Իրավունք

Լանզարոտեի կոնվենցիա․ Միավորող փաստաթուղթ՝ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու համար

Coe.int

Մայիսի 8-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Արագածոտնում ձերբակալված տղամարդու մասին, որն իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել իր անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավապահներին դիմել էր տվյալ մարզից բնակչուհի, տեղեկացնելով, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 16-ամյա որդու նկատմամբ:

Սույն հաղորդագրությունն առանձնապես լայն քննարկման չարժանացավ հանրության շրջանում։ Կարելի է ասել՝ անգամ անտեսված մնաց։ Այսպես անարձագանք մնացին նաև այս ամիս Քննչական կոմիտեի կողմից տարածված երկու այլ նմանատիպ հաղորդագրություններ՝ կրկին անձանց մասին, որոնք անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել: Այս անգամ զոհերից մեկը 8, իսկ մյուսը՝ 14 տարեկան են։ ՀՀ Քննչական կոմիտեի կայքում նման հաղորդագրությունները բազմաթիվ են։ Կոմիտեյի պաշտոնական կայքի մի հատված ներկայացված է ստորև։

Եվ ահա, մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացնում է մի կոնվենցիա, որը, կարծես, ստեղծվել է մարդկությանը սթափեցնելու նպատակով, տեղեկացնելու` աշխարհում լայն թափ հավաքած մի երևույթի մասին, որը կոչվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնություն, և որը միավորում է պետություններին համատեղ ուժերով պայքարելու այդ չարորակ երևույթի դեմ։ Բայց Հայաստանում, պարզվում է, կա մի ստվար զանգված, որն այս ամենի մեջ դավադրություն է տեսնում՝ բողոքի ալիք բարձրացնելով և պահանջելով չեղարկել որոշումը։ Սույն հոդվածով «Ամփոփ Մեդիան» կփորձի բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կոնվենիցան և ինչու է այն կարևոր նաև Հայաստանի համար։

Քաղաքական և հասարակական քննարկումների օրակարգում «անսապասելիորեն հայտնված» Լանզարոտեի կոնվենցիա կոչվող փաստաթուղթը գուցե պակաս քննադատության արժանանար, եթե հայտնի դառնար իր ամբողջական՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա անվամբ։ Այնուամենայնիվ, չնայած խոսուն վերնագրին և վերոնշյալ դեպքերի առկայությանը, այն միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։

Լանզարոտեի կոնվենցիան ինչպես որ է

2007թ. հոկտեմբերի 25-ին ստեղծված, 47 պետությունների կողմից ստորագրված և 44 պետություններում ուժի մեջ մտած համաձայնագիրը Հայաստանի համար նորություն չէ․ պաշտոնական Երևանն այն առաջին անգամ ստորագրել է 2010թ․-ի սեպտեմբերի 29-ին, երբ Հայաստանում այլ քաղաքական էլիտա էր իշխում։ Այսօրվա Ազգային ժողովը պարզապես ավարտին է հասցրել մի համաձայնագրի վավերացում, որի նպատակն է՝

  • կանխարգելել և պայքարել երեխաների սեռական շահագործման և նրանց հանդեպ սեռական բռնության դեմ,
  • պաշտպանել սեռական շահագործումից և սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքները,
  • նպաստել ազգային և միջազգային համագործակցության զարգացմանը՝ երեխաների սեռական շահագործման և նրանց հանդեպ սեռական բռնության դեմ մղվող պայքարում։

Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին առաջարկվում է կատարել հստակ քայլեր՝ երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու համար։ Պարտավորություն է ձեռք բերվում հավաքագրել երեխաների հետ աշխատող անձանց, իրականացնել ուսուցում երեխաների համար, կազմակերպել իրազեկվածության մակարդակը բարձրացնող միջոցառումներ, ցուցաբերել օգնություն արդեն տուժածներին։

Եվրոպայում 5 երեխայից մոտավորապես մեկը տուժել է սեռական բռնության այս կամ այն ձևից։

Համաձայնագրի վավերացումը ենթադրում է քրեական պատասխանատվության ենթարկել երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարած անձանց։

Որպես հանցագործություն՝ համաձայնագիրը ներկայացնում է․

  • Սեռական բռնությունը՝ օրենքով սահմանված տարիքին չհասած երեխայի հետ սեռական բնույթի գործողություններով զբաղվելը, երբ կիրառվում են հարկադրանք, ուժ կամ սպառնալիքներ,
  • Մանկական մարմնավաճառությունը՝ երեխային նման ծառայության դրդելը ցանկացած նպատակով կամ այդ ծառայություններից օգտվելը,
  • Պանկական պոռնոգրաֆիան՝ արտադրությունը, տրամադրումը, տարածումը, ձեռքբերումը, ունենալը,
  • Պոռնոգրաֆիկ ներկայացմանը երեխայի մասնակցությունը՝ երեխային դրան մասնակցելու դրդելը կամ այդպիսի ներկայացմանը գիտակցված կերպով ներկայանալ,
  • Երեխային անբարոյականացնելը՝ սահմանված տարիքը դեռ չլրացած՝ երեխային սեռական բռնության կամ սեռական բնույթի գործողության դրսևորումներին ներկա գտնվելուն դրդելը,
  • Երեխաներին սեռական հարաբերությունների առաջարկություն անելը,
  • Կոնվենցիայով սահմանված որևէ հանցագործություն իրականացնելու համար այլոց միտումնավոր կերպով օժանդակելը կամ հրահրելը:

