Կորոնավիրուսը, համատարած բացասական հետևանքներին զուգահեռ, ունի նաև լավ կողմեր։ Անցած տարվա համեմատ ավելացել է սեփական հեծանիվ ունեցողների թիվը, ինչն էլ իր հերթին նպաստել է հեծանվային մշակույթի զարգացմանը Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում։
Սրան զուգահեռ` աճել է վարձույթով հեծանիվների պահանջարկը մայրաքաղաքում։
«ՄԻՄՈ բայք» ընկերությունը, որը մայրաքաղաքում առաջինը ներդրեց bike sharing-ի մշակույթը` հնարավորություն տալով Երևանի բնակիչներին բջջային հավելվածի միջոցով հեծանիվներ վարձակալել, այս տարի հեծանիվների թիվն ավելացրել է՝ 100-ից հասցնելով 500-ի։
«Համաճարակի ընթացքում հեծանիվ վարողների թիվն ակնհայտորեն աճել է։ Հավանաբար, մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ ունեն արտակարգ դրության պայմաններում և դա օգտագործում են ֆիզիկապես ավելի ակտիվ լինելու համար»,- ասում է տնօրեն Ռոզա Աբրահամյանը։
Այնուամենայնիվ, հեծանիվը լավագույն փոխադրամիջոցն է նաև ֆիզիկական հեռավորություն պահպանելու տեսանկյունից, իսկ ոմանց համար՝ լավ առիթ դիմակ չկրելու համար։ Չէ՞ որ պարետատան որոշման համաձայն, բացօթյա տարածքում դիմակ չկրելու միակ տարբերակը հեծանվավարությունն է։
«Հեծանիվներն ամենապահանջվածն են Արաբկիր վարչական շրջանում։ Յուրաքանչյուր թաղամասում փորձում ենք հնարավորինս հավասար բաշխել հեծանիվների թիվը, սակայն մարդիկ մոբիլիզացնում են դրանք՝ ըստ իրենց երթուղիների․ հետևաբար, առավոտյան, կեսօրին և երեկոյան հեծանիվների գտնվելու վայրն ամբողջությամբ փոխվում է»,- ասում է Աբրահամյանը։
Ռոզա Աբրահամյանն ուրախությամբ նշում է, որ այս ընթացքում եղել են դեպքեր, երբ քաղաքացիները Երևանի տարբեր թաղամասերից զանգահարել ու խնդրել են, որ իրենց տարածքում ավելացվեն հեծանիվները։ Նա ասում է, որ կան բնակիչներ, որ սովորություն են ձևավորել հստակ օրերի ու ժամերի ընկերների հետ դուրս գալ հեծանվավարության։ Իսկ խնդիրներից նշում է, որ վարձակալությամբ տրվող հեծանիվները հաճախ վնասվում ու անփույթ վերաբերմունքի են արժանանում։
Վերջին ամիսներին սոցցանցերում ևս հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որտեղ օգտատերերը պատմում են, որ վերջապես սովորել կամ վերսկսել են հեծանիվ վարել։
Նրանցից է նաև երևանաբնակ Տաթև Գրիգորյանը։ Արդեն տևական ժամանակ է՝ ամեն առավոտ՝ 6։30-ի մոտակայքում, Տաթևն ամուսնու՝ Հրաչ Ամիրյանի հետ, շուրջ 6 կմ հեծանվավարելով, «Հայրենիք» կինոթատրոնից հասնում է Ազատության հրապարակ։ Եվ եթե ամուսնու համար արդեն 5 տարի շարունակ հեծանիվն անփոխարինելի փոխադրամիջոց է, ապա Տաթևի համար սա նոր զբաղմունք է, որը ձևավորվել է արտակարգ դրության արդյունքում։
«Հատկապես համաճարակի շրջանում առավոտը հեծանիվ վարելու ամենահարմար ժամանակն է․ մարդիկ քիչ են, օդն էլ ավելի մաքուր է։ Բացի այդ, այս ժամին մեր երեխաներն էլ քնած են ու գնալու ոչ մի տեղ չունեն»,- ասում է Տաթևը։
Հրաչն էլ հավելում է՝ համաճարակի ընթացքում հեծանվորդների թիվը զգալիորեն աճել է։
«Մեծից փոքր՝ կին, թե տղամարդ, բոլորը վարում են։ Շատ եմ ուրախանում այդ փաստից։ Համաճարակը կարծես ստիպել է, որ մարդիկ ավելի շատ մտածեն իրենց առողջության մասին, առավել ակտիվ լինեն։ Եվ հետո, այս շրջանում հեծանվային նման ակտիվությունը կոտրում է բոլոր այն կարծրատիպերը, թե իբր մարդու սեռը կամ տարիքը կապ ունեն այս փոխադրամիջոցի ընտրության հարցում»,- ասում է նա։
Հեծանիվների ու հեծանվորդների թվի աճին զուգահեռ՝ արդիական խնդիր է դարձել հեծանվային ուղիների բացակայությունը մայրաքաղաքում։ Այս հարցը բարձրացնում են թե՛ «ՄԻՄՈ բայք»-ի տնօրինությունը, թե՛ հեծանվորդները։
Երևանում համապատասխան ուղիների բացակայության պատճառով հեծանիվը դեռ չի կարող քաղաքին համապատասխանող փոխադրամիջոցների շարքում դասվել, հեծանվորդներն էլ չեն կարող առաջնային անվտանգության երաշխիք ունենալ։
Երևանի քաղաքապետարանից «Ամփոփ Մեդիային» տեղեկացրին, որ քաղաքում այժմ հստակ գծանշմամբ միայն մեկ առանձնացված հեծանվային արահետ կա՝ Կողբացի-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցի-Տերյան խաչմերուկ։ Սակայն խոսքն ընդամենը մի քանի տասնյակ մետրի մասին է, որն ավելի շատ մոդելային բնույթ ունի։
Ինչպես նշում են քաղաքապետարանից, սա դեռևս փոքրիկ ու սաղմնային քայլ է, որը չի լուծում խնդիրը, բայց քաղաքապետարանը նախատեսում է առաջիկա ծրագրերում անդրադառնալ նաև դրան՝ հեծանվային ուղիներ փնտրելու համար:
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան
Լուսանկարներն ու տեսանյութը` հեղինակի
COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր
- Արտակարգ դրության ազդեցությունը «Փոքր թատրոնի» վրա
- Դիանայի սթափությունն օգնեց չվարակել շրջապատին
- Հարությունը COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում
- Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին
#COVID19 #crisis
Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/07/2020