Առողջություն

Քոս, սիֆիլիս, տրիխոմոնիազ․սեռավարակները չբուժելու հետևանքները

Հայաստանում 2018թ․ սեռավարակներով հիվանդ է եղել 41 900 մարդ։ Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ տասը տարվա ընթացքում սեռավարակներով հիվանդների քանակն ամենաշատը եղել է 2015թ․-ին՝ 51 300 մարդ։

Սեռավարակներից պաշտպանված լինելը վերարտադրողական առողջության պահպանման բաղադրիչներից է։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերարտադրողական առողջությունը կյանքի բոլոր փուլերում վերարտադրողական համակարգին առնչվող ֆիզիկական, հոգևոր և սոցիալական բարեկեցության վիճակ է, ոչ թե միայն հիվանդության կամ արատի բացակայություն։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում տարածված սեռավարակների եռյակը գլխավորում է կանդիդոզը կամ սնկային հիվանդությունը։ 2018թ․ կանդիդոզով վարակված է եղել 21 985 մարդ։ Դրան հաջորդում է գարդներելիոզը՝ 10 515 դեպքով։ Եռյակը փակում է տրիխոմոնիազը՝ 3 167 հիվանդով։

Սեռավարակներով հիվանդները շատ են հատկապես մայրաքաղաք Երևանում․ 10 հազար բնակչի հաշվով՝ 243 հիվանդ։ Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու և Սյունիք մարզերում ևս սեռավարակներով հիվանդացությունը քիչ չէ։ Մարզերից այս ցուցանիշով առաջատարն Արմավիրն է՝ 173 հիվանդ։

Սեռավարակները չբուժելու դեպքում տղամարդկանց մոտ կարող են առաջացնել ամլություն, հանգեցնել շագանակագեղձի բորբոքման, մահվան։ Իսկ կանանց մոտ կարող են առաջացնել արտարգանդային հղիության, արգանդի վզիկի քաղցկեղի, պտղի զարգացման արատների, ինքնաբեր վիժումների, վաղաժամ ծննդաբերության, անպտղության, փոքր կոնքի օրգանների սուր բորբոքումների։

Սեռավարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործել պահպանակ, խուսափել պատահական սեռական հարաբերություններից, իսկ կասկածելի սեռական հարաբերություններից հետո դիմել բժշկի։ Սեռավարակի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է զուգընկերների համատեղ բուժում։

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 19/11/2019