Քաղաքական

Հուլիսի 6-12․ էներգետիկ համակարգի խոշոր խափանում

Հուլիսի 10-ին հանրապետությունում զանգվածային հոսանքազրկում տեղի ունեցավ։ Էլեկտրաէներգիայի անջատումը սկսվեց ցերեկային ժամերին՝ մոտ 12։30-ից, իսկ ամբողջական վերականգնման մասին տեղեկություն տարածվեց երեկոյան 19։00-ին։ Այդ ընթացքում խափանումներով էին աշխատում նաև հեռախոսակապն ու ինտերնետ կապը։ Դադարեցվել էր մետրոյի աշխատանքը։ Որոշ համայնքներում դադարեցվել էր նաև ջրամատակարարումը: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ հաճախականության տատանումը տեղի էր ունեցել ամբողջ համակարգում։ Անջատվել են սկզբում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը, հետո՝ ավելի փոքր կայանները։ Տեղի ունեցածի պատճառները դեռ հստակ չեն։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը մի քանի վարկած էր նշել, որոնցից մեկն իրանական էներգահամակարգում առաջացած խնդրի սինքրոն փոխանցումը Հայաստանի էներգահամակարգին։ 

ԵԽ նախագահ Տուսկի այցը Հարավային Կովկաս

Հուլիսի 10-ին տարածաշրջանային այցով Հայաստանում էր Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Դոնալդ Տուսկը։ Երևանում ԵԽ նախագահը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որոնց ընթացքում ընդգծել է Եվրամիության պատրաստակամությունն աջակցել Հայաստանին՝ ստեղծելու արդյունավետ և հաշվետու դատական համակարգ և մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողով: Նա նշել է, որ այս նպատակով ԵՄ-ն պատրաստ է տրամադրել փորձագիտական և այլ օժանդակություն։

Տուսկը հավելել է, որ ԵՄ-ն գումար կտրամադրի Հայաստանին՝ ենթակառուցվածքային և բնապահպանական ծրագրերի համար, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման հարցում։ ՀՀ վարչապետի ու ԵԽ նախագահի համատեղ հայտարարության մեջ խոսվեց նաև Ղարաբաղյան հակամարտության հարցում ԵՄ դիրքորոշման մասին, այն է՝ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, արդար և տևական հանգուցալուծմամբ։ 

Հիշեցնենք, որ հունիսին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ ԵՄ-ն 2019թ․ Հայաստանին նախատեսում է տրամադրել 65 մլն եվրո աջակցություն, ինչն ըստ նախարարի, «կտրականապես աճել է 2018-ի և առավել ևս 2017-ի համեմատ»։

Կենսաթոշակը 10%-ով կբարձրանա

Հուլիսի 11-ին կառավարությունն ընդունեց 2020-2022թթ․ Հայաստանի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Համաձայն այդ ծրագրի՝ 2020թ-ի հունվարից 560 հազար քաղաքացու համար կենսաթոշակները կբարձրանան 10%-ով: Այս որոշումը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի 25 մլրդ դրամ: 

Սեպտեմբերի 1-ից նախատեսվում է նաև ուսուցիչների աշխատավարձի բարձրացում։ Կառավարության որոշմամբ 3 մլրդ դրամ էլ կհատկացվի 1988թ-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները լուծելու համար։

Լրատվամիջոցը տուգանվել է զրպարտության համար

Դատարանը հուլիսի 3-ին մասնակի բավարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի: Դատարանը պարտավորեցնում է Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել Politik.am կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» և «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հոդվածներում տվյալների առկայությունը: Ինչպես նաև, հօգուտ հայցվոր Ավինյանի՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, բռնագանձել 1մլն ՀՀ դրամ: Թամոյանը, սակայն  համաձայն չէ դատարանի որոշման հետ:

Տուրիստները Հայաստանում ավելի շատ գումար են ծախսում

Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ 2019թ․ առաջին կեսին Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 120 մլն դրամով ավելի շատ գումար են ծախսել։  Բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2019 թ. առաջին կեսին 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 75%-ով աճել է արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների գումարը սննդի կետերում, 32%-ով՝ հյուրանոցներում։

85 հազարով աճել է զբոսաշրջիկների թիվը՝ հասնելով 776 հազարի: ԿԲ նախագահի խոսքով՝ սրանով է նաև բացատրվում ակտիվությունն ու առաջարկն արտարժույթի շուկայում:

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 14/07/2019