, մինչդեռ ծրագրի իրականացման հետ կապված մի շարք առանցքային հարցեր մնում են անպատասխան։
- Որքանո՞վ է իրատեսական ավելի քան 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը Հայաստանի աշխատաշուկայի ներկայիս ծավալի և ժողովրդագրական միտումների պայմաններում։
- Որտեղի՞ց պետք է այդ ծավալի ներդրումներ հոսեն դեպի մշակող արդյունաբերության, էներգետիկայի, ենթակառուցվածքների և մասնագիտական կրթության ոլորտներ։
- Ո՞ր շուկաների համար պետք է արտադրի Հայաստանը, և ի՞նչ մրցակցային առավելություն պետք է ունենա այդ արտադրանքը։
- Արդյոք պետական կառավարման և դատաիրավական համակարգերը կարո՞ղ են ապահովել այն կանխատեսելիությունը, որը պահանջում է արդյունաբերական նման ծավալի վերափոխումը։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 05/06/2026









