Տնտեսություն

Հայաստան-ԵԱՏՄ. գործարք առանց շահույթի

Լուսանկարը` President.am

Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ) լիիրավ անդամ, շարունակում է չնչին օգուտներ ստանալ այս միությունից: Մինչդեռ արդեն 4 տարի է անցել այն օրվանից, երբ երկրի նախագահը երկրի ապագան կապեց ԵՏՄ-ի հետ, անսպասելիորեն հրաժարվելով ԵՄ ասոցացման համաձայնագրից: Չկայացած գործարքը կարող էր ընդլայնել Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները: Իսկ դրա համար կային բոլոր նախադրյալները, քանի որ Բրյուսելը գլխավորում էր Երեւանի արտաքին առեւտրային գործընկերների ցանկը: Ի՞նչ փոխվեց այդ ժամանակվանից, երբ Հայաստանը նախապատվությունը տվեց ԵՏՄ-ին, որոշել են պարզել Աստղիկ Գեւորգյանն ու Սուրեն Դեհերյանը:

Հրաժարվելով մի հնարավորությունից հանուն մեկ ուրիշ հնարավորության` Հայաստանը հայտնվեց բարդ իրավիճակում: Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վիճակագրության, 2017թ. առաջին 5 ամիսների դրությամբ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ ապրանքաշրջանառությունը անդամ-երկրների միջեւ, կազմել է 20.5 մլրդ դոլար, որը 28.2%-ով ավել է 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, Հայաստանի մասնաբաժինը մյուս երկրների շարքում ամենաչնչինն է` կազմելով ընդամենը 0.9%:

Այս առումով, «Ելք» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը նշել է, որ ԵՏՄ-ին ինտեգրումը սխալ էր, եւ Եվրասիական միությունն օգուտ չի տվել Հայաստանի տնտեսությանը: «Հայաստանը պետք է սկսի ԵՏՄ կազմից դուրս գալու գործընթացը», -նշել է խմբակցության առաջնորդներից, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա գործընկերները վստահեցնում են. այս բողոքը հասցեագրված է երկրի գործող իշխանություններին, որպեսզի նրանք ուշքի գան եւ պաշտպանեն երկրի շահերը:

image-3384

ԵԱՏՄ լիիրավ անդամ. անունը կա, ամանում չկա

Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015թ.: ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Երեւանում հունիսի 6-ին տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետություն. 2 տարի ԵԱՏՄ կազմում» կլոր սեղանի ընթացքում նշեց մի շարք դրական տեղաշարժեր, օրինակ` Հայաստանից արտահանման աճը, ներմուծվող ապրանքների գների նվազումը եւ վճարային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատումը: Մինչդեռ նախարարը խոստովանեց, որ կան բազմաթիվ այլ ցուցանիշներ, որտեղ առաջընթացն այդքան էլ ակնհայտ չէ, եւ այդտեղ անելիքները դեռ շատ են. «Մեծ ներուժ կա, որը դեռ օգտագործված չէ», – վստահեցրեց Գաբրիելյանը:

ՀՀ-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը կազմում է 620 միլիոն դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս թիվը 21.3%-ով ավել է 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն այս առեւտրաշրջանառության առյուծի բաժինը` 97.6% կամ ավելի քան 605 միլիոն դոլար, Ռուսաստանի հետ կատարվող առեւտուրն է:

Նույն հանդիպման ժամանակ նշվեց նաեւ, որ 2016թ. Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 50%-ով: Գուցեւ այդպես է, սակայն բանն այն է, որ «արտահանում ԵԱՏՄ տարածք» արտահայտությունը շատ հարաբերական է: Այս դեպքում Հայաստանից արտահանման 95%-ը` 371 միլիոն դոլար արժողությամբ, ուղարկվել է Ռուսաստան: Արտահանման ցուցանիշները աճել են նաեւ դեպի Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան, սակայն երկրի ընդհանուր արտահանման աճի վրա էական ազդեցություն չեն ունեցել: ԵԱՏՄ այս երեք անդամ-երկրների հետ ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 14.8 միլիոն դոլար: Այս երկրները չեն մտնում Հայաստանի առեւտրային գործընկերների 20-յակի մեջ: Կարեւոր է նշել նաեւ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ավելի շատ ներկրում է (2.4%), քան արտահանում (0.9%): Իսկ Հայաստանի փոխադարձ առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ շրջանակներում կազմում է երկրի ողջ արտաքին առեւտրաշրջանառության ընդամենը շուրջ 30%-ը:

Միության 5 անդամ-երկրներից միայն Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՏՄ մյուս երկրներից որեւէ մեկի հետ, ինչն էական դժվարություններ է առաջացնում բեռնափոխադրումները կազմակերպելու հարցում: Մեկ այլ խոչընդոտ է կոռուպցիան Հայաստանից Ռուսաստան սահմանային մաքսակետերում: Այս մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են արտահանողները` նշելով, որ սահմաններին կատարվում են ապօրինի գանձումներ:

image-3385
Ձախից աջ` ՀՀ ՄՏԻԲ նախարար Վաչե Գաբրիելյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան, (Բիշկեկ, 14.04.2017թ.) Լուսանկարը` President.am

