Միջազգային

Արաքս Փաշայան․ «Լիբանանահայերի վիճակը հիմա դժոխային է․ պետք է ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար»

Հզոր պայթյունները, որոնք տեղի ունեցան օգոստոսի 5-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում, ավելի քան 100 զոհի և 4 հազար մարդու տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալու պատճառ դարձան։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհերից 11-ը Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչներ են։

Հիվանդանոցները լցված են վիրավորներով: Զոհվածների թիվը կարող է աճել, քանի որ պայթյունից ամբողջությամբ փլված կամ վնասված շինություններում դեռ շարունակվում են փրկարարական և որոնողական աշխատանքները։

Հզոր պայթյունները որոտացել են մի երկրում, որը խորը ճգնաժամային ցնցումներ էր ապրում վերջին շրջանում թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Տարվա սկզբին գնաճը Լիբանանում հասել էր գրեթե 60%-ի, իսկ ազգային արժույթը՝ լիբանանյան ֆունտը, դոլարի նկատմամբ ընկել էր 80% -ով։

Լիբանանի քաղաքական ներկապնակի ուժերից է «Հիզբալլահը»՝ ռազմաքաղաքական ուժ, որը ԱՄՆ-ի և ԵՄ երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական, ինչի հետևանքով նվազել է այս երկրի աջակիցների թիվը։

Իսկ նախորդ տարվա հոկտեմբերից 6,8 մլն բնակչություն ունեցող Լիբանանում մեկնարկել էին բողոքի ցույցերը կոռուպցիայի և վատթարացող տնտեսական ճգնաժամի դեմ, որոնք նոր թափ առան հատկապես COVID-19 հետևանքով տնտեսության առավել վատթարացման հետևանքով։

Արաբագետ Արաքս Փաշայան

Պայթյունների հետևանքների, Լիբանանում առկա ճգնաժամը դիմագրավելու կարողության և հայկական համայնքին անհապաղ աջակցելու կարևորության մասին «Ամփոփ Մեդիան» զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ, ով այս օրերին մշտապես կապի մեջ է լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

– Ինչպիսի՞ն էին քաղաքական զարգացումները Լիբանանում մինչ այս պայթյունները։

– Վերջին քաղաքացիական պատերազմից (ավարտվել է 1989 թ․ Տաիֆում կնքված համաձայնագրով) տևական ժամանակ է անցել, բայց Լիբանանը այդպես էլ չկարողացավ, ինչպես ասում են՝ «մեջքը շտկել»։ Տասնամյակներով կուտակված տարաբնույթ խնդիրներ կան՝ վատ կառավարում, կոռուպցիայի բարձր ցուցանիշներ, սոցիալական անհավասարություն, ահագնացող արտաքին պարտք, սոցիալական անարդարություն, ենթակառուցվածքների անհամաչափ զարգացվածություն, միասնական տեսակետների ձևավորմանը շատ դեպքերում խոչընդոտող կրոնա-համայնքային կառավարման համակարգ, նաև՝ Լիբանանում տարածաշրջանային և միջազգային դերակատարների (Սաուդյան Արաբիա, Իրան, Թուրքիա, Իսրայել, ԱՄՆ, ԵՄ և այլն), աշխարհաքաղաքական շահերի բախում և այլն) մեծ ներգրավվածություն։

Վերջին տասնամյակների ամենանշանակալից դեպքերից են եղել` 2005 թ․ փետրվարի 14-ին ահաբեկչության հետևանքով Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը և 2005 թ․ փետրվար-ապրիլ ամիսներին տեղի ունեցած «Մայրիների հեղափոխությունը», որի արդյունքում, ըստ առաջ քաշված պահանջի, սիրիական զորքերը 2005 թ․ ապրիլին դուրս բերվեցին երկրից։ Տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթանակ տարավ սաուդամետ «Մարտի 14-ի դաշինքը», որի կորիզը Սաադ Հարիրիի «Ալ-Մուսթակբալ» կուսակցությունն էր, իսկ սիրիամետ «Մարտի 8-ի դաշինքը» («Հիզբալլահ» կուսակցությամբ) զբաղեցրեց երկրորդ տեղը։

Առանցքային իրադարձություններից էին՝ 2006 թ․ Իսրայելի և Հիզբալլահի միջև տեղի ունեցած պատերազմը, դրան հաջորդած կառավարական ճգնաժամերը, 2019 թ․ հոկտեմբերին սկսված քաղաքացիական հուզումները և այլն։

Այո, շիայական կրոնաքաղաքական և ռազմաքաղաքական շարժում համարվող «Հիզբալլահը» լիբանանյան քաղաքական խճանկարի կարևորագույն բաղկացուցիչներից է, որը գտնվում է տևական և, կարծես թե, մշտական դիմակայության մեջ Իսրայելի և նրա դաշնակից ուժերի ու պետությունների հետ։ Համարվում է, որ «Հիզբալլահը» վերջին շրջանում Լիբանանում սկիզբ առած քաղաքական և սոցիալ-տնտեսական նոր ճգնաժամի հաղթահարման ամենամեծ խոչընդոտներից մեկն է, քանի որ Արևմուտքից առկա է նրան ռազմաքաղաքական դաշտից դուրս մղելու հրամայական։

