Ընտրություններ

#ԱԺ2018. Խորհրդարանական արտահերթ ընտրությունների թարմացվող լրահոս

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Ամփոփ մեդիան ներկայացնում է դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքը` ժամանակագրությամբ: Այս էջում կարճ հաղորդագրությունների տեսքով ներկայացվում է ընտրություններին վերաբերող կարևոր իրադարձությունները: Լրահոսն իր մեջ ներառում է տեղեկություններ՝ դեկտեմբեր 9-ի առավոտյան՝ ժամը 8-ից, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում բացվեցին բոլոր ընտրատեղամասերը, մինչև կեսգիշեր, երբ ԿԸՀ-ն կներկայացնի ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները: Լրահոսում առկա ակտիվ հղումների միջոցով կարող եք սկզբնաղբյուրից հավելյալ տեղեկություն ստանալ կոնկրետ իրադարձության վերաբերյալ:

8:00 – ՀՀ տարածքում մեկնարկել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Բացվել են հանրապետության 13 ընտրատարածքների 1998 տեղամասերը: Թվով 12 ընտրատեղամաս բացվել է քրեակատարողական հիմնարկներում: Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է:

9:38 – Ընտրություններն ընթանում են բնականոն հունով. ԿԸՀ

10:00 – Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները: Քվեարկությունը դադարեցվել է մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկներ ստանալը. Անկախ դիտորդ

10:00 – Ընտրության ընթացքը հիմնականում հանգիստ է: Որոշ ընտրատեղամասերում կան կուտակումներ:

10:04 – Ընտրատեղամասերի 48%-ը հարմարեցված չէ տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց համար. Ականատես

11:00 – Ընտրությանը մասնակցել է 201 250 մարդ, կամ ընտրողների 7.76%. ԿԸՀ:

11:10Անճշտություն ընտրական ցուցակում. Աջափնյակ վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքի 6/29 ընտրատեղամասում ընտրողների թիվը նշված է 1831, գրանցված ընտրողների թիվը՝ 1835 է:

11:10 – 9/47 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

«Անկախ նրանից, թե ով  ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել, այսօր տանը նստելն է: Պետք է գնալ և քվեարկել»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:

11:26 – «Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, առայժմ արտառոց  դեպքեր չեն եղել: Մեկ, երկու դեպք եղել է հոսանքազրկման հետ կապված, սակայն շատ արագ շտկվել է իրավիճակը: Ընտրակաշառքի մասին ոչ մի տեղեկություն չունենք»,- Արթուր Վանեցյան:

12:00Կրկնաքվեարկության դեպք՝ Հրազդանի 26/14 տեղամասում: Երկրորդ անգամ քվեարկելու փորձ արած երիտասարդը ուղեկցվել է ոստիկանության բաժանմունք:

12:52 – Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցեց քվեարկությանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

13:37 – Վարչապետը կոչ է անում գնալ ընտրությունների. Ֆեյսբուքյան ուղիղ միացում:

13:51 – Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը կապ չունի ընտրությունների հետ. Փաշինյան

14:00 – Քվեարկությանը մասնակցել է 636 հազար 55 մարդ, կամ ընտրողների 24.53%:

14:00 – «Ականատես» դիտորդական առաքելությունն այս ժամի դրությամբ ստացել է  հաղորդում՝ 23 խախտումների վերաբերյալ: Գրանցվել է կողմնակի անձանց ներկայության 7 դեպք, քվեարկության գաղտնիության խախտումների 4 դեպք, ընտրական տեղամասի կողմից խախտումների արձանագրման մերժման 7 դեպք, ընտրողին օգնության տրամադրման՝ 2, բաց քվեարկության՝ 2, ընտրողների քվեարկության ուղղորդման՝ 1 դեպք։

14:08 – Կոտայքի մարզի Ձորաղբյուրի թիվ 29/45 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Սարքը չկարդաց Սերժ Սարգսյանի մատնահետքը: Սարքը չէր ճանաչել նրա մատնահետքերը նաև նախորդ` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

14:50 – Ոստիկանությունն պարզաբանում է տվել  6/29 ընտրական տեղամասում ցուցակների անճշտության մասին: Հաղորդագրության մեջ նշված է, որ անճշտության պատճառ կարող է լինել Տեղական ընտրական հանձնաժողովի թույլ տված վրիպակը: Այս մասին բացատրություն պետք է տա հանձաժողովի նախագահը: Նշենք, որ տվյալ ընտրատեղամասի ցուցակում բացակայում էր 4 ընտրողի անուն»

15:00ՄԻՊ գրասենյակը 37 ահազանգ է ստացել: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող անձանց ընտրական իրավունքի իրացմանը և մի շարք այլ խնդիրներին:

15:00 – ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Նահիմա Լանջրին նշում է, որ ընտրություններն ընթանում են նորմալ, իսկ իրենց ընդհանրական կարծիքն ընտրությունների վերաբերյալ կներկայացնեն արդեն վաղը՝ ասուլիսի ընթացքում:

Դիտորդը տեսանկարահանել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք: Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ. «Անկախ դիտորդ»

15:19 – Արարատ քաղաքի 13/5 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկել է առանց գրանցվելու: Դիտորդների հորդորով՝ հանձնաժողովի նախագահ Գևորգ Մանուկյանն արձանագրեց փաստը: «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»-ի դիտորդ Նարեկ Մկրտումյանը գրանցամատյանում նշեց, որ նույն ընտրաատեղամասում «Իմ քայլը» դաշինքից 3 վստահված անձ է եղել. մեկին դուրս են հրավիրել` հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելուց հետո:

