Լրահոս

Հուլիսի 13-19. Բախումներ Իջևանում՝ ապօրինի անտառահատման համար

Հուլիսի 17-ին Իջևանում հարյուրավոր քաղաքացիներ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ցուցարարները պահանջում էին թույլ տալ Իջևանի անտառներում շարունակել ծառահատումները՝ փայտը վաճառելու նպատակով:

Բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածքներ ստացան 14 հոգի, որոնցից 12-ը՝ ոստիկան և 2-ը քաղաքացի։ Հարուցվել է քրեական գործ խուլիգանության, ինչպես նաև իրավապահ մարմնի ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։  22 անձ բերման է ենթարկվել, 13-ը՝ ձերբակալվել։ Իջևանում անկարգությունների գործով 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ոստիկանությունից հայտնում են, որ Իջևանում քաղաքացիների դժգոհության ալիքը մեծացավ այն բանից հետո, երբ ապօրինի ծառահատումը կանխելու նպատակով տեղադրվեցին ոստիկանության պահակակետեր այն հատվածներում, որտեղով կարող էին արտահանվել ապօրինի հատված ծառերը։ 

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը՝ բուռն քննարկումների թեմա

Հուլիսի 15-ին հանրության շրջանում բուռն քննարկումներ առաջացրեց Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որն անդրադառնում էր Հայաստանում դատաիրավական փոփոխություններին: Այն ոչ հանրային փաստաթուղթ էր, որն ուղարկվել էր ՀՀ կառավարությանը, սակայն հասանելի էր դարձել նաև նախկին իշխանությունների ներկայացուցիներին: Վերջիններս էլ հանրությանը տեղեկացրել են այդ մասին` սեփական մեկնաբանությունների ներքո: Ինչպես օրինակ արվել է «Իրավական ուղի» ՀԿ-ի էջում: Վերջինիս համահիմնադիր է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Վենետիկի հանձաժողովի արձանագրության մեջ նշվում են մի շարք կետեր Հայաստանում դատաիրավական գործընթացների վերաբերյալ, այդ թվում հանձնաժողովի  պատվիրակության և ՀՀ իշխանությունների միջև այն համաձայնության մասին, որով վերջիններս հրաժարվել են հանընդհանուր վեթինգի գաղափարից` փոխարենը ուժեղացնելով դատավորների  կարգապահական ընթացակարգերը և գույքային հայտարարագրումը։ 

Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործը ուղարկել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով

Սահմանադրական դատարանը հուլիսի 18-ին կասեցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դիմումների վարույթները և դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ու Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու։ Այսպիսով՝ ՍԴ-ն չի կողմնորոշվում՝ արդյոք սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ 300․1 հոդվածը, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե ոչ։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՍԴ-ն վարույթ էր ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել նշված հոդվածի սահմանադրականությունն ու նախագահի անձեռնմխելիության հարցը։ 

Սևանա լիճը ինքնամաքրվում է

Սևանա լճում արդեն կարելի է լողալ։ Այս մասին հուլիսի 18-ի կառավարության նիստում նշել է Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նրա՝ հուլիսի 15-ին լճի 11 տարբեր տարածքներից վերցրել են փորձանմուշներ, միայն 2-ում եղել են փոքր շեղումներ նորմայից, ինչը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման դինամիկան լավն է։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավելել է, որ Սևանա լճում առաջացած խնդրի պատճառներն են բնակլիմայական փոփոխությունները, կեղտաջրերի և ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսք, անասնապահությունը։ Նախարարը նշել է, որ նման խնդրից խուսափելու համար աշխատանքներ են տարվում կեղտաջրերի նվազեցման և լճի մակարդակի բարձրացման շուրջ։

105 մլն դրամ՝ զբոսաշրջության զարգացմանը

Պետբյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքում հավելյալ 105 մլն դրամ հատկացվել է Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար։ 

Այս գումարով նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 2 ուղղությամբ։ 15 մլն դրամով մարզերում կկառուցվեն ճանապարհային կայաններ։ Իսկ 90 մլն դրամով մարքեթինգային արշավներ կիրականացվեն թիրախային շուկաներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում։

ԲԴԽ-ը նոր նախագահ ունի

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 19-ին գաղտնի քվեարկությամբ նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին, ով ԲԴԽ անդամ էր ընտրվել հուլիսի 11-ին:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ը առանց նախագահ էր մնացել մայիսի 24-ից՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո։

Սույն ընտրություններից անմիջապես հետո հրաժարական տվեց ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը՝ չնայած ավելի վաղ ԲԴԽ նիստում որոշում էր կայացվել, որ վերջինս կարող է իրականացնել իր լիազորությունները, քանի որ նիստերից բացակայությունները հարգելի են։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 21/07/2019