 

Հայաստանի արտաքին առեւտուրը մինչեւ ԵԱՏՄ-ին միանալը

Մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանը կայուն ապրանքաշրջանառություն է ունեցել, մասնավորապես, եվրոպական երկրների հետ։ Ղազախստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը միշտ եղել է աննշան մակարդակի: Հայ գործարարները ներգրավված չեն եղել ղազախական, ղրղզական եւ բելառուսական շուկաներում, նրանց հիմնական ուղղությունները եղել են Եվրոպան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Կանադան: Այդ է պատճառը, որ բավականին դժվար է նոր շուկաներ մտնելը: Խնդիրը դժվար լուծելի է դառնում նաեւ այն պատճառով, որ այդ երկրների արտադրանքները մրցունակ եւ նախընտրելի չեն: Եվ սա միայն Հայաստանի հետ առեւտրային հարաբերություններին չի վերաբերում, այլ նաեւ Բելառուս-Ղազախստան, Բելառուս-Ղրղզստան եւ Ղրղզստան-Ղազախստան փոխադարձ առեւտրին: Ապրանքաշրջանառությունն այս երկրների միջեւ շատ թույլ է, այնուամենայնիվ, նկատվում է որոշակի աճ:

Ըստ առեւտրային ցուցանիշների` Հայաստանի ներուժը ԵԱՏՄ շրջանակներում սահմանափակվում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությամբ: Եվ միության ձեւավորման նախնական փուլում Երեւանը փորձում է խորացնել այդ հարաբերությունները: Նման իրավիճակում անհարկի է խոսել ներդրումների ներգրավման, տուրիզմի զարգացման կամ աշխատանքային միգրացիայի մասին Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ հարաբերություններում:

Առեւտրաշրջանառությունը ԵՄ հետ

Եվրամիության հետ Հայաստանի առեւտուրը 2017թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է մոտ 531 միլիոն դոլար: Սա 15%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եվ չնայած ընդհանուր անկմանը, Եվրամիության հետ առեւտուրը շարունակում է զգալի տեղ զբաղեցնել Հայաստանի արտաքին տնտեսական կապերում, մասամբ շնորհիվ այն բանի, որ Հայաստանն ընդգրկված է այն երկրների ցանկում, որոնք օգտվում են ԵՄ արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից (GSP+), որը գործում է 2014թ-ից եւ ապահովում է արտոնյալ առեւտրային ռեժիմ մի շարք պետությունների համար (չի վերաբերում Ռուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին): 2017 թ. մարտին Հայաստանն ու Եվրամիությունը, այնուամենայնիվ, նախաստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիր: Կողմերը հայտարարեցին, որ պայմանագիրը հիմնված է «ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի հետագա համագործակցության վրա, ինչը կամրապնդի քաղաքական երկխոսությունը եւ ամուր հիմք կստեղծի տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների շարունակականության համար»: Նախատեսվում է համաձայնագիրը վերջնականապես ստորագրել մինչ 2017թ. ավարտը:

ԵԱՏՄ ներուժն ու ռիսկերը

ԵՏՄ-ն այսօր աշխարհին առաքում է հանքահումքային եւ վառելիքաէներգետիկ ապրանքներ (արտահանման 60.6%) եւ ներմուծում պատրաստի տեխնոլոգիական արտադրանք (43.3%), ինչը փաստում է ԵՏՄ-ի արդյունաբերական պոտենցիալի ցածր եւ անմրցունակ մակարդակի մասին:

ԵՏՄ կանոնադրության 35-րդ հոդվածի համաձայն` Միության անդամ-երկրները չեն կարող առանձին առեւտրային պայմանագրեր կնքել երրորդ երկրների հետ: Սա Հայաստանի տնտեսությանը մեծապես հարվածող հոդված է, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵՏՄ-ի հետ, իսկ իր հիմնական առեւտրային գործընկերների հետ կապվում է Վրաստանի միջոցով: Ստացվում է այնպես, որ Հայաստանը ինքնուրույն չի կարող ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրեր կնքել Վրաստանի կամ Իրանի հետ` առեւտրատնտեսական հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հայաստանում ընդդիմադիր կարծիքներ կան, որ նման սցենարը վկայում է այն մասին, որ Եվրասիական միությունն օգուտ չի տալիս երկրի տնտեսությանը եւ վտանգում է նրա ինքնիշխանությունը: «Ելք» խմբակցությունը համոզված է, որ պետք է անհապաղ սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը: Այնուամենայնիվ, փոփոխության նախաձեռնողները, առնվազն առեւտրային ուղղության տեսանկյունից, հազիվ թե մեծ աջակցություն ունենան, քանի որ ԱԺ 105 մանդատից ընդամենը 9-ն է պատկանում տվյալ խմբակցությանը:

Սույն հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ Sova.News տարածաշրջանային լրատվական կայքում` այստեղ

Փորձագետի կարծիք



Հավելյալ հղումներ`

Ամփոփեցին Աստղիկ Գեւորգյանն ու Սուրեն Դեհերյանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn