Արցախում դժվար է գտնել որևէ տուն, որտեղ տարին առնվազն 2-3 անգամ ժենգյալով հաց չթխեն։ Սա գերդաստանով հավաքվելու, ժենգյալով հացը տնական գինու հետ վայելելու, անցած-գնացած օրերը հիշելու ամենահարմար առիթն է։
Չնայած տարվա ցանկացած եղանակի ժենգյալով հաց թխողներ լինում են, բայց այն իր սեզոնն ունի։ ժենգյալով հացի միջուկը 10-15 տեսակի կանաչեղեն է պարունակում։ Սակայն կարևոր բաղադրիչը՝ ճռճռոկը, աշնանն ու գարնանն է լինում։ Այն, ինչպես և այս ուտեստի մեջ օգտագործվող կանաչեղենի մեծ մասը դաշտերից է հավաքվում։
Արցախում գրեթե բոլոր կանայք ժենգյալով հացի բաղադրատոմսը գիտեն։ Իսկ ահա այն թխելու համարձակություն բոլորը չէ, որ ունենում են։ Լավ ժենգյալով հաց թխելու հարցում ոչ գրականությունը, ոչ էլ հարևան-բարեկամների խորհուրդները չեն օգնի. ասում են՝ պետք է այնքան փորձել, որ ձեռքդ վրա ընկնի։
Ուտել սիրում են բոլորը, թխել կարողանում՝ ոչ բոլորը
Արցախի Մեծ Թաղեր գյուղից Ազոխ հարս գալուց առաջ տիկին Գոհարը շատ անգամ է «քննություն հանձնել»։ Չստացված ժենգյալով հացերի քանակը չի հիշում, բայց այսօրվա պես հիշում է՝ կոշտ ալյուրը շաղախում, շաղախում էր ու այդպես էլ նորմալ խմոր չէր ստացվում։
Տարիներ անց ալյուրն էլ փոխվեց, ժենգյալով հացերի տեսքն էլ։ Փայտի վառարանի վրա թխվող ժենգյալով հացի հոտը դպրոցից տուն վերադարձող որդին՝ Գուրգենը, դարպասների մոտից էր առնում։ Տիկին Գոհարն ամեն անգամ ժենգյալով հաց թխելիս հիշում է որդու խոսքը՝ անուշ հոտեր եմ առնում, մաման տանն է…
Գուրգենը հիմա չկա, արցախյան ազատամարտի ժամանակ զոհվել է, ու տիկին Գոհարի համար կյանքը բաժանվել է երկու մասի՝ Գուրգենի օրոք և հետո…
Տիկին Գոհարի ժենգյալով հացի ամենամեծ երկրպագուն հիմա էլ աղջկա կրտսեր որդին է՝ Հայկը։ Թոռան ուրախությանը չափ չի լինում, երբ ժենգյալով հացի անունը լսում կամ հոտն առնում է։ Չի սպասում հովանա, վառարանի վրայից տաք-տաք վերցնում և ուտում է։
Թե գյուղի գործերի հետ որքան հաճախակի է ստացվում ժենգյալով հաց թխել, տիկին Գոհարը դժվարանում է պատասխանել, բայց խոստովանում է՝ թոռներին մերժել չի կարողանում. եթե անգամ ձմեռվա կեսին մեկի սիրտը ժենգյալով հաց է ուզում, տան դիմացի այգուց ինչ կարողանում՝ հավաքում ու մի քանի հատ թխում է։
Արցախում դրան ասում են սըրտուզիլիք [հեղ․ սրտի ուզելիք]
30 տարվա ընթացքում տիկին Գոհարը ժենգյալով հաց թխելու մեջ վարպետացել է։ «Ժենգյալով հացը լավ է ստացվում, եթե խմորը նուրբ ու առաձգական է լինում։ Այդ դեպքում կարողանում ես լավ բացել, բարակացնել խմորը։ Իսկ ժենգյալի [հեղ․ միջուկի չափը] քանակությունն արդեն ճաշակի հարց է։ Մարդ կա շատ ժենգյալով է սիրում, մարդ կա՝ քիչ»,- ասում է նա։
Ինքը, սովորաբար, միջուկի մեջ 16-17 տեսակի կանաչեղեն՝ ժենգյալ է լցնում, բայց դա, իհարկե, սեզոնին։
Ժենգյալով հացի համար նախատեսված սենյակն արդեն պատրաստ է, քանի որ շուտով սեզոնի բացումն է լինելու։ Հենց հողի վրա նշմարվեն ճռճռոկի առաջին թաղերը, հաջորդ օրը տիկին Գոհարի բացած ժենգյալով հացի սեղանի շուրջ կրկին կհավաքվեն հարևաններն ու բարեկամները։
«Ժենգյալով հացի հետաքրքրությունն ընկերովի թխելու և ուտելու մեջ է։ Ինչի՞ կլինի նման, եթե թխես ու մենակ նստես ուտես», ասում է տիկին Գոհարը։
Փառատոնների ակտիվ մասնակից տիկին Գոհարն Արցախում անցկացված գրեթե բոլոր փառատոններին՝ գինու, նռան, թթվի, մասնակցում է։ Թթուն իր ձեռքով նախօրոք դնում, գինին պատրաստում, ժենգյալով հացն ու թուռնավ հացն էլ մի օր առաջ է թխում։
Արդեն քանի տարի է՝ փառատոնից մի օր առաջ հարևաններով հավաքվում, տիկին Գոհարին օգնում են, որ ներկայացվելիք տեսականին փաթեթավորի։ «Ձևավորումը միշտ մեր հարևան Արթուրն է անում Վահեի՝ թոռանս հետ միասին։ Ամեն անգամ մի հետաքրքրիր բան մտածում են, որ իմ տաղավարն առանձնանա»,- ասում է նա։
2015թ.-ին, երբ առաջին անգամ ժենգյալով հացի փառատոն է անցկացվել, տիկին Գոհարը լավ պատրաստված գնացել է։
60 ժենգյալով հաց գյուղում թխել, ևս այդքանի խմոր ու կանաչեղեն էլ հետն էր տարել։ Ծաղկաշատից Ազոխ հետ է բերել միայն փեսայի պատրաստած ու փառատոնի մասնակից հյուրերի ուշադրության կենտրոնում հայտնված ոչ սովորական վառարանը։
Հիշում է՝ մինչ երկրի նախագահը հետաքրքրվում էր իր թխած ժենգյալով հացի մեջ առկա կանաչեղենի տեսականիով, տեսախցիկավոր մարդիկ սաջի (չուգունից ուռուցիկ հարմարանք, որի վրա ժենգյալով հաց են թխում) շուրջն էին հավաքվել։
Այդ օրը տիկին Գոհարն իր թխած ժենգյալով հացի համն անգամ չի հասցրել փորձել. թխածը տանում էին անմիջապես սաջի վրայից։
Առջևում գինու ամենամյա փառատոնն է։ Տիկին Գոհարը մոշի գինին պատրաստել ու մասնակցության հրավերին է սպասում։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Լուսանկարները` հեղինակի և տիկին Գոհարի անձնական արխիվից
Կարդացեք նաև
Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 07/09/2020