Տնտեսություն

«Խլացնող» հաջողություն․ 9 մլն դոլար հայկական «Կրիսպ» ստարտափին

Չնայած 2020 թ-ի մարտահրավերներին, «Կրիսպ» ստարտափ ընկերությունը, որն ունի դեռևս 4 տարվա պատմություն, այս տարվա սկզբին գրեթե եռապատկել է ներդրումների քանակը՝ հասցնելով այն 9 միլիոն դոլարի։

Համաշխարհային մի քանի խոշոր հիմնադրամների կողմից կատարած ներդրման մասին «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանն ասաց, որ այդ ներդրումը շատ կարևոր է և նա այն համարում է «Կրիսպի» մեծ ձեռքբերումներից մեկը:

«Գումարն ուղղվելու է ընկերության մարքեթինգի և վաճառքների առաջխաղացմանը, նաև պլանավորում ենք այս տարի ավելացնել մեր տաղանդավոր մասնագետների թիվը՝ ծրագրավորողներ, ինժեներներ և այլն, որոնք այժմ հարյուրն են ընկերությունում», – ասաց Մինասյանը։

Ներդրումների հետ կապված բանակցություններն ու աշխատանքները համընկել են պատերազմական օրերի հետ, սակայն ընկերությունը շարունակել է աշխատել և վերջնակետին է հասցրել նախաձեռնությունը։

Արտավազդն ասաց նաև, որ այս ներդրումը կարող է դրական ազդեցություն ունենալ և լավ օրինակ ծառայել հայկական այլ ընկերությունների համար․ «Երբ ստարտափը փորձում է գումար ներգրավել միջազգային հիմնադրամներից, արդեն լավ օրինակ է դառնում նաև այլ ընկերությունների համար, նաև համաշխարհային ներդրողները կսկսեն աստիճանաբար ճանաչել հայկական ընկերությունները»։

«Կրիսպը» դեռևս միակ հայաստանյան ընկերությունն է, որ ստեղծել և զարգացնում է այնպիսի ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է դառնում առցանց հանդիպումներում հեռացնել ձայնի կողմնակի աղմուկը՝ նպաստելով առցանց քննարկումների ավելի որակյալ ու արդյունավետ կազմակերպմանը։

«Այժմ ցանկանում ենք ստեղծել այնպիսի ծրագիր, որը վիդեոզանգերի ժամանակ, օրինակ Zoom-ով կամ այլ հարթակներով, կօգնի մարդկանց դառնալ ավելի «լավ խոսող»՝ հնարավորություն տալով նրանց փոխել բեքգրաունդը, հեռացնել կողմնակի ձայները, տեղադրել տարբերանշան, հագուստը փոխել, մազերը հարդարել և այլն»։

ՏՏ լուրերի ամերիկյան հայտնի TechCrunch պարբերականը նույնպես անդրադարձել է ընկերության ներդրմանը՝ զրուցելով համահիմնադիրների հետ: Ըստ համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի՝ անցյալ տարվա ընթացքում իրենց ակտիվ բաժանորդների թիվն աճել է 20 անգամ, կորպորատիվ բաժանորդների թիվը՝ 23 անգամ, իսկ պարբերական եկամուտը՝ 13 անգամ։

«Կրիսպն» այժմ ունի 1200 կորպորատիվ բաժանորդ, որոնց թվում աշխարհի խոշորագույն զանգերի կենտրոններ և այլ հայտնի ընկերություններ։

Տարեսկզբի դրությամբ ընկերությունը գնահատվում էր 120 մլն դոլարից ավելի։

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 03/03/2021