«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ հոկտեմբերի 25-ին Մեղրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված՝ իշխանությունն ակտիվ աշխատանքներ է տանում համայնքապետի պաշտոնում իր թեկնածուին ունենալու համար:
Թերթի պնդմամբ՝ պատճառը «ԹՐԻՓՓ» նախագիծն է և դրա շրջանակում նախատեսվող հողահատկացումների գործընթացը, որը գործադիրը ցանկանում է չձախողել։ Նյութն արտատպվել է նաև մի շարք այլ լրատվամիջոցների կողմից (1 2 3 4 5 6 7):
Ampop.am-ը ստուգել է՝ արդյո՞ք «ԹՐԻՓՓ» նախագծի շրջանակում արդեն նախատեսված են կոնկրետ հողահատկացումներ, և գործող օրենսդրությամբ ինչ լիազորություններ ունի համայնքի ղեկավարը նման գործընթացներում:
Ի՞նչ է «ԹՐԻՓՓ» նախագիծը
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման վերաբերյալ համատեղ հռչակագիր։
Այնուհետև, 2026-ի հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակը։
ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ այն ներկայացնում է նախագծի իրականացման շրջանակը և չի ստեղծում ու նպատակ չունի ստեղծելու իրավական պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
Փաստաթղթով նախատեսվում է «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության ստեղծում, որը պետք է զբաղվի Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ենթակառուցվածքների նախագծերի իրականացմամբ։
Հայաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերության հիմնմանը, այդ թվում՝
- երկարաժամկետ հողօգտագործման իրավունքների,
- գործող ենթակառուցվածքային ակտիվների,
- կարգավորիչ աջակցության,
- թույլտվությունների արագացված ընթացակարգերի,
- ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ֆինանսական ներդրումների միջոցով։
Միաժամանակ, փաստաթղթում չեն նշվում կոնկրետ հողամասեր, դրանց գտնվելու վայրը կամ հողերի տրամադրման վերաբերյալ ընդունված որոշումներ։
Ի՞նչ է ասում օրենքը հողերի օտարման մասին
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բացառիկ դեպքերում, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով, սեփականության օտարումն իրականացվում է միայն օրենքով սահմանված կարգով և նախնական ու համարժեք փոխհատուցմամբ։
Այս գործընթացը կարգավորվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով։
ՀՀ Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածը ևս սահմանում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի օտարումն իրականացվում է միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում և նախնական ու համարժեք փոխհատուցմամբ։
Սակայն, «ԹՐԻՓՓ» նախագծի վերաբերյալ հրապարակված իրականացման շրջանակը որևէ տարածք չի ճանաչում հանրության գերակա շահ, և նման որոշում այս պահին հրապարակված չէ։ Հետևաբար, վերոնշյալ իրավական կարգավորումները կարող են կիրառվել միայն այն դեպքում, եթե ապագայում օրենքով սահմանված կարգով ընդունվի համապատասխան որոշում։
Պետական և համայնքային հողերի տրամադրման, օտարման, նպատակային նշանակության փոփոխության և օգտագործման կարգը կարգավորվում է բացառապես Հողային օրենսգրքով։
Կարո՞ղ է արդյոք համայնքի ղեկավարը կանխել նախագիծը
Շինարարության թույլտվությունների տրամադրումը և նախագծերի համաձայնեցումը տեղական մակարդակում իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Քաղաքաշինության օրենսգրքի և կառավարության համապատասխան որոշումների պահանջներին համապատասխան։
Այնուամենայնիվ, գործող օրենսդրությունից չի բխում, որ համայնքի ղեկավարը կարող է իր միանձնյա որոշմամբ կանխել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացումը։
Ուսումնասիրված փաստաթղթերից նույնպես չի բխում, որ նախագծի շրջանակում արդեն ընդունվել են Մեղրիում կոնկրետ հողահատկացումների վերաբերյալ որոշումներ կամ որևէ տարածք ճանաչվել է հանրության գերակա շահ։
Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարն ունի որոշակի լիազորություններ համայնքային հողերի կառավարման և շինարարական ընթացակարգերի մասով, սակայն նման խոշոր ծրագրերի իրականացումը կախված չէ միայն նրա որոշումներից։
Եթե ապագայում նախագիծն իրականացվի օրենքով նախատեսված ընթացակարգերով (այդ թվում՝ հանրության գերակա շահի հիմքով), ապա գործընթացը կիրականացվի պետականորեն սահմանված մեխանիզմներով, և համայնքի ղեկավարն ինքնուրույն չի կարող այն կանխել։
Ամփոփում
Հրապարակված փաստաթղթերն ու գործող օրենսդրությունը չեն հաստատում, որ այս փուլում «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացումը իրավականորեն կախված է Մեղրիի համայնքապետի ընտրության արդյունքից։
Հեղինակ՝ Գոհար Սարգսյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 07/08/2026









