Կառավարության պահուստային ֆոնդից ԱԺ-ին կհատկացվի 892.6 մլն դրամ։ Նախագծի հիմնավորման համաձայն` հավելյալ դրամական միջոցների կարիքը կապված է Ազգային ժողովի պատգամավորների թվի ավելացման հետ։ Այս գումարից մոտ 403 մլն դրամը նախատեսված է պատգամավորների աշխատավարձերի, 301 մլն-ը` գործուղումների և մոտ 95 մլն-ը՝ պարգևավճարների համար։ Այս գումարը նախատեսված է նաև հավելյալ տեխնիկական սարքերի գնման և այլ ծախսերի համար։
Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին կալանքից ազատ արձակվեց: Այսպիսի որոշում ընդունեց դատավոր Դավիթ Գրիգորյանը: Մայիսի 13-ից մեկնարկած Մարտի 1-ի գործով դատավարության նախնական փուլում քննվում էր հենց Քոչարյանի խափանման միջոցի հարցը, քանի որ վերջինիս կալանքի երկարաձգման ժամկետը լրանում էր մայիսի 19-ին։ Երկրորդ նախագահին կալանքից ազատելու համար երաշխավորագիր էին ներկայացրել և 1 մլն դրամ գրավ վճարել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
Այս շաբաթ տեղի ունեցած դատավարության ընթացքում Քոչարյանը, առաջին անգամ ելույթ ունենալով, նշել էր, որ մամուլում տարածված տեղեկությունները, թե մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը օգտագործվել են ՀՀ իշխանությունների կողմից, իրականությանը չեն համապատասխանում։ Նա նաև նշել էր, որ մամուլի ազատությունը և ինտերնետը չեն սահմանափակվել։ Ըստ Քոչարյանի տեղեկությունների, սահմանափակվել էր միայն 9 հեռուստաընկերության աշխատանք։ Մինչդեռ լրատվամիջոցների ղեկավարները պնդում են, որ դա ճշմարտությանը չի համապատասխանում։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իր հերթին, հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Քոչարյանի պաշտպանները կեղծ փաստեր են տարածել։ Դատավարության ընթացքում դատարանի շենքի հարակից տարածքում հավաքված էին թե Քոչարյանին սատարողները, թե նրա դեմ արտահայտվողները։ Նրանց բաժանում էր ոստիկանության աշխատակիցներից կազմած պատնեշը:
Զբոսաշրջիկների հոսքի ավելացում ՀՀ-ում
Աշխատանքային այց Չինաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ից 16-ը աշխատանքային այցով Չինաստանում էր: Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։ Վարչապետը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը։ Նա չինական մի քանի ընկերությունների հետ քննարկել է Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները, իսկ որոշ գործարարներ էլ ապրանքաշրջանառության մեծացման պատրաստակամություն են հայտնել։ Չինաստանի նախագահը նշել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը։ MZTL ընկերությունն էլ պատրաստակամություն է հայտնել Հայաստանում սկսել վերելակների արտադրություն։
Խախտումների տուգանքները կփոխարինվեն միավորով
Մայիսի 17-ին Կառավարությունն ընդունել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթևեկության իրավախախտումների տուգանքները։ Համաձայն սույն փոփոխությունների՝ 100 իրավախախտումներից շուրջ 26-ի համար սահմանված տուգանքները կնվազեն: Նախագիծը նախատեսում է նաև ներդնել տուգանային միավորներ։ Վարորդական իրավունք ստանալուց հետո յուրաքանչյուր վարորդի տրվելու է 9 միավոր, որը յուրաքանչյուր խախտման դեպքում նվազելու է սահմանված միավորի/ների չափով: Նշված սահմանից քիչ միավոր ունեցող վարորդները կստանան տեսական քննություն հանձնելու հնարավորություն, իսկ պարբերական խախտումների դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից: Տուգանքների նվազեցման նախագիծը ԱԺ-ում պաշտոնական շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2014թ. ապրիլին:
Ամփոփ մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 18/05/2019