15:42 – ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում: Լրագրողների հարցին, թե նա իչպես է վերաբերում հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Դա կլինի քարոզչություն, օրենք եք խախտում»: Նա քարոզչություն որակեց նաև հարցը, թե ինչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ:

16:08 – ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակից ահազանգում են, որ Վանաձոր քաղաքի մի շարք ընտրական տեղամասերում խախտումներ են նկատվել։ Ըստ հաղորդագրության՝ վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, վստահված անձանց տեսադաշտում մնալով, կատարում են արդեն հայտնի քվեարկությունը:

17:00 – Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 39.54 %-ը կամ 1 մլն 25 հազար քաղաքացի. ԿԸՀ:  2017թ.-ի ԱԺ ընտրությունների նույն ժամանակահատվածում քվեարկությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցողների 50.93% կամ 1 մլն 317 հզր 936 ընտրող: 

17:06 –  Ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով ՀՀ գլխավոր դատախազությունը նախապատրաստում  է նյութեր: Դրանցից 27-ն առնչվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձին (ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդված), 4-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված): Դատախազության աշխատանքային խումբը  ժամը 13.00-ի դրությամբ քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացել է ահազանգ  64 դեպքի մասին: 

17:35 – «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Բաբկեն Չիլինգարյանը հայտնում է, որ նույն դաշինքի թեկնածու Երջանիկ Հակոբյանը ընտրատեղամաս է եկել իր նախընտրական բուկլետը ձեռքին: 

18:00 – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այժմ գտնվում է «Երևան» ՔԿՀ-ում, չի գնացել քվեարկության, թեպետ ուներ քվեարկության իրավունք: Նշենք, որ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում բացվել է մեկ ընտրատեղամաս, որոնք կգործեն մինչև 20:00-ն:

18:15 – Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն  այսօր՝ Ժամը 20:00-ից հետո: ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանի  խոսքով` էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին` Երևանի ժամանակով 08:00-ից, և ավարտվել է դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունի ընդամենը 729 ՀՀ քաղաքացի:

18:17 –  ՔԺՎԿ նախընտրական շտաբը բացահայտել է մի շարք խախտումներ: Հիմնական խնդիրը վերաբերում է վարկանիշային թեկնածուներին. ԿԸՀ կայքում հրապարակված նրանց համարները չեն համընկել ընտրաթերթիկի վրա հրապարակված համարների հետ: Կուսակցությունում այժմ արձանագրություններ են կազմվում, որոնք կուղարկվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

18:22 – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ: Դրանք մեծ մասամբ վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրն ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը:

18:25 – ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ՝ կապված Ազգային Ժողովի ընրությունների հետ: ՊՆ-ն պարզաբանումներ է տվել նաև տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ զինվորները ընտրատեղամասեր են մուտք գործել «շարային քայլով»: «Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում»,- ասված է հաղորդագրության մեջ:

18:38 – Ըստ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի՝ այս ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական են անցնում, քան նախկին ԱԺ ընտրությունները: Բայց, ըստ նրա, ավելի վատն են, քան սեպտեմբերի 23-ի ավագանու ընտրությունները: Տեղամասերի 70-80 տոկոսում, որտեղ խախտումներն են արձանագրել հանձնաժողովների նախագահները ՀՀԿ կուսակցությունից են:

19:04 – ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները ժամը  18:00-ի դրությամբ ստացել են 12 հաղորդում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ: Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

20:00 – Ավարտվեց ՀՀ պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Արդյունքների հաշվարկը սկսվել է։

20։00Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում ։Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 35-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն: 

21:00 – Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 48.63 %-ը կամ  1 մլն 260 հազար 840 մարդ։

21։00 – Քվեարկությունից հետո հոսանքազրկվել է  Սպիտակ քաղաքն ու մարզի մի շարք բնակավայրեր։  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է  տարածել այն մասին, որ հոսանքի անջատումների հետ կապված ուժեղացված ծառայություն է սահմանվել Սպիտակ քաղաքի բոլոր ընտրատեղամասերի մոտ:

21:20 –  Էջմիածնում գտնվող 14/09 ընտրատեղամասում հաշվարկները մեկնարկել են` 300 քվեաթերթիկից ավելի քան 90%-ը քվեարկած 4-րդ համարի օգտին։

21։53 -Ոստիկանությունն  այսօր ընտրախախտումների վերաբերյալ 144 հաղորդում է ստացել, դրանցից 36-ը Երեւանում, իսկ 108-ը` մարզերում:

22։44 –  Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին․

«Այստեղ բազում են խնդիրները: Իրականում մասնակցությունը ցածր չէ և ոչ էլ բարձր է: Երկրորդ, մենք պետք է իմանանք, թե որ թվից ենք հաշվում այդ տոկոսը: Համացանցում էլ բազմաթիվ են պնդումներն այն մասին, որ իրականում երկրում գտնվող ընտրողների թիվն ավելի փոքր է քան ավանդաբար ընդունվել է որպես հիմք հաշվարկի համար»:

22։55 – ԿԸՀ նախնական տվյալներով «Իմ Քայլը» առաջատար է։

#շարունակելի

Ամփոփ մեդիա

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 09/12/2018