Հայաստան․ անհրաժեշտություն և արձագանք

Հաշվարկային տվյալներով՝ Եվրոպայում 5 երեխայից մոտավորապես մեկը տուժել է սեռական բռնության այս կամ այն ձևից, և դեպքերի 80%-ում բռնարարը երեխային ծանոթ մեկն է։

Որքան էլ անցանկալի լինի ընդունել՝ Հայաստանում այդ բռնությունները ևս բացառություն չեն։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների՝ 2015թ.-ի ընթացքում քննվել է սեռական հանցագործությունների վերաբերյալ 131 քրեական գործ, որից 84-ը կամ 64%-ը կատարվել է երեխաների նկատմամբ: Ինֆոգրաֆիկայում ներկայացված իրավիճակը 2016 և 2017թթ․ պակաս մտահոգիչ չէ։

Անհրաժեշտ է նշել, որ սրանք արձանագրված դեպքերն են, բայց փորձագետները վստահեցնում են, որ մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ այս թվերը չեն կարող ներկայացնել ամբողջական պատկերը։

Երեխաները տարիքային օբյեկտիվ միամտությամբ և ինքնուրույնության պակասով պայմանավորված՝ բախվում են (երբեմն՝ չգիտակցված կերպով) խնդիրների, որոնք տեղեկացված չլինելու հետևանքով ընկալում են ոչ թե գիտակցական, այլ զգայական մակարդակներում։

Նրանք, օրինակ, կարող են զգալ, որ ինչ-որ բան այն չէ, բայց չիմանալ՝ իրենց հետ կատարվող գործողությունը հոգատարությո՞ւն է, թե՞ բռնություն։ Նման դեպքերում հանցագործությունը կմնա չբացահայտված։ Միևնույն ժամանակ որևէ մեկը չի կարող հստակ ասել՝ արդյոք երեխայի կողմից բարձրաձայնված դեպքերի մասին համապատասխան մարմինները տեղեկացվո՞ւմ են։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որն ամենաշատը քննադատության արժանացավ, նպատակ ունի տրամադրել երեխային իր տարիքին և կարողություններին համապատասխան գիտելիք՝ սեփական օրգանիզմի մասին, ինչի հետևանքով ավելի ընդգծված կլինեն «կարելի»-ների և «չի կարելի»-ների սահմանները։

Կրթական ծրագիրը դեռևս մշակված չէ, սակայն կոնվենցիայի վավերացման մասին քննարկումներից պարզ է դառնում, որ հասարակության բոլոր շերտերը չեն, որ նպատակահարմար են գտնում այդ ճանապարհով երեխային հնարավոր ռիսկերից պաշտպանելը։ Սակայն պարզ չէ նաև, թե արդյոք հասարակության տվյալ հատվածը հասկանալի ձևաչափով բավարար իրազեկված է կոնվենցիայի նպատակի մասին։ Սոցիալական ցանցերում կատարված մեկնաբանությունները այլ բան են հուշում։

Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ հասարակության կրքերը բորբոքվեցին նաև Ազգային ժողովի ԲՀԿ կուսակցության անդամների զգայական ելույթներից հետո։ Մասնավորապես, խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն իր խոսքում՝ պնդելով, թե կոնվենցիայում կան վտանգ պարունակող դրույթներ՝ 1-4-րդ դասարանի երեխաներին ներկայացնում է իբրև «կաթից նոր կտրված երեխաներ», ում հեքիաթի փոխարեն պիտի սեռական շահագործումից պաշտպանություն սովորեցվի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ասում է, որ երեխաներին փոխանցվելու են հմտություններ, որոնք կօգնեն նրանց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգներն ու ռիսկերը ճանաչել և ինքնապաշտպանվել․
«Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմխելիությունը։ Սրանք դժվար բառեր են, և ինչպես հասկանում եմ՝ դժվարամարսելի նաև որոշ չափահաս քաղաքացիների հանար»։

Պատգամավորի խոսքով՝ խնդիրը երեխայի տարիքին, կարիքներին, ունակություններին, հետաքրքրություններին հարմարեցված գիտելիքի տրամադրումն է, թե ինչպես ճանաչել չափահաս մարդկանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում և ինչպես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասկներից։

Ահա այն ամենը, ինչ նախատեսվում է սովորեցնել դպրոցներում խստորեն քննադատվող այս հոդվածի համաձայն՝ քաղաքացիներին ազատելով երեխաների նկատմամբ սեռական բռնության մասին հերթական լուրը կարդալու կամ լսելու հեռանկարից։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան

Ինֆոգրաֆիկան՝ Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Հավելյալ աղբյուրներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/05/2020