– Կկարողանա՞ արդյոք երկիրն ինքնուրույն դուրս գալ այս ճգնաժամից, թե՞ ոչ։ 

– Լիբանանին անհապաղ պետք է լայնածավալ միջազգային օժանդակություն, այլապես Լիբանանը դատապարտված է փլուզման կամ տևական ճգնաժամի։ Իր ներկա վիճակով Լիբանանն ինքնուրույն չի կարող հաղթահարել ահագնացող խնդիրները, որոնք գոյություն ունեն ամենատարբեր ոլորտներում։ Աղետի հարցում միջազգային օգնություն կլինի, բայց երկիրն ընդհանուր ճգնաժամից հանելու համար քաղաքական իրողությունները նշանակություն կունենան։

– Ո՞ր երկրները ձեռք կմեկնեն Լիբանանին, և ո՞ր երկրների օգնության առաջարկը կմերժի պաշտոնական Բեյրութը։

Կարծում եմ, Լիբանանը չի ընդունի Իսրայելի օգնության առաջարկը։

– Պաշտոնական Բեյրութը չի շտապում պայթյունների մեղավորներ փնտրել արևմուտքում կամ Իսրայելում։ Սակայն, հավանաբար, այս պայթյունները կօգտագործվեն հակառակորդների հետ կամ կողմից քաղաքական «մենամարտերում», համաձայն չե՞ք։

– Առայժմ դժվար է գնահատականներ տալ կամ հետևություններ անել, սակայն կան շատ «ագնոստիկներ», ովքեր կասկածանքով են վերաբերվում լիբանանյան պաշտոնական տեսակետին կամ էլ պայթունը համարում են ուղղորդված Իսրայելի, կարելի է ասել նույնիսկ Թուրքիայի, Իրանի կամ այլ ուժային կենտրոնի կողմից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիբանանը գտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների խաչմերուկներում՝ բնականաբար, ահաբեկչության տեսակետը նույնպես գոյության իրավունք ունի։


Կարդացեք նաև․ Ի՞նչն է հայտնի և ի՞նչն՝ անհայտ Բեյրութի պայթյունների մասին  


– Արդյոք այս պայթյունը թուլացրե՞ց «Հիզբալլահի» դիրքերը տարածաշրջանում, թե՞ վաղ է խոսել այդ մասին։

Կարծում եմ, ապակայունությունը Լիբանանի քաղաքական դաշտում կշարունակվի երկար ժամանակ։ «Հիզբալլահը», բնականաբար, կփորձի ամեն գնով պահպանել իր նախկին դիրքերը թե՛ երկրի ներսում և թե՛ տարածաշրջանային գործընթացներում։

– Ի՞նչ զարգացումներ սպասել Լիբանանի հասարակական-քաղաքական գործընթացներում։

Աղետի աշխարհագրությունը, առկա նյութական վնասները և զոհերի ու վիրավորների թիվն այնքան մեծ է, որ երկար ժամանակ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը զբաղված կլինեն հիմնականում աղետի հետևանքների վերացմամբ։ Բայց մեղավորներին պատժելու և պետությունը գրագետ կառավարելու պահանջներ, բնականաբար, կլինեն։

– Ի՞նչ դեր կարող է ունենալ պաշտոնական Երևանը, և ի՞նչ անհապաղ քայլեր պիտի ձեռնարկվեն։

Լիբանանի հետ կատարվածը չափից դուրս ցավալի է։ Մեր համար էլ ավելի ցավալի է տեսնել, թե ինչ դժվարությունների են բախվել լիբանանահայերը թե՛ այս օրերին, թե՛ վերջին շրջանում։ Սփյուռքի սիրտը համարվող Լիբանանի հայ համայնքի համար ստեղծված իրավիճակը նույնիսկ դժոխային կարելի է համարել։ Ընդհանրապես, մեր համայնքները Մերձավոր Արևելքում լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած, այդ թվում՝ անվտանգային։

․․․մեր համայնքները Մերձավոր Արևելքում լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած, այդ թվում՝ անվտանգային։

Լիբանանահայերի մեծ մասը բնակվում է Բեյրութում և Այնճար գյուղաքաղաքում։ Լիբանանում հայերի ոչ պաշտոնական թիվը մոտ 55 000 է։

Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Լիբանանին։ Հայաստանը և հայկական սփյուռքը պետք է անեն ամեն ինչ՝ օգնելու լիբանանահայ համայնքին այս ծանր օրերին վերագտնելու իրենց նախկին կյանքը։ Մյուս կողմից, Հայաստանը պետք է շարունակի հետևողականորեն աջակցել այն լիբանանահայերին, ովքեր ցանկանում են հաստատվել հայրենիքում, օգնել մինչև վերջ, որպեսզի նրանք չհիասթափվեն Հայաստանից՝ այդ գործի համար մեծ ռեսուրսներ ծախսելով։

Վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը հընթացս պետք է շարունակի ավելի սերտորեն համագործակցել ոլորտային մասնագետների հետ՝ Մերձավոր Արևելքում ՀՀ շահերին ու հետաքրքրություններին համապատասխանող հայեցակարգեր, օրակարգեր ու գործիքակազմեր ձևավորելու համար։

Հարցազրույցը՝ Կարինե Դարբինյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/08/2020